ՀՀ ՇՄ նախարարը 2 տարի ժամկետով ընտրվեց COP17-ի նախագահ
2 րոպեի ընթերցում

Երևանում պաշտոնապես մեկնարկեցին ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի աշխատանքները։ Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը համաժողովի բացման լիագումար նիստում 2 տարի ժամկետով ընտրվեց COP17-ի նախագահ՝ ստանձնելով միջազգային հանրության համատեղ աշխատանքն առաջնորդելու պատասխանատվությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս առիթով նախարարը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Շնորհակալ եմ Կոնվենցիայի կողմերին՝ Հայաստանի և իմ նկատմամբ ցուցաբերած վստահության համար։ Այս պատասխանատվությունը ստանձնում եմ բոլոր կողմերին անաչառ ծառայելու, յուրաքանչյուրի ձայնը լսելի դարձնելու և մեր համատեղ ջանքերը շոշափելի արդյունքների վերածելու հանձնառությամբ։
Բացման ելույթում ընդգծել եմ՝ Երևանում ունենք բացառիկ հնարավորություն գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և համաձայնեցնելու հետագա կոնկրետ քայլերը։ Մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է արագացնել աշխատանքը՝ ստանձնած հանձնառությունները վերածելով իրական փոփոխությունների։Հայաստանի նախագահությունը գործելու է բաց երկխոսության, ներառականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով։
Մեր խնդիրն է կամրջել տարաձայնությունները, ձևավորել համաձայնություն և ապահովել բոլորի մասնակցությունը՝ կառավարություններից մինչև երիտասարդներ, գիտական հանրությունից մինչև մասնավոր հատված»,– գրել է Համբարձում Մաթևոսյանը՝ հավելելով՝ թող Երևանը դառնա այն հանգրվանը, որտեղ ընդհանուր հանձնառությունները վերածվում են համատեղ գործողությունների՝ հանուն բնության, ներկա և գալիք սերունդների։