Կրթություն

Արաքսիա Սվաջյանը նշանակվել է ՀՊՄՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

4 րոպեի ընթերցում

Արաքսիա Սվաջյանը նշանակվել է ՀՊՄՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է բուհի տարածած հաղորդագրությունից։ 

«ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Մանկավարժականում կայացած  Գիտական խորհրդի արտահերթ նիստում ներկայացրել է համալսարանի ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին։ Վերջինս այդ պաշտոնում առաջադրվել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում անցկացված քվեարկության արդյունքներով»,– ասված է հաղորդագրության մեջ։ 

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ Արաքսիա Սվաջյանն ունի Մանկավարժական համալսարանում դասախոսական և հետազոտական աշխատանքի երկարամյա փորձ։ Նախարարությունում աշխատելու տարիներին ևս շարունակել է իր կապը համալսարանի հետ՝ դասավանդելով և լինելով Հոգաբարձուների խորհրդի անդամ։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթության ոլորտում, այդ թվում՝ նախադպրոցական կրթության ուղղությամբ, Արաքսիա Սվաջյանի ունեցած փորձն ու իրականացրած աշխատանքը կարևոր նախադրյալներ են համալսարանի ղեկավարման համար։

Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել Արաքսիա Սվաջյանին՝ ընդգծելով, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, Մանկավարժական համալսարանը և Նախարարությունը շարունակելու են համագործակցել իրենց  գործունեության շրջանակում։

ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը  նաև վերահաստատել է համալսարանին աջակցելու պատրաստակամությունը։

ՀՊՄՀ ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և առանձնացրել առաջիկա աշխատանքների երեք հիմնական ուղղություն՝ բուհական կրթության որակի բարելավում, հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտներում իրականացվող աշխատանքների շարունակություն, ինչպես նաև հետազոտական գործունեության զարգացում։ Նշված ուղղություններով համալսարանն ունի մեծածավալ աշխատանք կատարելու անհրաժեշտություն․

«Վստահ եմ՝ մեզ բարդ, բայց արդյունավետ ճանապարհ է սպասվում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Լիլիթ Մկրտչյանին՝ համալսարանի համար կարևոր ժամանակահատվածում բուհին միանալու, ճգնաժամային շրջանում բնականոն գործունեությունն ապահովելու համար և շնորհավորել նրան՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ բարձրագույն կրթության բարեփոխումները Կառավարության ծրագրի կարևոր ուղղություններից են։

«Առջևում մեծ աշխատանք կա, և ուրախ եմ, որ Լիլիթ Մկրտչյանն այդ աշխատանքում ևս լինելու է մեր թիմի անդամներից մեկը։ Նոր պաշտոնում նա շարունակելու է իր ներդրումն ունենալ ոչ միայն Մանկավարժական համալսարանի, այլև երկրի մյուս բուհերի զարգացման գործում»,-  նշել է Ժաննա Անդրեասյանը։

Լիլիթ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար, նաև համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրն իր տեղում ունեցել է կարևոր դերակատարում բուհի բնականոն գործունեության ապահովման և առաջընթացի գործում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում