Հայաստան

ՀՀ ԿԳՄՍ նախարարը մասնակցել է եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությանը

5 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարը մասնակցել է եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությանը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ապարանի արվեստի դպրոցում ներկա է եղել եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությանը։ Կինոդիտումը կազմակերպվել է ազգային փոքրամասնությունների «Տանիքը՝ Հայաստան» փառատոնի շրջանակում, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Միջոցառմանը ներկա են եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ալագյազի համայնքապետ Ջասմ Մախմուդովը, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի, ինչպես նաև եզդիական համայնքի ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում նշել է, որ «Տանիքը՝ Հայաստան» ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 4-ին՝ Ազգային փոքրամասնությունների օրվա շրջանակում։

«Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս կինոյի միջոցով ավելի լավ ճանաչելու Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին՝ բացահայտելով համայնքների գործունեությունը, ինչպես նաև մեր երկրում ապրող ժողովուրդների պատմությունը, մշակույթը, ինքնությունն ու կենսակերպը։ Առանձնակի կարևորություն ունի ծրագրի ապակենտրոնացված ձևաչափը և մշակութային միջոցառումների կազմակերպումը մարզերում, որը նախարարության ընդհանուր քաղաքականության կարևոր ուղղություններից է։ Այս խոսքերն առանձնահատուկ վստահությամբ եմ ասում Ապարանում, որն իր օրեցօր զարգացող և ավելի գրավիչ դարձող միջավայրով կարող է օրինակելի լինել մեր բազմաթիվ բնակավայրերի ու քաղաքների համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարի խոսքերն է մեջբերեված ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է վերականգնվող և նոր հիմնադրվող մշակութային և երիտասարդական միջավայրերում տարբեր միջոցառումների շարունակականության ապահովումը։

Անդրադառնալով «Տանիքը՝ Հայաստան» կինոծրագրին՝ նա կարևորել է ստեղծագործականության դերը հասարակության զարգացման գործում՝ հատկապես շեշտելով երեխաների ստեղծագործ ներուժի բացահայտման և խթանման անհրաժեշտությունը։ Նախարարի խոսքով՝   պետական և համայնքային տարբեր ծրագրերի շրջանակում ստեղծվող միջավայրերն ու տարածքները միտված են ստեղծագործական գործունեության խրախուսմանը, հանրային կյանքի ակտիվացմանը։

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը նաև ծանոթացել է Ապարան քաղաքի բարեկարգման աշխատանքներին և այցելել՝ նոր կառուցված այգի, որն արդեն դարձել է բնակիչների, այդ թվում՝ երեխաների ժամանցի և հանգստի վայր։

Կինոդիտման ավարտին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ևս խոսել է տպավորությունների մասին՝ նշելով, որ ֆիլմը բավականին հուզիչ և ազդեցիկ է: Նա նաև շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին։ Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 4-ը Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում անցկացվող «Տանիքը՝ Հայաստան» մեկամսյա կինոծրագիրը նվիրված է ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային բազմազանությանը, ինքնությանը և համայնքային կյանքին։ Կինոծրագիրը ներառում է 12 ցուցադրություն՝ ծրագրի պաշտոնական բացման ֆիլմը և Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների համայնքներին նվիրված 11 ֆիլմ, որոնք ներկայացնում են ՀՀ-ում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը, ավանդույթները, լեզուն, երաժշտությունը, ընտանեկան և համայնքային հարաբերությունները, պատմական հիշողությունն ու առօրյան։

Ծրագրի նպատակն է կինոյի միջոցով ստեղծել մշակութային ճանաչողության և կրթության հարթակ, նպաստել ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության ճանաչելիությանը, տարբեր համայնքների միջև երկխոսությանը և հասարակության ներսում փոխճանաչմանը։

Կինոցուցադրություններն անցկացվում են Երևանում, Արարատի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում