Հայաստանի ԿԳՄՍ և Իրանի սպորտի և երիտասարդության նախարարներն այցելել են Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ
4 րոպեի ընթերցում

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 9-ին շարունակել է այցելությունները կրթական և մարզական հաստատություններ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ Ահմադ Դոնիամալին այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական (ԵՕՀՊՄ) քոլեջ՝ ծանոթանալու հաստատության գործունեությանը, մարզիկների պատրաստության և կեցության պայմաններին, ինչպես նաև վերջին տարիներին իրականացված ենթակառուցվածքային բարեփոխումներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այցի ընթացքում պատվիրակությունը շրջել է քոլեջի ծանրամարտի մարզադահլիճում, ծանոթացել ուսումնամարզական գործընթացի կազմակերպման պայմաններին և գույքային հագեցվածությանը։ Ներկայացվել է նաև ըմբշամարտի և բռնցքամարտի մարզադահլիճներում ընթացող վերակառուցման աշխատանքների ընթացքը։
Ժաննա Անդրեասյանն ու Ահմադ Դոնիամալին այցելել են նաև քոլեջի հանրակացարանային հատված․ այստեղ բնակվում են ՀՀ մարզերի 170 ուսանողներ, որոնք պետության միջոցներով ապահովվում են կեցությամբ և օրական երեքանգամյա սննդով։

Ներկայում քոլեջն ունի ավելի քան 700 ուսանող, որոնք մարզչական կրթություն են ստանում ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի, բռնցքամարտի, աթլետիկայի, ֆուտբոլի և այլ մարզաձևերի ուղղություններով։ ԵՕՀՊՄ քոլեջի սպորտային գծով տնօրենի տեղակալ Վարդան Թովմասյանը ներկայացրել է սաների վերջին տարիների մարզական հաջողությունները՝ նշելով, որ յուրաքանչյուր տարի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում քոլեջն ավելի քան 30 մեդալակիր է ունենում:

Առանձին անդրադարձ է կատարվել ըմբշամարտում Հայաստանի և Իրանի միջև ձևավորված համագործակցության հարուստ ավանդույթներին։ Նշել է, որ վերջերս քոլեջը հյուրընկալել է իրանցի մարզիկների՝ համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացման նպատակով։ Հայ ըմբիշներն էլ ակտիվորեն մասնակցում են Իրանում կազմակերպվող միջազգային մրցաշարերին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Իրանի սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալին կարևորել են երկու երկրների միջև մարզական համագործակցության խորացումը, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպումը և երիտասարդ մարզիկների փորձի փոխանակման հնարավորությունների ընդլայնումը։
Պատվիրակության անդամները եղել են նաև քոլեջի թանգարանում՝ ծանոթանալով հաստատության պատմությանը, մարզական ավանդույթներին և ձեռքբերումներին։
Ահմադ Դոնիամալիի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Սպորտի կառավարման կենտրոն և կառույցի տնօրեն Խորեն Զարգարյանի ուղեկցությամբ ծանոթացել կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին և իրականացվող ծրագրերին և ենթակառուցվածքներին։

Հաջորդաբար ԻԻՀ սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց: Նախատեսվում են նաև այցելություններ Երևանի պետական համալսարան և Հայաստանի ազգային պատկերասրահ։