Սպորտ

Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավոր Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների ընտրանին

3 րոպեի ընթերցում

Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավոր Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների ընտրանին

Բարսելոնայի 1992 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Էլեն Բունիաթյանցը նշանակվել է Հայաստանի բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Բունիաթյանցը, որը մարզական հանրությանը հայտնի է նաև Էլեն Շակիրովա անունով, իր խաղային կարիերան սկսել է Աբովյանի «Հատիս»-ում։ Այնուհետև հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Դինամո»-ում, ինչպես նաև եվրոպական մի շարք ակումբներում։ 1989 թվականին Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում նա դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և նվաճել Լիլիան Ռոնկետիի գավաթը։

1991 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում Բունիաթյանցը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1992 թվականին ԱՊՀ միասնական հավաքականի կազմում նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ։ Նա մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի՝ Բարսելոնայում, Ատլանտայում և Սիդնեյում։ Եվրոպայի առաջնություններում նվաճել է չորս մեդալ՝ մեկ ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե։

Բունիաթյանցը մարզչական կարիերան սկսել է 2013 թվականին Կուրսկում՝ գլխավորելով «Դինամո-Ֆարմ» երիտասարդական թիմը։ 2014 թվականին նա ժամանակավորապես ստանձնել է նաև «Դինամո»-ի հիմնական թիմի գլխավոր մարզչի պարտականությունները։ Այդ մրցաշրջանում թիմն իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2017 թվականին նրա գլխավորությամբ «Դինամո-Ֆարմ»-ը  նվաճել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր։ Բարձրագույն դիվիզիոնում թիմը հանդես է եկել «Ինվենտա» անվամբ և 2017/18 մրցաշրջանում նվաճել Ռուսաստանի գավաթի բրոնզե մեդալը։

2019/20 մրցաշրջանում նա գլխավորել է Լեհաստանի Տորուն քաղաքի «Էներգա» կանանց թիմը, իսկ 2020 թվականին վերադարձել է Կուրսկ՝ որպես «Դինամո»-ի հիմնական թիմի գլխավոր մարզիչ։

2021-2024 թվականներին նա գլխավորել է Ղազախստանի տղամարդկանց «Ակտոբե» ակումբը։ 2021/22 մրցաշրջանում թիմն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Ղազախստանի ազգային լիգայի բրոնզե մեդալը, իսկ Բունիաթյանցը ճանաչվել է լիգայի լավագույն մարզիչ։ 2023 թվականին «Ակտոբե»-ն դարձել է նաև Ղազախստանի գավաթի բրոնզե մեդալակիր։ 2024-2026 թվականներին Բունիաթյանցը գլխավորել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Օմսկի կանանց «Նեֆտյանիկ-Տիտան» ակումբը։

2026 թվականին նրա վերջին աշխատավայրը եղել է Իրանի կանանց ազգային հավաքականը, որտեղ նա զբաղեցրել է գլխավոր մարզչի պաշտոնը։

Էլեն Բունիաթյանցի գլխավորությամբ Հայաստանի կանանց Մ20 հավաքականը կմասնակցի 2027 թվականի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարին, որը կանցկացվի հուլիսի 3–11-ը Ռումինիայի Տուլչա քաղաքում։

2028 թվականի հուլիսի 1-9-ը կանանց Մ20 Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարը կհյուրընկալի Երևանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում