Սպորտ

Երազում եմ «Նոա»-ի հետ հանդես գալ Չեմպիոնների լիգայում. Գոռ Մանվելյան

10 րոպեի ընթերցում

Երազում եմ «Նոա»-ի հետ հանդես գալ Չեմպիոնների լիգայում. Գոռ Մանվելյան

Երազողներինն է ապագան, մեծ երազանքներն իրականություն դարձնելու բերկրանքը, նոր ճանապարհներ բացելու երջանկությունը։ Հայկական ակումբային ֆուտբոլում այդ նոր ճանապարհներից մեկը հարթողը Երևանի «Նոա»-ն է՝ իր «հայկական մեծ երազանքով»։

Վերջին տարիներին «Նոա»-ն ներքին առաջնության առաջատարներից է՝ իր վրա վերցնելով փոփոխություններ բերելու պատասխանատվությունը:

«Նոա»-ի հիմնական կազմի ֆուտբոլիստներից է Գոռ Մանվելյանը, որը երեք տարի առաջ միացավ երևանյան ակումբին և այսօր թիմի հետ ապրում է ակումբի համար վճռորոշ, ինչու ոչ՝ պատմական փուլը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մանվելյանն անդրադարձել է «Նոա»-ին, ակումբի «հայկական մեծ երազանքին» և թիմի ներքին մթնոլորտին։

-Գոռ, նախ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք զրույցի համար: Ինչպե՞ս է սկսվել ֆուտբոլում Ձեր ճանապարհը:

-Ամեն ինչ սկսվեց նրանից, որ եղբայրս առաջինը սկսեց ֆուտբոլով զբաղվել։ Նա էր առաջինը, որ սկսեց մարզվել: Նրա հետ գնում էի մարզումներին ու սկզբում կողքից միայն նայում էի: Հենց ինքն եղել այն «պատճառը», որով սկսվեց ֆուտբոլում իմ ճանապարհը: Իմ մարզումային առաջին քայլերը եղել են 6 կամ 7 տարեկանում:

-Իսկ Ձեր եղբայրը պրոֆեսիոնալ ֆուտբոլում է:

-Ոչ: Խաղում է ինքն իր համար, սիրողական մակարդակում: Կարծում եմ, որ եղբայրս անկեղծորեն ուրախանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլում իմ հաջողություններով: Հիմա էլ հետևում է խաղերիս ու հպարտանում է այն հաջողություններով, որոնց հասել եմ:

-Ձեր առաջին թիմը ֆրանսիական «Նանտ»-ն է եղել: Ինչպե՞ս եք հիշում առաջին օրերն ու եղե՞լ է արդյոք մի պահ, որը որոշիչ է եղել Ձեզ համար ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ընտրելու հարցում:

-Գիտեք, հիմա էլ շատ լավ եմ հիշում այդ շրջանը: Ձմեռ էր, ու ես հանդես էի գալիս «Նանտ»-ի երկրորդ թիմում: Մարզիչս նամակ էր ուղարկել` ասելով որ հաջորդ մարզումս լինելու է պրոֆեսիոնալ թիմի հետ: Իհարկե, առաջին արձագանքս շատ ուրիշ էր` հուզմունք կար, լարվածություն: Բայց հոգուս խորքում շատ էի ուրախացել: Առաջին մարզումն էլ շատ լավ ընթացք ունեցավ: Առաջին իսկ պահից, երբ մարզումային դաշտ մտա, անցավ թե՛ լարվածությունը, թե՛ հուզմունքը: Արեցի այն, ինչին այդ պահին ունակ էի: Պրոֆեսիոնալ թիմի հետ մարզումների ընթացքում ժամանակի հետ հասկացա՝ եթե կարող են նրանք, ուրեմն ես էլ կարող եմ առաջ գնալ ֆուտբոլում:

-Գոռ, Դուք ծնունդով Լեռնային Ղարաբաղից եք, բայց փոքր տարիքում ընտանիքով տեղափոխվել եք Ֆրանսիա: Ինչ-որ բաներ հիշո՞ւմ եք այդ օրերից:

-Ցավոք, ոչինչ չեմ հիշում: Սակայն ուրախ եմ, որ ընտանիքի անդամները շատ են տեսանկարահանել ամեն ինչ, ու հիմա կարողանում ենք այդ կերպ հիշել այդ օրերը: Բայց հիմա էլ տանը արցախյան բարբառով ենք խոսում:   

-Նրանք, ովքեր ֆուտբոլային կարիերան սկսում են եվրոպական ակադեմիաներում, շատ հազվագյուտ է, որ կարիերայի մեկնարկին գալիս են առավել քիչ հայտնի առաջնություններ: Դուք «Նանտ»-ից հետո եկաք «Նոա»: Ինչո՞ւ, ինչպե՞ս  ու ի՞նչն էր Ձեզ դուր եկել «Նոա»-ի առաջարկի մեջ:

-Մինչ «Նոա»-ի առաջարկը ինքս էլ մտադիր էի կարիերաս սկսել ու շարունակել եվրոպական մակարդակում: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ ծանոթացա «Նոա»-ի նախագծին: Առավել շատ ինձ դուր եկավ այն մեծ գաղափարը, որի շուրջ այժմ համախմբված ենք: Իմ հետաքրքրությունը շարժեց այն, որ «Նոա»-ն նպատակ ունի դառնալ եվրոպական մակարդակի բարձրակարգ  թիմ: Հիմա կարող եմ հանգիստ ասել, որ իմ լավագույն որոշումներից մեկը, որ կայացրել եմ, «Նոա»-ին միանալն է:

-Մոտ երեք տարի է, ինչ «Նոա»-ում եք: Որո՞նք են մինչ այս ունեցած ամենահիշարժան պահերը:

-Այն մրցաշրջանը, երբ դարձանք հայկական Պրեմիեր լիգայի չեմպիոն ու նաև երկրի գավաթակիր: Հենց այդ մրցաշրջանում էր, որ նաև առաջին անգամ հանդես եկանք ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում:   

-«Նոա»-ի նախագիծը իսկապես բացառիկ է հայկական ակումբային ֆուտբոլում. «Հայկական մեծ երազանք»-ը, ինչպես կոչում է ակումբը այս նախագիծը: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ հեռանկարներ է ակումբը բացելու պատանի ֆուտբոլիստների համար:   

-Գիտեք, «Նոա»-ի նախագահը` Վարդգես Վարդանյանը, շատ նվիրված է ֆուտբոլին, ոչ միայն «Նոա»-ին, այլև հենց հայկական ֆուտբոլին: Այս նախագիծը միայն «Նոա»-ի զարգացման համար չէ, այլ հենց հայկական ֆուտբոլի ապագայի համար է: Լիահույս եմ, որ հետագայում էլ էլի կգտնվեն մարդիկ, որոնք նույն նվիրվածությամբ կհոգան հայկական ֆուտբոլի ապագայի համար:  

-Ի՞նչ երազանքներ ունեք «Նոա»-ի հետ:

-Երազում եմ «Նոա»-ի հետ հանդես գալ Չեմպիոնների լիգայում:

-Եկեք անդրադառնանք հայկական Պրեմիեր լիգային: Զարգացվածության ի՞նչ մակարդակ ունի Հայաստանի ներքին առաջնությունը:

-Եթե համեմատենք 3 տարի առաջվա ներքին առաջնության հետ, երբ նոր էի եկել Հայաստան, դրական փոփոխությունն ակնհայտ է: Հստակ զարգանալը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների համար շատ, շատ կարևոր է: Այլ մակարդակում խաղալով՝ առավել մոտիվացված ես լինում: Իսկապես, Պրեմիեր լիգայի մակարդակն այս տարիների ընթացքում աճել է, լիահույս եմ, որ նույն համաչափությամբ կշարունակի զարգանալ:

-Գոռ, արդեն իսկ անզիջում պայքար է գնում Հայաստանի չեմպիոնի կոչման համար: Առաջատարների խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում երկրպագուների շրջանում: Ձեր կարծիքով որո՞նք են այն թիմերը, որ կարող են «Նոա»-ի հետ չեմպիոնության համար պայքար մղել:

-Ինձ համար այս տարվա երկու ֆավորիտները, որոնք մրցունակ թիմեր են և մեզ համար մրցակից են, «Փյունիկ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն են: Մենք պետք է շարունակենք նույն կենտրոնացվածությամբ գործել ամեն մի խաղում, յուրաքանչյուր դրվագում:  Մենք հստակ գիտակցում ենք, որ որակապես կայուն թիմ ենք:

-Մրցաշրջանի մեկնարկից «Նոա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի` Պաբլո Գարսիան:

-Իրականում շատ հեշտ է նրա հետ աշխատելը, քանի որ նա սիրում է իր աշխատանքը, սիրում է այն ֆուտբոլիստներին, որոնց հետ աշխատում է: Նա նաև ազատություն է տալիս ֆուտբոլիստներին: Նրա առաջնորդությամբ լավ ենք գործում, ու վստահ եմ, որ ապագայում առավել մեծ հաջողությունների կարող ենք հասնել:

-Կա՞ արդյոք խաղային դիրք, որը բացահայտում է Ձեր ամբողջ ներուժը:

-Այո, ունեմ, դասական 10 համարի դիրքն է: Բայց, քանի որ ժամանակակից ֆուտբոլում 10 համարի դիրքում գործողությունները քիչ են, գործում եմ նաև 8 համարի դիրքում:

-Գալով Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին. 2024 թվականին կայացել է Ձեր նորամուտը ընտրանու կազմում։ Հավաքականի կազմում անցկացրել եք 14 հանդիպում, դարձել եք 1 գոլի հեղինակ: Ի՞նչ զգացողություններ ունեիք, երբ առաջին անգամ ազգային թիմի շապիկով դուրս եկաք խաղադաշտ:

-Ուրախություն էի զգում, միաժամանակ նաև հպարտ էի այդ պահով: Երկար եմ սպասել հավաքականում խաղալուն, ու ամեն ինչ մոռացա, երբ խաղադաշտ մտա: Ցանկությունս մեկն էր՝ վայելել այդ պահը, որը բացառիկ էր ինձ համար: Եթե ճիշտ եմ հիշում, պարտվեցինք իմ նորամուտի խաղում, սակայն, դրանից զատ, ես ընդհանուր առմամբ հպարտ էի այդ պահով:

-Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է, որ հավաքականում սերնդափոխություն է իրականացնում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ներուժ ունի Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այս պահին:

-Մենք իսկապես լավ ֆուտբոլիստներ ունենք, որոնք հանդես են գալիս թե՛ արտերկրում, թե՛ ներքին առաջնությունում: Որակապես էլ վատ թիմ չենք: Ինչպես Եղիշե Մելիքյանն է ասում,  հավաքականին ժամանակ է պետք կայանալու, կայուն խաղ ցուցադրելու համար:  

-Գոռ, ո՞վ է բոլոր ժամանակ լավագույն ֆուտբոլիստը:

-Քրիշտիանու Ռոնալդուն:

-Ասեք ինձ երեք ֆուտբոլիստի անուն, որոնց հետ կուզենայիք խաղալ նույն թիմում:

-Ռոնալդու, Մեսի, Նեյմար:

-Եվ փոխելով հարցերի ուղղվածությունը՝ ո՞ րն է մարդկային մեծագույն արժեքը, որը գնահատում եք դիմացինի մեջ:

-Հարգանքը դիմացինի նկատմամբ: Ինչպես նաև հավատարմությունն ու անկեղծությունը:

- Պատկերացրեք, որ Ձեր կյանքը կախված է մեկ 11 մետրանոց հարվածից, որը Դուք չեք իրացնելու: Ո՞ւմ կվստահեք այն:

-Ռոնալդուին:

- Եկեք պատկերացնենք, որ Դուք բռնել եք «ոսկե ձկնիկ»-ին ու ունեք 3 ցանկության հնարավորություն: Որո՞նք կլինեն դրանք:

-«Նոա»-ի հետ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում խաղալ, Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալ աշխարհի առաջնությունում ու երբեք վնասվածք չստանալ:

- Գոռ, Դուք հայտնվել եք անմարդաբնակ կղզում. ի՞նչ կամ ո՞ւմ կվերցնեք Ձեզ հետ:

– Հեռախոս, գնդակ ու օծանելիք (ծիծաղում է), իսկ մարդկանցից՝ ամբողջ ընտանիքիս։

-Անչափ շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում