Մարզումները, հավաքները, ջանասեր աշխատանքն այն գինն է, որը «վճարում ենք» մեդալի համար. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյան
6 րոպեի ընթերցում

Կանանց ծանրամարտը վերջին տարիներին նոր անուններ է տալիս երկրպագուներին ու համաշխարհային սպորտին: Այս մարզաձևն իր «գենետիկ հիշողությունն» ունի հայկական սպորտի աշխարհում, ու ընթացիկ տարին բացառություն չէր նոր անունների բացահայտման առումով: Մեծահասակների պայքարում Եվրոպայի չեմպիոնի կոչումն ընդամենը 19 տարեկանում նվաճեց Էմմա Պողոսյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա պատմեց ծանրամարտի ընտրության, Եվրոպայի առաջնության չեմպիոնության ու ազգային թիմի ներուժի մասին:

-Էմմա, եկեք սկսենք ամենասկզբից: Ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել ծանրամարտով:
-Կարծում եմ, ինչպես բոլորը, այնպես էլ ես, փոքր տարիքում շատ էինք դիտում ծանրորդներին կամ ծանրամարտի մրցաշարերը: Ես ապրել եմ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում, որտեղ չկա ծանրամարտի համար նախատեսված ոչ մի դահլիճ: Մեր գյուղում, հենց մեր փողոցում աղջիկներից մեկը մարզվում էր ծանրամարտով: Սկզբում, իսկապես գաղափար չունեի, թե ինչ է իրենից ներկայացնում ծանրամարտը: Ծնողներս` մասնավորապես հայրս, դեմ էր, իսկ մարզադահլիճը մեր գյուղում չէր, այլ երկու գյուղ հեռու, և տրանսպորտ էլ չկար: Կամ տատիկիս հետ էի ոտքով հասնում մարզադահլիճ, կամ էլ ճանապարհին մեքենաներին խնդրում էի, որ այդ երկու գյուղի ճանապարհը իրենց հետ տանեն: Եվ սկզբում էլ դժվար էր, քանի որ, երբ ծնողներս հակառակվում էին ու արգելում ծանրամարտի դահլիճ գնալու իմ ցանկությանը, շատ էի զայրանում: Ու երբ սկսեցի մեդալներ նվաճել պատանիների, երիտասարդների մրցաշարերում, արդեն իրենք էլ հարմարվեցին այս իրողությանը:
-Եղե՞լ է մի մրցաշար, որը բեկումնային եք համարում մարզաձևի ընտրության հարցում:
-Եթե անկեղծ, առաջին մի քանի մրցաշարերի ժամանակ, ոչինչ այդքան էլ հստակ չէր: Ինձ համար գիտեի մի բան. սիրում եմ ծանրամարտը, ու սիրում եմ քիչ-քիչ ավելացող ծանրաձողի հետ մրցելը:
-Ծանրամարտում կարևոր է տաղա՞նդը, աշխատասիրությո՞ւնը, թե՞ միայն երկուսի համադրությունը կբերի ցանկալի արդյունքի:
-Լավ մարզիկ դառնալու համար երկուսից էլ պետք է ունենաս: Տաղանդը պետք է, իսկ աշխատասիրությունն առավել ևս, որ զարգանաս: Ինքս կարծում եմ` տաղանդ ունեմ, բայց նաև պետք է աշխատեմ ինքս ինձ վրա:

-Ո՞րն է Ձեզ համար ծանրամարտի գեղեցկությունը:
-Իրականում անդադար ուսումնամարզական հավաքների մեջ լինելը ձանձրալի է: Բայց ամեն ինչ փոխհատուցվում է, երբ դուրս ես գալիս մրցելույթի աշխարհի, Եվրոպայի և կամ այլ առաջնություններում: Ամեն ինչ տեղն է ընկնում, երբ կարողանում ես մեդալակիր դառնալ: Մարզումները, հավաքները, ջանասեր աշխատանքն այն գինն է, որը «վճարում ենք» մեդալի համար: Այն կարծիքին եմ, որ մեր սերունդը ու մեզնից ավագ սերունդը ցույց են տալիս այս մարզաձևի գեղեցկությունն ու նվաճած մեդալներով հստակ է դառնում, որ ծանրամարտը նաև կանանց մրցաձև է:
-Այս տարվա մեկնարկը ձեզ համար բացառիկ հաջող էր: Բաթումում կայացած Եվրոպայի առաջնությունում դուք դարձաք մեծահասակների առաջնության չեմպիոն: Հիմա, երբ արդեն բավականին ժամանակ է անցել, ինչպե՞ս եք հիշում այդ, գուցե, պատմական պահը ձեզ համար:
-Դեռևս ամբողջապես չեմ հավատում, որ մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն եմ դարձել: Բայց հիմա կենտրոնացած եմ աշխարհի գալիք առաջնության վրա, քանի որ սա առաջին քայլը կլինի Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու համար: Ինչ վերաբերում է այս տարվա Եվրոպայի առաջնությանը, երբ վերջնական հայտերը հայտնի դարձան, ու տեսա որ նորվեգ ծանրորդը, որն այս` 86 կգ քաշային կարգում, ուժեղագույնն է, չի մասնակցելու այս քաշում, մեդալին ավելի մոտ զգացի ինձ: Հրաշալի պայքար ստացվեց: Մինչ այս, նույնիսկ մարզումների ժամանակ 140 կգ չէի էլ հրել, սակայն ոսկե մեդալի համար կարողացա բարձրացնել այդքան: Գիտեք, եթե անգամ 150 կգ լիներ ծանրաձողին` կբարձրացնեի, որովհետև այդ պահին կարող էի ամեն ինչ ու հիմա չեմ կարող ասել, թե այդ ինչ ուժ էր իմ մեջ արթնացել այդ պահին:

-Ի՞նչ է փոխվել Եվրոպայի առաջնության չեմպիոնությունից հետո:
-Իմ կարծիքով, այս մեդալով ավելացել է պատասխանատվության զգացումը, քանի որ հիմա ինձնից միշտ էլ առավելագույնն են ակնկալելու:
-Ո՞վ կամ ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
-Ինձ մոտիվացնում են ծնողներս:
-Էմմա, Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականն այժմ սերնդափոխություն է ապրում: Այժմ թիմի մեծամասնությունը երիտասարդ ծանրորդներ են: Ինչպիսի՞ հավաքական ունենք, ի՞նչ ներուժով:
-Իսկապես մենք ուժեղ հավաքական ունենք, ու դա կերևա ժամանակի ընթացքում: Մեր մարզիչները` Արտաշես Ներսիսյանը, Տարոն Թովմասյանը, Քրիստինե Պետրոսյանը, նրանք մեծ աշխատանք են տանում մեզ հետ, ու տարիների ընթացքում մեզ մնում է միայն արդարացնել այդ աշխատանքը:

-Ովքե՞ր են բոլոր ժամանակների երեք լավագույն ծանրորդները:
-Սոլֆրիդ Կոանդան, Լաշա Տալախաձեն ու Հռիփսիմե Խուրշուդյանը:
-Եվ փոխելով հարցերի ուղղվածությունը՝ ո՞ րն է մարդկային մեծագույն արժեքը, որը գնահատում եք դիմացինի մեջ:
-Բարությունը:
-Եթե հնարավորություն ունենայիք զրուցելու հայոց պատմության որևէ կերպարի հետ, ո՞վ կլիներ նա:
-Յուրի Վարդանյանը:
- Դուք հայտնվել եք անմարդաբնակ կղզում. ի՞նչ կվերցնեք ձեզ հետ:
-Մեքենաս (ծիծաղում է- հեղ.):
-Եկեք պատկերացնենք, Դուք բռնել եք «ոսկե ձկնիկ» ու ունեք 3 ցանկության հնարավորություն: Որո՞նք կլինեն դրանք:
- Որ ծնողներս միշտ կողքիս լինեն, օլիմպիական չեմպիոն դառնամ ու մի լավ BMW (ծիծաղում է- հեղ.):
- Եթե տեսնեիք Աստծուն, ի՞նչ կասեիք:
-Շնորհակալություն կհայտնեի այն ամենի համար, ինչ ունեմ:
-Անչափ շնորհակալ եմ զրույցի համար:
