19 րոպեի ընթերցում
«Ժողովրդավարությունը չափազանց փխրուն հրաշք է». այսօր այս միտքը հատկապես արդիական է Ֆրանսիայի համար, որտեղ քաղաքական բևեռացումը, փողոցային բողոքներն ու հասարակական անվստահությունը վերածվել են երկրի առջև ծառացած լուրջ մարտահրավերների։ Ֆրանսիայի ապագան, աջի և ձախի գաղափարական պայքարը, Եվրոպայի ժողովրդավարական ճգնաժամը և ազատության իրական արժեքը․ այս ամենի շուրջ է մեր զրույցը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիի հետ։
-Պարոն Բելամի, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Ինչպե՞ս եք բացատրում Ֆրանսիայում այսօր տիրող քաղաքական խորը ճգնաժամը։
-Իրականում սա վաղուց եկող ճգնաժամ է, քանի որ մեր երկիրը խորապես պառակտված է, բաժանված, և միաժամանակ բախվում է սոցիալական ճգնաժամի։ Վերջինս աղքատության մակարդակի բարձրացման հետևանք է, որն, իմ կարծիքով, երկար տարիներ իրականացված սխալ քաղաքականությունների արդյունքն է։
Բայց ուզում եմ Ֆրանսիան սիրող և այսօր նրան անհանգստությամբ հետևող բոլոր մարդկանց ասել, որ Ֆրանսիան ոտքի կկանգնի, ես դրանում համոզված եմ։
Մեզ սպասվում են նախագահական ընտրություններ, որոնք չափազանց կարևոր նշանակություն կունենան։ Մենք պետք է այնպես անենք, որ այդ ընտրությունները հնարավորություն դառնան երկրի համար՝ վերջապես ընտրելու համարձակ բարեփոխումների ուղին։ Դրանք թույլ կտան դուրս գալ ընդհանուր աղքատացումից, հաղթահարել սոցիալական լարվածությունը, վերականգնել ազգային միասնությունը և պատրաստվել ապագային։
-Հայաստանում մի արտահայտություն կա՝ «Դանակն արդեն ոսկորին է հասել»։ Այսինքն՝ սա վերջին կաթիլն էր, որ լցրեց բաժակը։ Հնարավոր է՝ հենց այդ պատճառով երիտասարդությունը կամ հասարակությունն ընդհանրապես դուրս եկավ փողոց։ Չե՞ք կարծում, որ ցավալի է, երբ այս ամենը տեղի է ունենում նախագահական ընտրություններից ընդամենը վեց ամիս առաջ և կարող է ինչ-որ առումով բացասաբար ազդել դրանց վրա։ Թե՞, հակառակը, ավելի լավ է, որ դա տեղի է ունենում հենց հիմա։
-Նախ՝ չեմ կարծում, որ դա ցավալի է։ Սա պատահականություն չէ, այլ քաղաքական ուժի ռազմավարության արդյունք։ Խոսքը, մասնավորապես, Ֆրանսիայի «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության մասին է, որը ծայրահեղ ձախակողմյան քաղաքական ուժ է։ Այսօր այն զգալի ներկայություն ունի հարցումներում և հասարակական կարծիքի մեջ։ Թեև փոքրամասնություն է ներկայացնում, այդ ուժը որոշել է իր դիրքերը պարտադրել բռնության միջոցով։
Կարծում եմ՝ սա է ժողովրդավարական կյանքի ամենանշանակալի հանգամանքը։
Ես, իհարկե, այս մասին խոսում եմ նաև որպես քաղաքականապես ներգրավված անձ։ Ես «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության ընդդիմախոսն եմ, աջակցում եմ Բրունո Ռետայոյին նախագահական ընտրություններում, և մենք պայքարում ենք բռնության տարածման դեմ։
Բայց այս հարցին նայում եմ նաև որոշակի հեռավորությունից՝ որպես քաղաքացի և փիլիսոփայության դասախոս։ Ժողովրդավարությունը չափազանց փխրուն հրաշք է։ Այն ենթադրում է, որ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր կուսակցություն և յուրաքանչյուր քաղաքական ճամբար լիովին հրաժարվի բռնությունից։
Երբ այսօր լսում ենք ընտրված պաշտոնյաների, քաղաքական պատասխանատուների, ժողովրդի կողմից մանդատ ստացած մարդկանց հայտարարությունները, թե բռնությունը կարող է արդարացված լինել, դա լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Օրինակ՝ Փարիզի մերձակայքում գտնվող Սեն Դենի քաղաքի «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունից մի քաղաքապետ նման հայտարարություն էր արել։
Երբ լսում ենք պատգամավորների և այլ ընտրված պաշտոնյաների, որոնք հարձակումներ են գործում իրավապահ մարմինների վրա և հայտարարում, թե ոստիկանությունն ինքնին վայրագության մարմնացում է, թե ոստիկանությունը սպանում է, պետք է հասկանալ՝ ինչի՞ է դա հանգեցնում։ Եթե ասում ենք, որ ոստիկանությունը սպանում է, ապա ի՞նչ հետևություն պետք է անի հասարակությունը։ Որ պե՞տք է պաշտպանվել ոստիկանությունից, ընդհուպ՝ բռնությա՞մբ։
Հենց նման հայտարարություններն են հիմք ստեղծում այն քաոսային տեսարանների համար, որոնց ականատես եղանք Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում, և որոնք ապշեցրել են բոլոր նրանց, ովքեր սիրում են Ֆրանսիան և հետևում են նրան։
Այս խոսքերը շատ լուրջ պատասխանատվություն են առաջացնում։ Բայց կրկնում եմ՝ այն, ինչ տեղի է ունենում նախագահական ընտրություններից վեց ամիս առաջ, պատահականություն չէ։
-Այսինքն՝ դա նախընտրական քաղաքական ռազմավարությո՞ւն է։ Իսկ աջի և ձախի միջև ավանդական քաղաքական բաժանումն այսօր դեռ արդիակա՞ն է ֆրանսիական քաղաքական իրականության մեջ։
-Այո՛, այդպես եմ կարծում։ Իրականում այս բաժանումը պարզապես քաղաքական սահմանազատում չէ։ Այն արտահայտում է քաղաքական մտածողության և աշխարհայացքի երկու բավականին խորը տարբերություններ։
Ես միշտ ինձ աջակողմյան եմ զգացել, բայց միաժամանակ լիովին ընդունում եմ, որ ժողովրդավարության գեղեցկությունն այն է, որ այնտեղ տեղ կա նաև այլ տեսլականներ և գաղափարներ պաշտպանող մարդկանց համար։
Արևմտյան ժողովրդավարության, իսկ ավելի լայն իմաստով՝ լիբերալ ժողովրդավարության ձևավորումից ի վեր, դեռևս Ֆրանսիական հեղափոխության ժամանակներից, երբ այդ բաժանումը ձևավորվեց խորհրդարանի դահլիճում պատգամավորների զբաղեցրած տեղերի հիման վրա, մենք մշտապես ականատես ենք եղել քաղաքական մտածողության այս բազմազանությանը։
Ձախը աշխարհին նայում է այն տեսանկյունից, որ նախ և առաջ ցանկանում է փոխել այն։ Ձախը զայրույթ է, անարդարության դեմ ընդվզում։
Իսկ աջը աշխարհին նայում է այն տեսանկյունից, որ ցանկանում է նախ և առաջ պահպանել և փոխանցել այն։ Դա կարող է լինել զգուշավորություն, մտահոգություն, ապագա սերունդների համար այն պահպանելու և նրանց փոխանցելու ցանկություն, ինչը պետք է ժառանգություն դառնա նրանց համար։
Այս բևեռացումը միշտ գոյություն է ունեցել։ Կարծում եմ՝ այն անհրաժեշտ է նաև հանրային բանավեճի ազատության համար։ Ժողովրդավարությունը ենթադրում է այլընտրանքի առկայություն։
Այսօր Ֆրանսիայում տեսնում եմ մի ձախակողմյան ուժ, որը բացահայտորեն ընդունում է իր արմատականությունը։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ լինի նաև աջակողմյան ուժ, որն իր գաղափարական ամբողջականությունը կներկայացնի խաղաղ և հավասարակշռված ձևով, բայց միաժամանակ կկարողանա պաշտպանել մտավոր առումով պահանջկոտ և երկրի ապագայի համար անհրաժեշտ բարեփոխումների տեսանկյունից հավակնոտ օրակարգ։
-Իսկ ֆրանսիական աջն այսօր ի վիճակի՞ է հստակ քաղաքական այլընտրանք առաջարկել և ընդլայնել իր ընտրազանգվածը։ Ձեր կարծիքով՝ աջակողմյան ուժերն ունե՞ն այդ կարողությունը։
-Եթե անկեղծ պատասխանեմ՝ այսօր մենք դեռ այն մակարդակին չենք, որ անհրաժեշտ է նախագահական ընտրություններում հաղթելու համար։ Մեզ մի քանի ամիս ժամանակ է մնացել, և կարծում եմ՝ այդ ամիսները վճռորոշ են լինելու։
Մեր երկրի քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ հոկտեմբերյան հարցումների արդյունքները երբեք նույնը չեն, ինչ ապրիլյան հարցումների արդյունքները։ Այսինքն՝ դեռ ճանապարհ ունենք անցնելու։ Իսկ երբ խոսքը Ֆրանսիայի մասին է, միշտ պետք է պատրաստ լինել անակնկալների։
Բայց կարծում եմ՝ մենք կարող ենք հասնել մեր նպատակին։ Պատճառը բավականին պարզ է․ երբեք Ֆրանսիան այսքան մոտ չի եղել այն գաղափարներին, որոնք պատմականորեն պաշտպանում է աջը։ Ֆրանսիական հասարակության ճնշող մեծամասնությունը կիսում է այդ գաղափարները։
Ֆրանսիացիները գիտեն, որ մի երկրում, որտեղ հարկային բեռը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ երկրների շարքում ամենաբարձրերից է, անհրաժեշտ է նվազեցնել հարկերը, թեթևացնել ձեռնարկությունների վրա դրված սահմանափակումներն ու ծախսերը և ավելի մեծ ազատություն տալ։
Ահա սա է աջի գլխավոր առաքելությունը՝ ազատություն վերադարձնել մեր տնտեսությանը և հասարակությանը։
Ֆրանսիացիները նաև հասկանում են, որ անհրաժեշտ է վերականգնել անվտանգությունը, կարգուկանոնը, պետության հեղինակությունը, ինչպես նաև դպրոցի հեղինակությունը՝ գիտելիքը փոխանցելու համար։
Սրանք այն հիմնական գաղափարներն են, որոնք աջը պատմականորեն կոչված է պաշտպանելու։ Եվ այդ գաղափարները երկրում մեծամասնության աջակցությունն ունեն։
Հետևաբար, իրական հարցն այն է, թե ինչպես այդ ազգային մեծամասնության գաղափարներին քաղաքական արտահայտություն տալ, ինչպես հաճախ ասում է Բրունո Ռետայոն, որին հայերը լավ են ճանաչում, և որը մեծապես ներգրավված է եղել Հայաստանի հարցերով։ Հենց նա է այսօր մեր թեկնածուն։ Պետք է քաղաքական ձևակերպում տալ ազգային մեծամասնության դիրքորոշմանը։
-Դուք խոսում եք ազատության մասին, բայց շատ եվրոպացիներ և ֆրանսիացիներ քննադատում են այդ մոտեցումը՝ նշելով, որ այսօր կրթության և առողջապահական ծառայությունների հասանելիությունն ավելի ու ավելի է կախված ընտանիքների եկամուտներից։ Այդ դեպքում արդյոք ազատության մասին խոսակցությունը բացասաբար չի անդրադառնում մարդկանց՝ իրենց եկամուտների հետ կապված ընտրությունների վրա։ Փողոց դուրս եկած ձախակողմյան ցուցարարները հաճախ հասարակության այն շերտի ներկայացուցիչներն են, որոնք չունեն ֆինանսական ապահովության և առօրյա կայունության երաշխիքներ։
-Գիտեք, Ֆրանսիան շատ հետաքրքիր օրինակ է բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են ուսումնասիրել հասարակության զարգացումը։
Մենք փորձարկել ենք ձախակողմյան քաղաքականության բոլոր տարբերակները՝ ընդհուպ մինչև վերջ։ Այսօր Ֆրանսիան ՏՀԶԿ-ի անդամ երկրների շարքում ամենավերաբաշխող հարկային համակարգ ունեցող երկիրն է։ Մենք ունենք ամենաբարձր պարտադիր վճարներն ու հարկերը։ Միաժամանակ, այսօր ունենք նաև Եվրամիության ամենամտահոգիչ պետական պարտքերից մեկը։
Այսինքն՝ այն ամենը, ինչ առաջարկում է ձախը՝ պարտքի ավելացում, հարկերի բարձրացում, վերաբաշխում, մենք իրականացնում ենք հնարավոր առավելագույն չափով։
Մեր պետական վարչակազմը նույնպես շատ մեծ է։ Մեկ շնչի հաշվով պետական ծառայողների թիվը զգալիորեն գերազանցում է եվրոպական մեր հարևանների ցուցանիշներին։
Եվ, այնուամենայնիվ, այս ամենի արդյունքում մենք շարունակում ենք բախվել հասարակության ներսում խորը անարդարության։
Ես կարծում եմ, որ պետք է պայքարել անարդարության դեմ։ Բայց համոզված եմ, որ այդ պայքարում հաջողության կհասնենք, կկարողանանք հաղթահարել երկրի աղքատացումը և անհավասարությունները, հատկապես կրթական անհավասարությունը, որի մասին Դուք խոսեցիք և որն, անկասկած, ամենալուրջ խնդիրներից մեկն է, և դա կանենք հենց ազատության միջոցով։
Դրա համար պետք է դուրս գալ գործող մոդելից և ավելի մեծ ազատություն տալ մեր հասարակությանը, երկրին, տնտեսությանը և կրթական համակարգին։ Պետք է ավելի մեծ ինքնուրույնություն տրամադրել նաև ուսուցիչներին և քաղաքացիներին։
Հենց այդ ճանապարհով մենք կկարողանանք վերջապես վերականգնել մեր հասարակության զարգացման թափը։ Կարծում եմ՝ սա է այսօր Ֆրանսիայի գլխավոր մարտահրավերը։
-Դուք խոսեցիք ժողովրդավարության մասին։ Մի փոքր ավելի լայն՝ եվրոպական ժողովրդավարության համատեքստում, արդյոք այսօր մենք ականատես ենք լինում ժողովրդավարության ավելի խորը ճգնաժամի։ Եվրոպայում նկատվում է պոպուլիզմի աճ և քաղաքացիների վստահության նվազում եվրոպական ինստիտուտների նկատմամբ։ Միաժամանակ, ինչպես Դուք նշեցիք, խոսվում է ծայրահեղ ձախակողմյան ուժերի մասին։ Արդյոք այսօր Եվրոպայում ժողովրդավարության խորը ճգնաժա՞մ է։
-Կարծում եմ՝ խոսքը ոչ միայն եվրոպական, այլև ընդհանրապես ժողովրդավարական աշխարհի ճգնաժամի մասին է։ Մեր բոլոր ժողովրդավարական հասարակությունները բախվում են նույն դժվարություններին։
Ես միշտ նույն սիրով և հետաքրքրությամբ եմ հետևում Հայաստանին և հայկական հասարակության կյանքին։ Եվ տեսնում եմ, որ, օրինակ, ընտրությունների ժամանակ մենք բախվում ենք նույն խնդիրներին։
Դրանցից մեկը կեղծ տեղեկատվության տարածումն է։ Արհեստական բանականության միջոցով այսօր մեծ քանակությամբ ապատեղեկատվություն է ստեղծվում, և գնալով դժվարանում է տարբերել իրականը կեղծից։
Նվազում է նաև վստահությունը լրատվամիջոցների և թերթերի նկատմամբ, որոնց առաքելությունն է հենց այդ տարբերակումը կատարելը։ Դրանց դիրքերը թուլանում են անմիջական տեղեկատվության տարածման այն հարթակների՝ սոցիալական ցանցերի ի հայտ գալու հետևանքով։
Նվազում է նաև վստահությունը հանրային խոսքի նկատմամբ։ Մի աշխարհում, որտեղ արհեստական բանականությունը կարող է անընդհատ տեքստեր և խոսք ստեղծել, ավելի ու ավելի դժվար է դառնում վստահել պաշտոնական հայտարարություններին։
Այս ամենը, իհարկե, կապված է նաև այն սխալների և թերացումների հետ, որոնք թույլ են տվել քաղաքական գործիչները և այն մարդիկ, որոնց վստահված է եղել պահպանել հանրային վստահությունը։
Բայց, ամեն դեպքում, այդ անվստահությունն այսօր աճում է ամենուր։
Ուստի, մենք միասին պետք է կարողանանք գտնել այն ուղիները, որոնք թույլ կտան մեր ժողովրդավարություններին գործել այս նոր միջավայրում։ Պետք է երաշխավորել ազատությունը, որը մեր ժողովրդավարական կյանքի հիմքում է, բայց միաժամանակ թույլ չտալ, որ այդ ազատությունն օգտագործվի հենց ժողովրդավարության դեմ։
-Այսօր աշխարհը բնութագրվում է աճող անկայունությամբ։ Ի՞նչ դեր պետք է ունենա Ֆրանսիան Եվրոպայում և ընդհանրապես միջազգային ասպարեզում՝ Ձեր նշած խնդիրները հաղթահարելու համար։
-Ֆրանսիան պետք է իր դերը կատարի մյուս երկրների կողքին՝ առանց մեծամտության, բայց նաև առանց երկչոտության։
Հույս ունեմ, որ այն կրկին կվերագտնի այն ուժը, որն անհրաժեշտ է այդ դերը կատարելու համար։
Մենք դա տեսել ենք բազմաթիվ քննարկումների ընթացքում։ Օրինակ՝ երբ Եվրոպայի լռությունը խլացուցիչ էր, երբ Հայաստանը ենթարկվում էր հարձակումների, Ֆրանսիան կարող էր և պարտավոր էր կարևոր դեր խաղալ՝ փորձելով դուրս բերել արևմտյան աշխարհին այդ անգործությունից։
Ֆրանսիան դերակատարում ունի, բայց այսօր ինձ ամենից շատ անհանգստացնում է այն, ինչ ամեն օր տեսնում եմ Եվրոպական խորհրդարանում։ Ֆրանսիայի ներքին խոցելիությունը, կուտակված պետական պարտքը, տնտեսական հետընթացը, հասարակության ներսում առկա լարվածությունը և Ձեր նշած քաոսային տեսարանները՝ այս ամենը չի մնում երկրի սահմաններում։ Դրանք տեսանելի են դառնում նաև արտերկրում։
Այս ամենի հետևանքով Ֆրանսիայի հեղինակությունը լրջորեն տուժում է։ Ես հասկանում եմ մեր հարևաններին, որոնք դժվարանում են նույն վստահությունն ու հեղինակությունը վերագրել մի երկրի, որն ակնհայտորեն չի կարողանում ինքնուրույն կառավարել իրեն։
Հույս ունեմ, որ նախագահական ընտրությունները հնարավորություն կդառնան Ֆրանսիայի համար՝ վերականգնելու իր ուժը և, դրա շնորհիվ, կրկին լիարժեք դերակատարում ունենալու նաև միջազգային ասպարեզում։
Եվ, գուցե, պետք է հուսալ, որ փողոց դուրս եկած և բողոքի ցույցերին մասնակցած մարդիկ, ի վերջո, կգնան քվեարկության՝ գիտակցելով իրենց ընտրության կարևորությունը։ Ի վերջո, քվեարկության միջոցով է հնարավոր փորձել ինչ-որ բան փոխել։
-Իհարկե։ Կարծում եմ՝ սա հենց այն ուղերձն է, որը պետք է փոխանցել հասարակությանը։
-Իսկ ո՞րն է Ձեր ուղերձը։ Սա է այն հարցը, որին ուզում էի հասնել։ Ի՞նչ կասեք այն երիտասարդներին կամ հասարակության այն հատվածին, որին ոմանք անվանում են ձախ, իսկ ոմանք՝ ծայրահեղ ձախ։ Ո՞րն է Ձեր ուղերձը երիտասարդությանը։
-Նախ, կարծում եմ՝ երիտասարդության շրջանում միայն ծայրահեղ ձախակողմյան հայացքներ ունեցողներ չեն։ Մենք շատ լավ տեսնում ենք, որ երիտասարդների շրջանում ապագայի նկատմամբ մեծ անհանգստություն կա, և դա միանգամայն հասկանալի է։
Ոմանք քաղաքականապես ներգրավվել են, մյուսները, ցավոք, երբեմն դառնում են մանիպուլյացիայի զոհ։
Ամեն դեպքում, իմ ուղերձը շատ պարզ է։ Մեր երկրի երիտասարդները բազմաթիվ պատճառներ ունեն իրենց ապագայի համար պայքարելու։ Բայց դա նշանակում է նաև պայքարել իրենց ազատությունների ապագայի համար։
Եվ որևէ օգտակար նպատակի հնարավոր չէ հասնել՝ բռնության շրջապտույտի մեջ մտնելով։
Առաջիկա ընտրությունները կարևոր պահ են լինելու։ Մեր երկիրը փոխելու հնարավորությունը, իհարկե, անցնում է քվեարկության միջոցով, բայց նաև այն վճռորոշ բանավեճին մասնակցելու միջոցով, որը ծավալվելու է մինչև նախագահական ընտրությունները։
Ի վերջո, մարդը կարող է նվաճել իր ազատությունը միայն այն դեպքում, երբ ինքնուրույն է ձևավորում իր դատողությունը և տարբերակելու կարողությունը՝ կարդալով, լսելով, տեղեկություններ ստանալով և սեփական կարծիքը ձևավորելով։
Ժողովրդավարությունն իսկապես սերտորեն կապված է ընթերցանության, մասնավորապես՝ տեղեկատվություն կարդալու հետ, քանի որ հենց դա է մեզ թույլ տալիս ձևավորել մեր սեփական կարծիքը։
Կարծում եմ՝ այս անմիջականության աշխարհում, էկրանների և պատկերների այս միջավայրում, եթե խորհուրդ ունենայի տալ այն երիտասարդներին, որոնք ցանկանում են պայքարել իրենց ազատության և ապագայի համար, ապա դա կլիներ կրկին կարդալ սկսելը։
Մենք բոլորս վտանգված ենք, քանի որ մեր ուշադրությունն ու կենտրոնանալու կարողությունն անընդհատ մասնատվում են։
Այս ամենից որոշակի հեռավորություն պահելը և ժամանակ հատկացնելը սեփական մտքերին, կարծում եմ, այսօր արդեն իսկ հեղափոխական քայլ է։
-Շատ շնորհակալություն, պարոն Բելամի, մասնակցության համար։
-Ձեզ եմ շնորհակալ։
