Կանայք բավականին լավ մրցաշար անցկացրին. Զավեն Անդրիասյանը՝ Օլիմպիադայում ընտրանու ելույթների մասին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանն ամփոփեց համաշխարհային օլիմպիադայում ընտրանու արդյունքները։
«Ընդհանուր առմամբ՝ համաշխարհային այս Օլիմպիադան վատ չստացվեց մեզ համար։ Կանայք բավականին լավ մրցաշար անցկացրին։ Սկզբնական դասակարգման աղյուսակում 16-րդն էին, իսկ ընդհանուր ու վերջնական հաշվարկում գրավեցինք 6-րդ տեղը։ Միավորների տեսանկյունից արդյունքը լավն է, սակայն կարող էինք ավելին անել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Զավեն Անդրիասյանը։
Մարզչի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի կանանց հավաքականը կայուն խաղ է ցուցադրում՝ համադրելով ավագ սերնդի փորձն ու երիտասարդների ներուժը։
«Հիմա գուցե հավաքականում արդեն նոր խաղացողներ են պետք, այդ կերպ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կկարողանան իրենց փորձը փոխանցել նրանց։ Սերնդափոխություն ինչ-որ մի պահի, այսպես թե այնպես, պետք է լինի»,-ասաց նա։
Խոսելով երկրորդ խաղատախտակին արծաթե մեդալակիր դարձած Մարիամ Մկրտչյանի մասին, գլխավոր մարզիչն առանձնացրեց, որ Մկրտչյանը միակն էր, որը մասնակցել է բոլոր 11 տուրերին՝ հավաքելով 9 միավոր, ինչը բարձր արդյունք է համարվում։
«Ինձ համար այս Օլիմպիադայում անսպասելի էր Վրաստանի հավաքականի վատ ելույթը։ Նրանք առանձին շախմատիստներով վերցրած՝ բավականին ուժեղ են, սակայն վերջին շրջանում չեն կարողանում լավ ելույթներ ունենալ։ Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Հնդկաստանի հավաքականը շատ լավ թիմ ունի, ու նաև լավ թիմ են հավաքել ղազախները»,-ասաց նա։
Անդրադառնալով համաշխարհային Օլիմպիադայի կազմակերպվածությանը՝ Անդրիասյանն ընդգծեց, որ ուզբեկներին հաջողվել է նմանատիպ մեծամասշտաբ մրցաշարը կազմակերպել պատշաճ։
