Սպորտ

Մարմնամարզության հավաքականի միասնության բանաձևը մարզիչների շնորհն է. Արթուր Ավետիսյան

8 րոպեի ընթերցում

Մարմնամարզության հավաքականի միասնության բանաձևը մարզիչների շնորհն է. Արթուր Ավետիսյան

Վերջին  տարիների ընթացքում հայկական սպորտում հին ու բազմավաստակ անուններին միանում են նորերը, իրենց նոր երազանքներով, անցած ու գալիք ճանապարհներով, նպատակներով ու նաև ձախողումներով: Ոմանք, իրենց համառությամբ, նվիրվածությամբ ու անսպառ հավատով կարողանում են հասնել բաղձալի պահին` իրենց ձեռքում ունենալով ոսկե մեդալը, որը չեմպիոնական «անձնագրի» հաստատումն է: Հայկական մարմնամարզությունը տարիների հետ դարձել է Հայաստանի հենակետային մարզաձևերից մեկը, այն ձևերից, որոնցից մարզասերների սպասելիքներն այնքան են բարձրացել, որ չեմպիոնական ելույթները մեզ համար առանձնակի կարևորություն են ստացել: Ընթացիկ տարին իր բացառիկությամբ ու հաջող ընթացքով լավագույններից մեկն է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, նորընծա Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բացարձակ գավաթակիր Արթուր Ավետիսյանի համար:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ավետիսյանը խոսել է մարմնամարզությունում իր անցած ճանապարհի, հավաքականի միասնության, մարզիչների անսահման նվիրման ու Եվրոպայի չեմպիոնության մասին:

-Արթուր, նախ ընդունեք խնդրեմ իմ անկեղծ ու ջերմ շնորհավորանքները Եվրոպայի չեմպիոն դառնալու կապակցությամբ:

-Շնորհակալ եմ շնորհավորանքների համար:

-Պատմեք ինձ խնդրում եմ, թե ինչպե՞ս ու ե՞րբ եք սկսել Ձեր ճանապարհը մարմնամարզությունում:

-Առաջին անգամ մարմնամարզության դահլիճ եկել եմ հայրիկիս հետ: Բայց ամենասկզբում մեկ օրվա ընթացքում նախ գնացինք ըմբշամարտի ու հետո՝ նաև մարմնամարզության մարզադպրոց: Երկու տեղում էլ  մարզվելու հետո հայրս հարցրեց, թե ո՞րն եմ նախընտրում: Ու ինձ առավել շատ դուր եկավ մարմնամարզությունը: Ինձ ավելի շատ տպավորեցին սալտոներն ու ցատկացանցը: Առաջին իսկ օրվանից, եթե չեմ սխալվում 2006 թվականն էր,  Ալբերտ Ազարյանի դպրոցում եմ եղել, ինչպես հիմա:  Առաջին մարզիչս էլ  Արտակ Սարգսյանն էր, ում հետ սկսել եմ աշխատանքս: Հետո աշխատել եմ Սոս Սարգսյանի, Հայկ Նազարյանի, Արտակ Այդինյանի ու, իհարկե, հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ:

-Իսկ եղե՞լ է մի մրցաշար, որը Ձեզ համար բեկումնային է եղել մարզաձևում մնալու որոշում կայացնելու հարցում:

-Կարծում եմ՝ նման զգացողություն ունեցել եմ նվաճածս առաջին մեդալից հետո: Մեդալ նվաճել, անկախ քո իսկ ցանկությունից, քեզ իսկապես ոգևորում է: Երբ նոր-նոր էի մարզվում, դրանից մի քանի ամիս անց առաջին իսկ մրցաշարում դարձա բրոնզե մեդալակիր, ինչն, իսկապես ոգևորիչ էր:  Մարմնամարզությունում, մասնավորապես ճկունությունը «բացելու համար» 7 տարեկանն ուշ տարիք է համարվում, բայց ես սկսել եմ այդ տարիքում ու իսկապես ուրախացել էի առաջին մեդալիս համար:

-Արթուր, ինչպե՞ս եք վերջնականապես «կանգնել» օղակների վարժության վրա, քանի որ ինչպես հիշում եմ, Դուք տևական ժամանակ բոլոր 6 գործիքներով էիք մասնակցում մրցաշարերին:

-Անկեղծ կլինեմ ձեզ հետ՝ մարմնամարզությունում դու չես ընտրում գործիքը, գործիքն է քեզ ընտրում: Ու միայն ժամանակի ընթացքում ես վերջնականապես հասկանում, թե որ գործիքն է քոնը: Սակայն իմ դեպքում ուսիս վիրահատությունից հետո սկսեցի կենտրոնանալ օղակների վարժության վրա:

-Այս տարին Ձեզ համար անասելի հաջողակ տարի է, տարվա մեկնարկին դարձաք աշխարհի բացարձակ գավաթակիր, իսկ օրեր առաջ դարձաք Եվրոպայի չեմպիոն: Ինչպե՞ս եք այժմ վերհիշում չեմպիոնական այս մրցաշարը:

-Ինձ համար Եվրոպայի այս առաջնությունը միանշանակ տարբերվող էր նախորդներից, դա վերաբերում է նաև նախապատրաստական փուլին ու իմ հոգեբանորեն մոտեցմանը:  Դեռևս նախորդ տարի, երբ դարձա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ինձ համար ինչ-որ ներքին բան փոխվեց, վստահություն եկավ, ավելի շատ սկսեցի իմ ուժերին հավատալ: Ինձ համար հստակ էր, որ մեդալ կունենամ այս առաջնությանը, բայց անակնկալ էր ոսկե մեդալը: Ու գիտեք, Եվրոպայի այս առաջնության ընթացքում, երբ առաջինն էի ավարտել ելույթս  և մինչև վերջին պահը հետևում էի արդյունքներին, ավելի շատ էի լարվում, քան բուն ելույթի ընթացքում:  

-Դուք Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի հնաբնակներից մեկն եք: Բազմափորձ եք` աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, աշխարհի գավաթի խաղարկության փուլեր: Որքանո՞վ եք կարևորում կուտակված փորձը՝ առաջնությունների ընթացքում առավել վստահ ելույթն ունենալու համար:

-Միանշանակ կարող եմ ասել, որ տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունն օգնում է առավել շուտ հաղթահարելու մրցումային լարվածությունը:  Լինում եմ դեպքեր, որ առավել լարված եմ լինում Հայաստանի ներքին առաջնության ժամանակ, քան, օրինակ, աշխարհի առաջնությունների ընթացքում:

-Մարմնամարզության հավաքականն իսկապես ինքնատիպ օրինակ է միասնականության ու փոխադարձ հարգանքի առումով: Ինչի՞ հետ եք Դուք դա կապում:   

-Մարմնամարզության հավաքականի միասնության բանաձևը մարզիչների շնորհն է: Մենք իսկապես փոքրիկ ընտանիք ենք: Մեր միասնությունը գալիս է մեր մարզիչներից` Հակոբ Սերոբյանից, Հայկ Նազարյանից, Սոս Սարգսյանից, Արտակ Այդինյանից:  Նրանց դաստիարակությունն է, որ հարգանքն առաջնահերթ պիտի լինի, մեծն իր տեղում պիտի լինի, փոքրը` իր: Ու ամենակարևոր խոսքը, որը միշտ լսում ենք ընկեր Հակոբից, այն է, որ երբեք ու երբեք չմեծամտանանք:

- Բոլոր մարզիկների համար աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից զատ, կա մեծագույն նպատակակետ` Օլիմպիական խաղերը: Որքանո՞վ եք Ձեզ մոտ զգում այդ երազանքին:

-Աստծո կամքով հույս ունեմ, որ կկարողանամ գալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշ նվաճել: Ինձ համար էլ Օլիմպիական խաղերին մասնակցությունը կարևոր կլինի:

-Մարմնամարզությունում կարևոր է տաղա՞նդը, աշխատասիրությո՞ւնը, թե՞ միայն երկուսի համադրությունը կբերի ցանկալի արդյունքի:

-Երկուսն էլ կարևոր են: Տաղանդը ոչինչ է առանց աշխատանքի, իսկ աշխատանքի հիմքում տաղանդ է պետք ունենալ: Երկուսի համադրությունը կարող է բերել մեծ հաջողությունների:

-Եվ փոխելով հարցերի ուղղվածությունը՝ ո՞ րն է մարդկային մեծագույն արժեքը, որը գնահատում եք դիմացինի մեջ: 

-Հարգանքը դիմացինի նկատմամբ, ու ոչ պակաս կարևոր է համեստությունը:

-Եկեք պատկերացնենք, Դուք բռնել եք «ոսկե ձկնիկ»-ին ու ունեք 3 ցանկության հնարավորություն: Որո՞նք կլինեն դրանք:

- Որ մեր երկրում խաղաղություն լինի: Երկրորդը, որ մեր մարզաձևում Օլիմպիական խաղերից չեմպիոն ունենանք ու երրորդը` մարզիկները, որոնք շատ են ջանք դնում մարզումային գործընթացում, հասնեն իրենց նպատակներին:

-Եթե հնարավորություն ունենայիք զրուցելու հայոց պատմության որևէ կերպարի հետ, ո՞վ կլիներ նա:   

-Վազգեն Սարգսյանը:

-Անչափ շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում