«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մրցաշարը կլինի ավանդական
3 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը լիահույս է, որ «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը նոր խթան կլինի Հայաստանի միջազգային տեսանելիության բարձրացման համար:
«Մենք նախապատրաստվում ենք մեծ իրադարձության մեր երկրում՝ առաջին անգամ հյուրընկալելով հեծանվային միջազգային մրցաշար: Այս նախագծի վրա աշխատել ենք շուրջ երկու տարի: Մրցաշարի անցկացումը կարևորում եմ ոչ միայն սպորտային տեսանկյունից, այլ այն նաև ռազմավարական մոտեցումների արտացոլումն է: Նման մրցաշարերը պետք է օգտագործենք երկրի միջազգային տեսանելիությունը բարձրացնելու տեսանկյունից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նախարարն ընդգծեց, որ նպատակների շարքում է հեծանվասպորտի զարգացումը հասցնել այն կետին, որ հայ մարզիկները հասնեն օլիմպիական մակարդակի և ինչու ոչ՝ իրավունք ստանան մասնակցելու Օլիմպիական խաղերին, և «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մրցաշարի կլինի ավանդական։
Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շարունակում է հետևողական աշխատանքը սպորտային ենթակառուցվածքների կառուցման գործում և այդ տեսանկյունից առաջիկայում վերանորոգումից հետո կրկին շահագործման կհանձնվի հեծանվասպորտի մարզադպրոցը:
«Tour of Armenia»-ի անցկացման ժամանակահատվածում կկայանա նաև ՀՀ վարչապետի գավաթի դպրոցականների մրցաշարը, որի ժամանակ մասնակից երեխաները հնարավորություն կունենան նաև անձնական շփումներ ունենալ Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսի հետ, ով «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպանն է:
«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքին կմասնակցի 16 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ։ Մասնակիցների թվում կլինեն թիմեր և մարզիկներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ճապոնիայից, Իտալիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Թաիլանդից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից, Գերմանիայից և այլն: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի թիմը:
Ընդհանուր առմամբ՝ Հայաստան կժամանի ավելի քան 300 պատվիրակ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ և մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանը ներգրավված այլ մասնագետներ:
Սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքն ընդգրկում է 4 մրցափուլ, 587 կմ ընդհանուր հեռավորություն և 5,300 մետր վերելք՝ անցնելով Հայաստանի չորս մարզերով (Գեղարքունիք, Տավուշ, Լոռի, Արագածոտն) և եզրափակվելով մայրաքաղաք Երևանում (սեպտեմբերի 10՝ Գավառ - Մեծ Մասրիկ, սեպտեմբերի 11՝ Կիրանց - Ստեփանավան, սեպտեմբերի 12՝ Մարտունի - Դիլիջան/Պարզ լիճ, սեպտեմբերի 13՝ Երևան)։