Սպորտ

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

2 րոպեի ընթերցում

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի կարծիքով` Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ռիգա»-ի դեմ դիմակայությունում դեռևս ոչինչ որոշված չէ:

«Ես հրաշալի հասկանում եմ, որ 2:0 հաշիվը վտանգավոր հաշիվ է: Բայց ես ամբողջ թիմին ասել եմ, որ պատասխան խաղը մեկնարկելու է  0:0 հաշվով: Նախորդ խաղը դիմակայության միայն առաջին հատվածն էր, և մենք գործը դեռ ավարտին չենք հասցրել:  Ամեն ինչ անելու ենք առաջիկա խաղում ևս հաղթելու համար»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Ռիգայից, լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տուլիպան:

Ըստ մարզչի՝ եթե թիմն ամենօրյա աշխատանք չկատարի ու չփորձի կատարելագործվել, ապա դրական արդյունքների հասնել չի լինի:

«Ես այն ակնկալիքն ունեմ, որ «Ռիգա»-ն կգնա խաղային ոճի փոփոխության, քանի որ նրանք են հաշվի մեջ զիջում:  Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք ոչ միայն մեր նախորդ հանդիպումը, այլ նաև «Ռիգա»-ի` «Սպարտա Պրահա»-ի հետ հանդիպումը (խմբ. «Ռիգա»-ն և Պրահայի «Սպարտա»-ն միմյանց դեմ մրցել են 2025 թվականի օգոստոսին՝ Կոնֆերենցիաների լիգայի շրջանակներում): Մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման»,-ասաց նա:  

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկրորդ խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն հուլիսի 14-ին կհյուրընկալվի լատվիական «Ռիգա»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: Թիմերի առաջին խաղում, որը կայացել էր մեկ շաբաթ առաջ, «Արարատ-Արմենիա»-ն հաղթել էր 2:0 հաշվով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում