Սպորտ

«Նոա»-ի գլխավոր մարզիչը «Սիոն»-ին բարդագույն մրցակից է համարում

2 րոպեի ընթերցում

«Նոա»-ի գլխավոր մարզիչը «Սիոն»-ին բարդագույն մրցակից է համարում

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը շվեյցարական «Սիոն»-ին լուրջ մրցակից է համարում, սակայն վստահ է նաև իր թիմի ներուժին։

««Սիոն»-ը ուժեղ ներուժ ունեցող թիմ է, որը հանդես է գալիս մեծ ինտենսիվությամբ առաջնությունում։ Մեծ հարգանք ունենք նրանց նկատմամբ, բայց հարգում ենք նաև ինքներս մեզ։ Շվեյցարական և հայկական առաջնությունները որևէ նմանություն չունեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Պերկովիչի կարծիքով՝ բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են այս խաղին, և մարզչական շտաբը մեծ աշխատանք է կատարել՝ ֆուտբոլիստներին ներկայացնելով այն կարևոր մանրամասները, որոնք նրանք պետք է իմանան նմանատիպ խաղից առաջ։

«Մեզ անասելի բարդ հանդիպում է սպասվում։ Նրանք ուժեղ ակումբ են՝ բոլոր առումներով։ Բարդագույն խնդիր ունենք լուծելու։ «Սիոն»-ի ներկայիս կորիզը թիմում է արդեն մոտ երեք-չորս տարի, և մարզիչն էլ երկար տարիներ է աշխատում ակումբում»,- ասաց մարզիչը։

Ըստ մասնագետի՝ նախորդ մրցաշրջանում իր թիմի գրանցած հաջողությունն այս մրցաշրջանում լրացուցիչ լարվածություն չի առաջացնում։

«Գուցե, ինձ համար ցանկալի կլիներ այս երկու խաղերից առաջինն անցկացնել դրսում, իսկ երկրորդը՝ տանը, սակայն ինչ կա, այդ էլ կա»,- ասաց Պերկովիչը։

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի գավաթակիր «Նոա»-ն կհյուրընկալի շվեյցարական «Սիոն»-ին։ Հանդիպումը կկայանա Աբովյանի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում