Սպորտ

Աստանայում կկայանա «Ապագայի խաղեր» միջազգային բազմամարզական միջոցառումը

2 րոպեի ընթերցում

Աստանայում կկայանա «Ապագայի խաղեր» միջազգային բազմամարզական միջոցառումը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանան կընդունի «Ապագայի խաղեր» (Games of the Future) միջազգային նորարարական բազմամարզական միջոցառումը, որը համատեղում է ավանդական սպորտն ու ժամանակակից թվային տեխնոլոգիաները։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` կազմակերպիչները նշում են, որ Աստանայում կմրցի ավելի քան 900 մարզիկ և կիբերսպորտային ներկայացուցիչ՝ ավելի քան 50 երկրից։ 

«Ապագայի խաղերի» գլխավոր առանձնահատկությունը ֆիջիթալ (phygital) ձևաչափն է, որի շրջանակում մասնակիցները մրցում են ինչպես իրական մարզահրապարակներում, այնպես էլ վիրտուալ միջավայրում։ Միջոցառման ծրագրում ընդգրկված են ֆուտբոլի, բասկետբոլի, մարտարվեստների, ավտոսպորտի և մի շարք այլ մարզաձևերի ֆիջիթալ տարբերակները, ինչպես նաև կիբերսպորտային մրցաշարեր:

«Ապագայի խաղերը» վերջին տարիներին դարձել են միջազգային սպորտային օրացույցի ամենաարագ զարգացող նախագծերից մեկը՝ ներկայացնելով այն գաղափարը, որ ապագայի սպորտը միավորում է ֆիզիկական և թվային աշխարհները մեկ մրցակցային միջավայրում։

«Ապագայի խաղեր-2026»-ը կանցկացվի Աստանայի մի շարք խոշոր մարզական համալիրներում, այդ թվում՝ «Barys Arena», «Beeline Arena», «Qazaqstan Athletics Sports Complex» և Ժաքսիլիկ Ուշկեմպիրովի անվան Մարտարվեստների պալատում։ Մրցաշարը նպատակ ունի ոչ միայն որոշել աշխարհի լավագույն ֆիջիթալ մարզիկներին, այլև ներկայացնել սպորտի զարգացման նոր ուղղությունը, որտեղ իրական և վիրտուալ մրցակցությունը միավորվում են մեկ միասնական ձևաչափում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում