Ցանկանում ենք խաղալ հավասարակշռված ֆուտբոլ. «Փյունիկ»-ի նոր գլխավոր մարզիչը` թիմում իր ծրագրերի մասին
5 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունն ընկել է հունի մեջ ու թիմերը յուրաքանչյուր խաղի ընթացքում ձգտում են բարելավել դիրքերը մրցաշարային աղյուսակում: Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը` «Փյունիկ»-ը, մրցաշրջանի մեկնարկին մարզչական փոփոխության ենթարկվեց ու այժմ թիմը մարզում է հայկական Պրեմիեր լիգային ծանոթ Դմիտրի Գունկոն: Մարզիչն «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսել է թիմում իր տեսլականի մասին, ակումբի ներուժից ու զարգացման իր ծրագրից:
-Ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը «Փյունիկում» աշխատանքի առաջին ամիսներին։ Ի՞նչ փոփոխություններ եք ցանկանում տեսնել թիմում։
-Հիմնական նպատակը, բնականաբար, թիմի հնարավորություններին ավելի մոտիկից ծանոթանալն ու մեր մեթոդները թիմին ներկայիս ֆունկցիոնալ վիճակին համապատասխանեցնելն է, որպեսզի չվնասենք թիմին և աստիճանաբար ներդնենք այն գաղափարները, որոնք ունենք։
-Որքանո՞վ եք կարևորում երիտասարդ ֆուտբոլիստների ներգրավումը հիմնական թիմում, և կա՞ն արդյոք ակադեմիայի խաղացողներ, որոնք արդեն Ձեր ուշադրության կենտրոնում են։
-Վերջերս դիտել ենք «Փյունիկ»-ի երկրորդ թիմի՝ «Շիրակ»-ի դեմ հանդիպումը և արդեն պատկերացում ունենք, թե պահեստային կազմի որ ֆուտբոլիստները կարող են մոտ ապագայում միանալ հիմնական թիմին։ Բնականաբար, ժամանակ ենք տրամադրելու երիտասարդ խաղացողներին։ Կարծում եմ՝ «Փյունիկ»-ի ակադեմիան պետք է ֆուտբոլիստներ պատրաստի, իսկ մեր խնդիրն է զարգացնել նրանց և հասցնել հիմնական թիմ։

-Ի՞նչն եք ցանկանում փոխել «Փյունիկ»-ի խաղում, որը երկրպագուները կարող են նկատել արդեն առաջին հանդիպումներից։
-Մենք ցանկանում ենք խաղալ հավասարակշռված ֆուտբոլ, որը միտված կլինի արդյունքի հասնելուն։
-Որքա՞ն ժամանակ է Ձեզ անհրաժեշտ, որպեսզի թիմը սկսի խաղալ հենց Ձեր պատկերացրած ֆուտբոլը։
-Հուսով ենք՝ դրա համար շատ ժամանակ չի պահանջվի։
-Հայաստանի առաջնությունում ո՞ր մրցակցին եք ամենաշատը առանձնացնում և ինչո՞ւ։
-Այդ հարցում ոչ թե ես եմ առանձնացնում, այլ մրցաշարերն ու մրցաշարային աղյուսակները։
-Ձեր կարծիքով՝ «Փյունիկ»-ը ներկայումս ունի՞ այն կազմը, որով հնարավոր է հաջողության հասնել եվրոպական մրցաշարերում, թե՞ անհրաժեշտ են լուրջ համալրումներ։
-Ինձ համար ճիշտ չէ այս հարցը բարձրացնել։ Ես աշխատում եմ այն պայմաններում, որոնք ունենք այս պահին, և այն ֆուտբոլիստների հետ, որոնք կան թիմում։ Տրանսֆերային պատուհանը փակ է, թիմը համալրված է, և մեր գլխավոր խնդիրն է ավելի ուժեղ դարձնել ֆուտբոլիստներին ու ամբողջ թիմը։
-«Փյունիկ»-ի կազմում կան տարբեր ֆուտբոլային մշակույթներից եկած խաղացողներ։ Ինչպե՞ս եք պատրաստվում ձևավորել միասնական թիմային մթնոլորտ և խաղային փիլիսոփայություն։
-Մարզումային աշխատանքի, տեսական պարապմունքների և անհատական զրույցների միջոցով մշտապես տարվում են աշխատանքներ, որոնք շարունակաբար պահում են թիմի լավ ու մրցակցային մթնոլորտը։ Երբ ես եկա «Փյունիկ», հենց դա նկատեցի, այնպես որ փոխելու շատ բան էլ չունեմ։
-Եվրոպական մրցաշարերում «Փյունիկ»-ի առաջխաղացումը որքանո՞վ է Ձեզ համար առաջնահերթություն՝ Հայաստանի առաջնության հետ համեմատած։
-Ես չէի առանձնացնի այդ երկու մրցաշարերը։ Երկուսում էլ մեր գաղափարն է հաղթել յուրաքանչյուր խաղում և բարձրանալ առաջ՝ խաղի որակի շնորհիվ։
-Ձեր մարզչական կարիերայում ի՞նչ դաս եք ստացել նախորդ աշխատանքներից, որը հատկապես օգտակար կլինի «Փյունիկ»-ում։
-Յուրաքանչյուր տարի և մարզումային աշխատանքի յուրաքանչյուր օր ենթարկվում են վերլուծության։ Դրանից հետևություններ ենք անում և շարժվում առաջ։
-Եթե մեկ տարի անց կրկին հանդիպենք ու զրուցենք, ի՞նչ արդյունք պետք է ունենա «Փյունիկ»-ը, որպեսզի Դուք ինքներդ ասեք՝ «այո՛, մենք հասանք մեր նպատակին»։
-«Փյունիկ»-ը և մեր մարզչական շտաբը միշտ առավելագույն խնդիրներ են դնում իրենց առջև և անում հնարավոր ամեն ինչ դրանց հասնելու համար։ Իսկ հետո մրցաշարային աղյուսակն ու առաջնությունն ամեն ինչ իր տեղն են դնում։ Այդ պատճառով մենք ձգտում ենք առավելագույն նպատակներին։ Մեկ տարի անց կրկին կհանդիպենք և անպայման կզրուցենք։
