Սպորտ

«Ուրարտու»-ի Ստեփանավանի բազայում առաջիկայում կսկսվեն շինարարական աշխատանքները. ակումբի գլխավոր տնօրենը`թիմի, ակադեմիայի մասին

17 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ի Ստեփանավանի բազայում առաջիկայում կսկսվեն շինարարական աշխատանքները. ակումբի գլխավոր տնօրենը`թիմի, ակադեմիայի մասին

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ու ակումբի ակադեմիան տարիներ շարունակ եղել ու հիմա էլ մնում են հայկական ֆուտբոլի հիմնական դարբնոցներից:

«Արմենպրես»-ի հետ ծավալուն հարցազրույցում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը խոսել է ակումբի ենթակառուցվածքների, ակադեմիայի աշխատանքիների, ակումբի տարբեր տարիքային թիմերի ներուժի և այլնի մասին:

-Ի՞նչ փուլում են այսօր Ստեփանավանի և «Նաիրի» մարզադաշտերի հետ կապված ծրագրերը։

- Այս երկու նախագծերը մեր մշտական օրակարգում են, պարզապես գտնվում են տարբեր փուլերում։ Ստեփանավանի դեպքում մենք արդեն իրականացրել ենք հողային աշխատանքները, կառուցվել են հենապատերը նաև պատրաստ է ջրահեռացման համակարգը և նախագիծն արդեն մոտենում է այն փուլին, երբ կարող ենք ամբողջ ծավալով սկսել ակտիվ շինարարական աշխատանքները։ «Նաիրի» մարզադաշտի պարագայում ունենք նախնական նախագիծ, սակայն բախվել ենք բավականին մեծ խնդրի։ Մարզադաշտին հարող տարածքում նախկինում իրականացվել է հողային լցում, և այդ տարածքը, Երևանի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծով, դարձել է հատուկ պահպանվող տարածք և ընդգրկվել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների շրջանակում։  Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև դիմել Երևանի քաղաքապետ պարոն Տիգրան Ավինյանին, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ կարգավորել այս խնդիրը և սկսել նախագծման և շինարարական աշխատանքները։

-Ստեփանավանի մարզադաշտը ի՞նչ նշանակություն կարող է ունենալ ոչ միայն «Ուրարտու», այլև ամբողջ մարզի ֆուտբոլի զարգացման համար։

-Ստեփանավանի նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի մարզային ֆուտբոլի զարգացման համար։ Որպեսզի ամեն ինչ չկենտրոնացնենք մայրաքաղաքում, մեզ համար շատ կարևոր է մարզային ֆուտբոլի զարգացումը, որպեսզի մարզերի երեխաները ևս հնարավորություն ունենան զբաղվելու ֆուտբոլով։ Ստեփանավանում մարզաբազա ստեղծելով՝ մենք երեխաներին հնարավորություն ենք տալիս մարզվել, զբաղվել ֆուտբոլով և զարգացնել իրենց ֆուտբոլային հմտությունները, որպեսզի հետագայում կարողանան շարունակել իրենց ֆուտբոլային կարիերան ավելի բարձր մակարդակում։ Լոռու մարզը միշտ եղել է ֆուտբոլային տարածաշրջան։ Եթե մենք կարողանանք ստեղծել ճիշտ համակարգ, ապա հնարավորություն կունենանք ոչ միայն լավ ֆուտբոլիստներ պատրաստելու, այլև այդ մարզում կրկին ձևավորելու ֆուտբոլային միջավայր։

-Ի՞նչն է այսօր ամենամեծ խոչընդոտը նոր ենթակառուցվածքների կառուցման ճանապարհին։

-Շատերը, թերևս, առաջին հերթին կնշեն ֆինանսական հարցը, սակայն ես միայն դա չէի առանձնացնի։ Երբ ունենք ներդրող, որը պատրաստ է գումար ներդնել, չափազանց կարևոր է, որ վարչական գործընթացը լինի հնարավորինս հասկանալի և կանխատեսելի։ Իհարկե, շինարարության ընթացքում կան տարբեր փուլեր՝թույլտվություններ, հողի հետ կապված աշխատանքներ, քաղաքաշինական և բազմաթիվ այլ հարցեր։ Սակայն ցանկալի կլիներ, որպեսզի այդ ամբողջ գործընթացը լինի հնարավորինս պարզ և կանխատեսելի, հատկապես այն նախագծերի դեպքում, որոնք չեն հետապնդում բիզնես շահեր, այլ իրականացվում են հասարակության շահերից ելնելով։

Այս հարցի համատեքստում ուզում եմ անդրադառնալ պարոն Մելիքբեկյանի վերջին հարցազրույցին, որտեղ նա անդրադարձել է նաև մեր ակումբին։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ «Ուրարտու»-ի մարզադաշտը պետք է կառուցվի պետական միջոցներով, ուզում եմ հստակ նշել՝ ո՛չ «Ուրարտու» ակումբի սեփականատերը, ո՛չ էլ ակումբը երբևէ որևէ մեկից ֆինանսական օգնություն չեն խնդրել, առավել ևս՝ պետությունից։ Մենք միայն խնդրել ենք, որպեսզի շինարարությունից առաջ անհրաժեշտ վարչարարական գործընթացը հնարավորինս թեթևացվի և պարզեցվի, որպեսզի կարողանանք ավելի արագ սկսել նախագծման և շինարարական աշխատանքները։

-Ի՞նչ դեր ունի «Ուրարտու-2»-ը ակումբի ընդհանուր համակարգում։

-«Ուրարտու-2»-ը չափազանց կարևոր դեր ունի։ Իրականում այն ակադեմիայի և առաջին թիմի միջև ամենակարևոր փուլերից մեկն է։ 16-18 տարեկան ֆուտբոլիստը կարող է իր տարիքային խմբում շատ ուժեղ լինել, բայց մեծահասակների ֆուտբոլ մտնելը լրիվ այլ պատմություն է։ Այստեղ արդեն այլ արագություններ են, ֆիզիկական պայքար, պատասխանատվություն և այլ պահանջներ։ Ինձ համար «Ուրարտու-2»-ի գլխավոր արդյունքը ոչ այնքան մրցաշարային աղյուսակում բարձր հորիզոնական զբաղեցնելն է, որքան այն, թե որքան ֆուտբոլիստ է այդ թիմից հասնում առաջին թիմ։ Մեր ակումբը դրա վառ ապացույցն է, քանի որ մեր գլխավոր թիմի հայ ֆուտբոլիստների մեծ մասը նախկինում եղել է «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստ, իսկ դրանից առաջ՝ մեր ակադեմիայի սան։

-Անդրադառնալով կանանց թիմի ստեղծմանն ու զարգացմանը. ի՞նչ տեղ ունի կանանց ֆուտբոլն ակումբի երկարաժամկետ ռազմավարության մեջ։

-Կանանց ֆուտբոլը մեզ համար մեծ նշանակություն ունի և չի կարող դիտարկվել որպես ձևական նախագիծ։ Մենք շատ լուրջ մոտեցում ենք ցուցաբերում կանանց թիմին։ Իհարկե, տղամարդկանց ֆուտբոլի համակարգի համեմատ այստեղ դեռ շատ բան կա կառուցելու և անելու։ Մեր հիմնական նպատակն այն է, որ կանանց թիմը դառնա ակումբի նույնքան բնական և կարևոր մասը, որքան տղամարդկանց բարձրագույն թիմը։ Մեր կատարած աշխատանքի արդյունքը նաև այն է, որ տարբեր տարիքային կանանց հավաքականներ մեր ակումբից հրավիրում են ֆուտբոլիստուհիների։ Մենք ակադեմիայի հետ սերտ համագործակցության համակարգ ենք կառուցել նաև կանանց թիմերի համար և լիահույս ենք, որ մեր աղջիկների մանկապատանեկան թիմերի և գլխավոր թիմի միջև կապը կձևավորվի նույն սկզբունքով, ինչ տղաների պարագայում է։

-Ո՞րն է «Ուրարտու» ակադեմիայի հիմնական նպատակը՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ պատրաստե՞լը, թե՞ ավելի լայն ֆուտբոլային կրթություն տալը։

-Որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ՝ մենք, իհարկե, ակադեմիայի գլխավոր նպատակը համարում ենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ պատրաստելը։ Միաժամանակ բոլորս հասկանում ենք, որ ակադեմիայի բոլոր սաները չեն կարող դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ։  Այդ իսկ պատճառով մեր հիմնական պարտականություններից է նաև նրանց մեջ կարգապահություն, կրթություն, թիմային մտածողություն և պետության ու հասարակության նկատմամբ պատասխանատվություն սերմանելը։ Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր սան, ի վերջո, ինչ-որ արժեք ստանա մեր ակադեմիայում անցկացրած տարիներից՝ անկախ նրանից՝ կշարունակի՞ իր ճանապարհը պրոֆեսիոնալ ֆուտբոլում, թե՞ ոչ։ Մեր նպատակն է, որ նա մեծանա որպես լիարժեք և արժանի քաղաքացի, որը կարող է իր ներդրումն ունենալ մեր պետության և հասարակության զարգացման գործում։

-Ինչպե՞ս եք գնահատում ակադեմիայի արդյունավետությունը։

- Ակադեմիայի արդյունավետությունը միայն մրցաշարային արդյունքներով գնահատելը ճիշտ չեմ համարում։ Մենք ուշադրություն ենք դարձնում նրան, թե որքանով են երեխաները անհատապես զարգանում, որքանով են կատարելագործվում մեր մարզիչները, քանի ֆուտբոլիստ է բարձրանում հաջորդ տարիքային կամ ավելի բարձր մակարդակ, և որքանով ենք կարողանում պատրաստել այնպիսի ֆուտբոլիստների, որոնք հետագայում կարող են հասնել պրոֆեսիոնալ ֆուտբոլի և ազգային հավաքականների մակարդակի։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ առանձնացնել տարբեր տարիքային հավաքականներում մեր ակադեմիայի ֆուտբոլիստների ներկայացվածությունը։

-Ակադեմիայի ո՞ր տարիքային խմբերն են այսօր ամենաուժեղը։

-Այս պահին, եթե գնահատենք ոչ միայն արդյունքներով, այլև խաղային մակարդակով և զարգացման ներուժով, չէի ցանկանա առանձնացնել միայն մեկ կամ երկու տարիքային խումբ։ Մեր հիմնական նպատակն այն է, որ ուժեղ լինի ամբողջ համակարգը՝ սկսած ամենափոքր տարիքային խմբերից մինչև Մ18 թիմ։ Յուրաքանչյուր տարիքային փուլում մեր խնդիրն է, որ ֆուտբոլիստը հնարավորինս պատրաստված մտնի հաջորդ մակարդակ։ Հետագայում ցանկանում ենք, որ այդ ֆուտբոլիստները, անցնելով ակադեմիայի տարբեր փուլերը, ավելի պատրաստված վիճակում համալրեն «Ուրարտու-2»-ը, գլխավոր թիմը, ինչպես նաև տարբեր տարիքային հավաքականները և, իհարկե, Հայաստանի ազգային հավաքականը։

-Հավաքականներ հրավիրվող ֆուտբոլիստների թվաքանակը Ձեզ համար հաջողության հիմնական չափանիշների՞ց մեկն է։

-Այո՛, սա կարևոր ցուցանիշ է։ Մեր ակումբը տարբեր տարիքային հավաքականներին տրամադրում է ամենամեծ թվով ֆուտբոլիստներին, և դա նշանակում է, որ մենք ինչ-որ բան ճիշտ ենք անում։ Բայց կարևոր է ոչ միայն հավաքականներ հրավիրվող ֆուտբոլիստների քանակը, այլև այն, որ այդ հրավերներից հետո երեխան կարողանա շարունակել իր զարգացումը և պայքարել ակումբի ավելի բարձր մակարդակի թիմերում խաղալու համար՝ հետագայում նաև ազգային հավաքական հրավիրվելու նպատակով։

-Որքա՞ն կարևոր է արտասահմանյան ակումբների և ակադեմիաների հետ համագործակցությունը։ -Դա շատ կարևոր է։ Երիտասարդ ֆուտբոլիստների զարգացումը միայն սեփական երկրի ներսում մրցակցությամբ սահմանափակել չի կարելի։ Միջազգային համագործակցությունը հնարավորություն է տալիս մեր մարզիչներին և ֆուտբոլիստներին ծանոթանալ այլ ֆուտբոլային մշակույթների, ձեռք բերել նոր փորձ և հասկանալ, թե զարգացման ինչ հնարավորություններ կան։ Այդ համատեքստում մենք միջազգային մրցաշարերն ու տարբեր երկրների թիմերի հետ հանդիպումները դիտարկում ենք որպես զարգացման կարևոր գործիք։ Որպես օրինակ՝ «Ուրարտու»-ն 2026 թվականին անցկացրել է Simon Cup մրցաշարը, որն անցկացվում է արդեն հինգերորդ անգամ, իսկ մեր ակադեմիայի թիմերը մշտապես մասնակցում են նաև արտասահմանյան մրցաշարերի։ Իմ կարծիքով՝ ապագայում համագործակցությունը պետք է չսահմանափակվի միայն ընկերական խաղերի կամ մրցաշարերի մակարդակով։ Այն պետք է ներառի նաև մարզիչների փոխայցեր, փորձի փոխանակում, համատեղ ուսումնամարզական ծրագրեր, ֆուտբոլիստների զարգացմանն ուղղված ծրագրեր և մեթոդաբանության փոխանակում։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայիս մակարդակը։

-Վերջին տարիներին, կարծում եմ, որոշ առումով մեր առաջնությունը դարձել է ավելի մրցունակ։ Մեծացել է այն ակումբների թիվը, որոնք ավելի մեծ ներդրումներ են կատարում և ավելի լուրջ նպատակներ են դնում։ Սակայն, ըստ իս, առաջնության մակարդակը միայն խաղադաշտում ցուցադրած արդյունքներով չէ, որ պետք է չափել։ Կան նաև բազմաթիվ այլ խնդիրներ՝ մարզադաշտերի, հեռարձակումների, մարքեթինգի, խաղացանկի, մրցավարության, հանդիսատեսի ներգրավվածության և այլ ոլորտներում։ Եթե մենք ուզում ենք ունենալ իսկապես պրոֆեսիոնալ առաջնություն, ապա այս ամբողջ փաթեթի խնդիրները պետք է հնարավորինս շուտ լուծում ստանան։ Իմ կարծիքով՝ այսօրվա առաջնության գլխավոր խնդիրներից մեկը պրոֆեսիոնալ կառավարման բացակայությունն է։ Մենք վաղուց այն կարծիքին ենք, որ պետք է ստեղծվի պրոֆեսիոնալ լիգա՝ ոչ թե պարզապես անվանումով կառույց, այլ լիարժեք մարմին, որն ամեն օր զբաղվելու է առաջնության զարգացմամբ։ ՀՖՖ-ն պետք է շարունակի զբաղվել իր ավելի լայն պատասխանատվության շրջանակում գտնվող հարցերով՝ ազգային հավաքականով, տարբեր տարիքային հավաքականներով, մրցավարությամբ և այլ ուղղություններով։ Իսկ պրոֆեսիոնալ լիգան պետք է զարգանա որպես առանձին ֆուտբոլային և կոմերցիոն պրոդուկտ, որտեղ ակումբները պետք է ունենան ավելի մեծ դեր և մասնակցություն։

-Հայաստանի առաջնությունը որքանո՞վ է գրավիչ ֆուտբոլիստների, մարզիչների և ներդրողների համար։

-Իհարկե, ֆուտբոլիստների համար հետաքրքրություն կա, որովհետև այստեղից նրանք հնարավորություն ունեն խաղալու եվրագավաթներում։ Նույնը, որոշ չափով, կարող եմ ասել նաև մարզիչների մասով։ Ներդրողի պարագայում հարցն ավելի բարդ է։ Ներդրողը պետք է հասկանա, թե ինչ համակարգում է ներդրում կատարում, ինչ կանոններ են գործում և ինչ հնարավոր եկամուտներ կարող են ձևավորվել։ Այն պարագայում, երբ մենք չունենք բավարար մակարդակի մարզադաշտեր, հանդիսատեսի ներգրավվածություն, որակյալ հեռարձակումներ և զարգացած կոմերցիոն աշխատանք, ներդրողին երկարաժամկետ հետաքրքրելը բավականին դժվար է։ -Ինչպե՞ս կարելի է բարձրացնել հայ ֆուտբոլիստների շուկայական արժեքը։

-Ամենակարևոր հանգամանքն այն է, որ ֆուտբոլիստը պետք է ստանա խաղաժամանակ։ Մենք կարող ենք շատ երկար խոսել տաղանդի մասին, բայց այն պարագայում, երբ 19-20 տարեկան ֆուտբոլիստը նստած է պահեստայինների նստարանին, նրա արժեքը չի բարձրանա։

Մենք միշտ կողմ ենք եղել, որպեսզի խաղադաշտում առնվազն 4 և ավելի հայ ֆուտբոլիստ լինի, իսկ հայտացուցակում՝ 10։ Չեմ ուզում, որ սա դիտարկվի որպես քայլ լեգեոներների դեմ։ Որակյալ լեգեոներները մեզ անհրաժեշտ են։ Եթե լեգեոները որակ է բերում, ապա նրա կողքին մեր ֆուտբոլիստը նույնպես աճում է և զարգանում։ Բայց եթե միջին մակարդակի լեգեոները զբաղեցնում է երիտասարդ հայ ֆուտբոլիստի տեղը, ապա այստեղ արդեն շատ լուրջ պետք է մտածել, թե որքանով է դա օգտակար հայկական ֆուտբոլի զարգացման համար։

-Եթե «Ուրարտու»հնարավորություն ունենար մեկ փոփոխություն առաջարկել Պրեմիեր լիգայի համակարգում, ի՞նչը կփոխեիք։ -Ինչպես նշեցի նախորդ հարցում, իմ կարծիքով՝ առաջնության զարգացման կարևորագույն քայլը պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումն է՝ ակումբների անմիջական մասնակցությամբ։ Այդ կառույցը պետք է զբաղվի առաջնության հեռարձակման իրավունքներով, հովանավորների ներգրավմամբ, խաղացանկի ձևավորմամբ, մարքեթինգով, ինչպես նաև հանդիսատեսի հետ աշխատանքով։ Իհարկե, ՀՖՖ-ն պետք է շարունակի իրականացնել իր կարգավորող և վերահսկող գործառույթները, սակայն առաջնության՝ որպես ֆուտբոլային պրոդուկտի, զարգացման հիմնական պատասխանատվությունը պետք է ստանձնեն ակումբները, քանի որ հենց նրանք են ամենամեծ ներդրումներն անում հայկական ֆուտբոլում։

-Ձեր պատկերացրած իդեալական հայկական Պրեմիեր լիգան ինչպիսի՞ն պետք է լինի 5 տարի հետո։

-Ես երբեք չեմ կարող ասել, որ հինգ տարի անց մենք կունենանք Գերմանիայի կամ Իսպանիայի մակարդակի առաջնություն։ Բոլորս հասկանում ենք, որ դա իրատեսական չէ։ Բայց կարծում եմ՝ այդ ժամանակահատվածը լիովին բավարար է, որպեսզի կարողանանք ունենալ ավելի կազմակերպված և պրոֆեսիոնալ առաջնություն՝ պրոֆեսիոնալ լիգա, լավ մարզադաշտեր, որակյալ հեռարձակումներ, ուժեղ ակադեմիաներ և շատ հայ ֆուտբոլիստներ խաղադաշտում։ Եթե այս ուղղություններով հետևողական աշխատանք տարվի, կարծում եմ՝ հինգ տարվա ընթացքում կարող ենք էական առաջընթաց գրանցել և ստեղծել այնպիսի ֆուտբոլային միջավայր, որն ավելի գրավիչ կլինի թե՛ ֆուտբոլիստների, թե՛ մարզիչների, թե՛ ներդրողների և, ամենակարևորը, երկրպագուների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում