Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին
17 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը համոզված է, որ երկու երկրների համատեղ ջանքերով իրականացվող ծրագրերի շնորհիվ՝ մոտ ապագայում կարձանագրվեն բազմավեկտոր առաջընթացի տպավորիչ արդյունքներ։ Ստորև ներկայացնում ենք «Արմենպրես»-ի և «NEWS.am»-ի թղթակիցների հետ դեսպան Լի Սինվեյի ամբողջական հարցազրույցը։
- Մեծարգո պարոն դեսպան, անցյալ տարի Հայաստանը և Չինաստանը երկկողմ հարաբերությունները բարձրացրին ռազմավարական մակարդակի՝ նշանավորելով երկկողմ կապերի նոր փուլի սկիզբը։ Այդ որոշման կայացումից ի վեր գրեթե մեկ տարի է անցել։ Ինչպե՞ս եք գնահատում դրա իրականացման ընթացքը։ Որո՞նք են մինչ օրս արձանագրված ամենակարևոր քաղաքական, տնտեսական և ինստիտուցիոնալ արդյունքները։
-Արդեն 500 օր է, ինչ նշանակվել եմ ՀՀ-ում Չինաստանի դեսպան և այս ժամանակահատվածում ականատես եմ եղել, թե որքան արագ տեմպերով են զարգանում հայ-չինական հարաբերությունները։ Առաջին ամենակարևոր նախաձեռնությունը, որին ականատես եմ եղել, իհարկե մեր երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատումն է, ինչը տեղի ունեցավ անցյալ տարվա օգոստոսին ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական ջանքերի շնորհիվ։ Անցյալ տարի ՀՀ վարչապետը պաշտոնական այցով գտնվել է Չինաստանում, և նրա այցի ընթացքում շատ կարևոր հարցերի շուրջ եղել են քննարկումներ, ինչպես նաև որոշում է կայացվել այն մասին, որ Հայաստանը պետք է անդամակցի Շանհայան համագործակցության կազմակերպությանը։
Ընթացիկ տարվա սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՇՀԿ հերթական համաժողովին, որին ներկա էր նաև ՉԺՀ նախագահը։ Այդ համաժողովի ընթացքում Սի Ծինփինը ևս մեկ անգամ հրավիրել է ՀՀ վարչապետին այցելել Չինաստան։ Երկու երկրների ղեկավարների միջև նույնիսկ կարճ շփումները շատ կարևոր են հարաբերությունների հետագա զարգացման համար։ Մեր երկրների ղեկավարների պաշտոնավարման օրոք նաև ՀՀ և ՉԺՀ խորհրդարանների միջև համագործակցությունն ավելի է սերտացել։ Ակտիվանում են բարձր մակարդակով փոխայցելությունները։ Վերջերս Չինաստանի խորհրդարանից ստվար պատվիրակություն էր ժամանել Հայաստան։ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում հիմնված է փոխշահավետության և փոխադարձ հարգանքի վրա։ Բազմապիսի հարցերի շուրջ, որոնք ներկայացնում են երկուստեք հետաքրքրություն, հեշտությամբ գալիս ենք ընդհանուր հայտարարի։
Շատ տեսանելի է այն իրողությունը, որ քաղաքական համագործակցությունը երկու երկրների միջև ընթանում է բավականին հարթ, ինչը նկատել եմ իմ պաշտոնավարման ընթացքում։ Երկկողմ համագործակցության տիրույթում շատ ամուր է նաև փոխվստահությունը։ Եթե հարաբերությունները հիմնված են փոխվստահության վրա, ապա տարբեր ոլորտներում համագործակցությունը կընթանա շատ ավելի լավ։ Չինաստանն արդեն սկսել է զարգացման 15-րդ հնգամյա ծրագրի իրականացման աշխատանքները։ ՀՀ կառավարությունը նույնպես ներկայացրել է 2026-31 թվականների իր ծրագիրը։ Այդ ծրագրերի մեջ կան ընդհանրություններ, քանի որ դրանք ուղղված են բովանդակ զարգացմանը և կոչված են նպաստել մարդկանց բարեկեցության աճին։ Ծրագրերում մեծ ուշադրություն է դարձվում տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, նորարարական էներգետիկայի ոլորտներին։
Չինաստանը երկար տարիներ իրականացնում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, իսկ հայկական կողմն առաջ է քաշել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Կարևոր է նշված նախաձեռնությունների շրջանակում գտնել ընդհանուր եզրեր։ Մենք ողջունում ենք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Մեր երկու երկրները տարբեր հարցերի շուրջ աջակցել են միմյանց, երբևէ չեն ունեցել տարաձայնություններ։ Իմ պաշտոնավարման ընթացքում տեսել եմ, թե որքան հարթ է ընթանում համագործակցությունը տարբեր ոլորտներում և տարեցտարի որքան արագ է զարգանում երկկողմ համագործակցությունը։ Մեր կարևորագույն նպատակն այն է, որ երկու ժողովուրդներն այդ համագործակցության արդյունքները զգան իրենց ամենօրյա կյանքում։ Եթե հաշվի առնենք նախորդ տարվա ընթացքում Հայաստանի և Չինաստանի կողմից առաջ քաշված ծրագրերը, ապա գալիք հնգամյակում համագործակցությունն ավելի կզարգանա և պատկերացրածից ավելի շատ արդյունքներ կունենանք։ Եթե գա մի օր, որ ՀՀ քաղաքացիները որոշեն իրենց հանգստյան օրերն անցկացնել Չինաստանում, դա կփաստի այն մասին, որ մենք երկուստեք կատարել ենք բավականին մեծ աշխատանք։
-Այսօր Հայաստանը վարում է տնտեսության դիվերսիֆիկացման և ենթակառուցվածքների զարգացման քաղաքականություն։ Արդյոք ներկայումս էական բանակցություններ են ընթանում չինական պետական կամ մասնավոր ընկերությունների հետ՝ խոշոր նախագծերի իրականացման վերաբերյալ։ Կարո՞ղ ենք մոտ ապագայում ակնկալել այնպիսի ներդրումային նախաձեռնությունների ի հայտ գալը, որոնք էական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա։
-Չինաստանն ամբողջ աշխարհում համարվում է զարգացած տնտեսությամբ երկրորդ երկիրը, հետևաբար զարմանալի չէ, որ հանդիսանում է նաև Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերը։ Այդ իրավիճակը կայուն կերպով պահպանվում է երկար ժամանակ։ Այժմ տեսնում ենք, թե որքան արագ է զարգանում Չինաստանի տնտեսությունը և որոշ ոլորտներում գերազանցում է Միացյալ Նահանգների տնտեսությանը՝ գրանցելով տպավորիչ արդյունքներ։ ՉԺՀ տնտեսության աճի տեմպերն անհամեմատելի են բազմաթիվ երկրների տնտեսական զարգացման աճի հետ։ Մենք միշտ հավատարիմ կմնանք զարգացման ուղուն՝ խթանելով ռազմավարական նոր ոլորտներ, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաներն ու նորարարական էներգետիկան։
Եթե համեմատենք մեր երկու երկրների առևտրատնտեսական շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա պետք է ուրախությամբ արձանագրենք, որ այդ շրջանառությունն աճել է 22,9 տոկոսով։ Դա ցույց է տալիս, թե որքան արագ է զարգանում երկկողմ համագործակցությունն առևտրի բնագավառում։ Եթե տեմպը պահպանվի, գալիք տարիներին կունենանք ավելի տպավորիչ ցուցանիշներ։ Հայկական արտադրանքը մուտք է գործում չինական շուկա, սակայն լոգիստիկ ծախսերի պատճառով մեզ մոտ վաճառվում է բարձր գներով։ Հայաստանում հաճախ այցելում եմ խանութներ և տեսնում, որ գնային առումով այնտեղ ներկայացված է հայկական ծագմամբ բավականին մատչելի ու բարձրորակ արտադրանք։ Ցանկանում ենք, որ նման ապրանքներն ավելի մեծ քանակով մուտք գործեն չինական շուկա։
Հայաստանում սպառվում են նաև չինական բազմաթիվ ապրանքներ, և եթե լոգիստիկ հարցերը կարգավորվեն, ապա ավելի մեծ քանակով չինական արտադրանք մուտք կգործի հայկական շուկա և գնային առումով կլինի ավելի մատչելի։ Չինական ապրանքներն իսկապես ունեն բարձր որակ և համեմատաբար ցածր գին։ Եթե այցելեք Չինաստան, ապա դրանում կհամոզվեք՝ հաճախելով առևտրի կենտրոններ։ Գիտեմ, որ Հայաստանում զարգացած է գյուղատնտեսությունը, այստեղ կան բարձրորակ ապրանքներ, որոնք արտահանվում են նաև Եվրոպա։ Բավականին հայտնի են հատկապես հայկական կոնյակն ու գինին։ Իսկ Չինաստանում շատ պահանջված է սուրճը։ Մեր նահանգներից մեկում արտադրվում է սուրճի ամբողջ ծավալի 14 տոկոսը։ Հայաստանը նույնպես ունի սուրճի մեծ պահանջարկ, ուստի լոգիստիկ հարցերի կարգավորման դեպքում չինական արտադրության սուրճը հնարավոր է շատ ցածր գներով ներմուծել Հայաստան։
Ենթակառուցվածքների զարգացման բնագավառում Չինաստանն ունի զգալի փորձ։ Կան շատ կազմակերպություններ, որոնք իրականացնում են բարձրորակ շինարարություն, հետևաբար եթե Հայաստանում լինեն համապատասխան ծրագրեր, խորհուրդ կտամ դրանց իրականացման ժամանակ անպայման հաշվի առնել չինական կազմակերպությունների փորձը։ Հայաստան ժամանելուն պես՝ նկատել եմ, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ պատվիրում են սնունդ, որն առաքվում է իրենց։ Լսել եմ նաև, որ այդ ոլորտը Հայաստանում այնքան էլ զարգացած չէ, մինչդեռ Չինաստանում առաքումները կատարվում են բավականին արագ ու էֆեկտիվ, ուստի պատրաստ ենք այդտեղ էլ կիսվել մեր փորձով, որպեսզի առաքման ոլորտն ավելի զարգանա Հայաստանում։ Գիտեմ, որ չին զբոսաշրջիկները շատ են սիրում հայկական ուտեստները, հայկական լավաշն ու խորովածը։ Լինելով դեսպան՝ շատ եմ ցանկանում, որ հայկական ապրանքները մուտք գործեն Չինաստան, որպեսզի չինացի սպառողներն ավելի ծանոթ լինեն հայկական բարձրորակ արտադրանքին։ Կուզենայի նաև, որ Հայաստանում ավելանար չինական ռեստորանների քանակը։
Հայ ժողովուրդը շատ խելացի է, Հայաստանում կան տաղանդավոր երաժիշտներ, այստեղ բավականին տարածված է շախմատը։ Տարբեր ոլորտներում կարելի է գտնել ընդհանրություններ ու նախանշել սերտ համագործակցության եզրեր։ Անելիքները շատ են, համագործակցության հեռանկարները՝ մեծ։ Երկուստեք կաշխատենք, որպեսզի մարդկանց կյանքը դարձնենք ավելի բարեկեցիկ՝ զարգացնելով երկու երկրների համագործակցությունը։ Ես, որպես դեսպան, այդ ուղղությամբ կգործադրեմ ավելի մեծ ջանքեր, որպեսզի համատեղ բոլոր ծրագրերն իրականացվեն։
-Չինաստանը տեսնու՞մ է կոնկրետ ոլորտներ, որտեղ Հայաստանը կարող է առանցքային գործընկեր դառնալ եվրասիական լոգիստիկ համակարգում։ Ինչպե՞ս է Պեկինը դիտարկում Հայաստանի ռազմավարական նշանակությունը տարածաշրջանում։
-Խոսելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մասին՝ կարող եմ նաև հիշատակել «Մետաքսի ճանապարհը», որը մեր երկու ժողովուրդներին կապել է դեռ երկու հազար տարի առաջ։ Հայերն ու չինացիները վաղնջագույն ժամանակներից ունեցել են առևտրային կապեր։ Ինքս Հայաստանի պատմության թանգարանում տեսել եմ մետաքսյա իրեր, չինական ճենապակի։ Հայտնի է, որ հայկական գինիներն ու համեմունքները նույնպես այդ ճանապարհով հասել են Չինաստան։ Գիտեմ, որ հայ ժողովուրդն ունի գինեգործության հարուստ պատմություն և մինչ օրս թողարկում է բարձրորակ արտադրանք։
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը նաև մշակույթի անբաժանելի մասն է։ Կարելի է հիշատակել Վարդան Մամիկոնյանին, ով դարձել է մեր երկու երկրների բարեկամության խորհրդանիշը։ Հայաստանն ու Չինաստանն ունեն հազարամյակների բարեկամություն, ինչի շնորհիվ հայերն ու չինացիները հեշտությամբ լեզու են գտնում, ճանաչում միմյանց։ Տասը տարի առաջ, երբ ասպարեզ եկավ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, նպատակն էր վերագտնել «Մետաքսի ճանապարհի» ժամանակաշրջանի շունչը։ Հայաստանն այն երկրներից է, որն առաջինը միացավ վերոհիշյալ նախաձեռնությանը։ Այժմ միջազգային իրավիճակը բավականին բարդ է ու անկայուն, ու թեև դժվար է կանխատեսումներ անել, թե այդ առումով ինչ կլինի մոտ ապագայում, բայցևայնպես մեր երկու երկրները պետք է համատեղ ուժերով փորձեն իրականացնել զարգացման տանող նախաձեռնությունները։ Չինաստանում արդեն ընդունվել է համընդհանուր զարգացման 15-րդ հնգամյա ծրագիրը, որում նշված է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում կշարունակվի կատարելագործվել համապարփակ փոխկապակցվածությունը, ենթակառուցվածքների արդիականացումը, բեռնափոխադրումների մակարդակը։
Քանի որ Հայաստանը գտնվում է Անդրկովկասում ու Եվրասիական մայրցամաքի խաչմերուկում՝ կապելով Ասիան Եվրոպայի հետ, բնականաբար ունի շատ կարևոր դերակատարություն։ Հայաստանն իր պատմության ընթացքում անցել է բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել է մինչ օրս պահպանել իր մշակույթը, լեզուն և ինքնությունը։ Անդրկովկասը Չինաստան-Եվրոպա երթուղու հարավային ուղղության առանցքային մասն է կազմում, ուստի Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը միանգամայն տեղին է։ Կարևոր է հատկապես «խաղաղություն» բառը, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն այս տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Չինաստանը նույնպես ձգտում է խաղաղության, ուստի ողջունում է հայկական կողմի առաջ քաշած գաղափարները։
Երբ նոր էի ժամանել Հայաստան, կար ընդամենը մեկ չվերթ՝ Երևան-Ոռումչի ուղղությամբ, իսկ այսօր չվերթներն ավելացել են, շաբաթվա կտրվածքով իրականացվում են վեց անգամ։ Ավելացել է նաև չին զբոսաշրջիկների քանակը։ Նախորդ տարվա համեմատ՝ այդ ցուցանիշն աճել է 17 տոկոսով։ Մեծացել է նաև հայ հասարակության հետաքրքրությունը Չինաստանի հանդեպ։ Հուսով ենք, որ փոխադարձ այցերը զբոսաշրջության ոլորտում գնալով կակտիվանան, ինչը կհանգեցնի ավիատոմսերի գների զգալի նվազեցման։ Չինաստանը տարածքով մեծ երկիր է, ուստի տարբեր նախասիրություններ ունեցող մարդիկ այնտեղ կարող են գտնել համապատասխան տեղ ու ճանապարհորդել։ Չինաստանը նաև հնարավորությունների երկիր է, որտեղ կարելի է աշխատել և կրթվել։ Վստահ եմ, որ երկկողմ բարեկամությունն ավելի է խորանալու, իսկ համագործակցությունն ավելի է զարգանալու։
-Ներկայումս Չինաստանը համաշխարհային առաջատար է արհեստական բանականության, թվային տնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Ի՞նչ նոր հնարավորություններ եք տեսնում հայ-չինական համագործակցության համար այս ոլորտներում։
-Չինաստանն արհեստական բանականության ոլորտում առաջատար երկրներից է, սակայն չի ձգտում թվային գերիշխանության ու չի իրականացնում տեխնոլոգիական շրջափակում, այլ հետևողականորեն նպաստում է նշված ոլորտում կարողությունների, ինժեներական ծրագրերի զարգացմանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցների և առհասարակ ՀՀ-ում գտնվելու ընթացքում նկատել եմ, թե Հայաստանը որքան է կարևորում ՏՏ ոլորտի զարգացումը, չիպերի արտադրությունը, էներգետիկ նոր աղբյուրների կիրառկումը։ Կան հստակ ծրագրեր, և ՀՀ կառավարությունը ձգտում է դրանք կյանքի կոչել։
Հայաստանն այսօր իրականացնում է բալանսավորված արտաքին քաղաքականություն, ինչն իսկապես առավելություն է բերում ձեր երկրին։ Հայաստանը համագործակցության առումով բաց է բոլորի առջև։ Այստեղ ժողովուրդն ազդեցիկ գործոն է, որովհետև Հայաստանում կան լավ մասնագետներ։ Հայ հասարակության ներսում մեծ հակում կա հատկապես մաթեմատիկայի նկատմամբ, երեխաները խելացի են, ինչը նույնպես առավելություն է՝ զարգացում ապահովելու համար։ Նկատելի է, թե որքան ներդրումներ են արվում Հայաստանում տարբեր երկրների կողմից։ Նոր բացվող կազմակերպություններից շատերը մասնագիտանում են հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ու արհեստական բանականության ոլորտում, հետևաբար Հայաստանն ու Չինաստանը քննարկում են նման ոլորտների զարգացման հեռանկարները։ Վստահ եմ, որ ապագայում կտեսնենք ավելի տպավորիչ արդյունքներ։ Հայաստանը կդառնա ավելի մրցունակ պետություն։ Նշված ոլորտների զարգացումն, անշուշտ, կնպաստի հայ ժողովրդի բարեկեցության աճին։
