Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը ԲԿ-ում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարը ԲԿ-ում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է Կոտայքի մարզում ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկային ծառայողին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արփինե Սարգսյանը հետաքրքրվել է նրա առողջական վիճակով և բուժման ընթացքով։ Բուժանձնակազմը՝ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, նախարարին ներկայացրել է պարեկային ծառայողի առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ։

Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրվածության համար, պարեկային ծառայողին մաղթել է շուտափույթ ապաքինում։

Ավելի վաղ Ոստիկանությունից հատնել էին, որ հոկտեմբերի 5-ին ժամը 1:35-ի սահմաններում Պարեկային ծառայության կարգախմբերից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում պարեկները հայտնաբերել են իրավախախտ վարորդի, որը, վարելով «Հյունդայի» մեքենան, չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից հրազենով կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Ծառայողներից մեկը՝ ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել բժշկական կենտրոնից։

ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 2 անձ և նշված «Հյունդայի» մեքենան:

Ըստ նախնական տվյալների՝ «Հյունդայիում» գտնված վարորդն ու ուղևորը, որոնք Կոտայքի մարզի բնակիչներ են, եղել են ոչ սթափ վիճակում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում