Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները
5 րոպեի ընթերցում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Ղազախստանում կայացած Աշխարհի առաջնությունից վերադարձել է 2 մեդալով՝ 1 ոսկի, 1 բրոնզ, սակայն ակնկալիքները շատ ավելի մեծ էին։ Ամփոփելով առաջնության արդյունքները՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը նախ անդրադարձավ 63 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Ասլանյանի գոտեմարտերին, որոնցում գրանցած բարձր արդյունքներով նա դարձել է աշխարհի չեմպիոն։
«Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում թե Աշխարհի, թե Եվրոպայի առաջնություններից, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր։ Ինչպես գիտեք, Կարենը հանդես էր գալիս 67 կգ քաշային կարգում, այժմ նոր՝ 63 կգ քաշային կարգում է փորձում հանդես գալ՝ հաշվի առնելով անհրաժեշտ բոլոր պահանջները։ Այսօր իր մրցելույթներով նա ապացուցեց, որ այս քաշային կարգում աշխարհում թիվ 1 ըմբիշն է»-ասաց Արմեն Բաբալարյանը։

Կարեն Ալսանյանի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանը նշեց, որ այդ ոսկե մեդալը տևական ժամանակ քրտնաջան աշխատանքի արդյունք է։

«Կարենի հետ միասին ճանապարհ ենք անցնում ինչպես մի ընտանիք։ Շատ դժվարություններ ենք տեսել, երազում էինք նման հաջողություն ունենալու մասին։ Նա մեծ ներուժ ունի, սակայն միշտ ինչ-որ բան խանգարում էր։ Մեծահասակաների պայքարում ոսկե մեդալը պակասում էր, հիմա դա էլ ունենք։ Կարեն Ասլանյանի համար շատ ուրախ եմ, երկար սպասված ոսկե մեդալ էր, ամեն ինչ կանենք, որ այս հաջողությունները կրկնվեն»,-ասաց Սամվել Գևորգյանը։
Խոսելով իր գոտեմարտերի մասին՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը նկատեց, որ բավական լավ պատրաստված էր ու վստահ իր ուժերին։

«Այնպես ստացվեց, որ իմ մրցակիցներին հիմնականում խոշոր հաշվով եմ հաղթել, թեպետ դա ի սկզբանե դրված մարտավարություն չէր։ Բոլոր մրցակիցներն էլ շատ ուժեղ էին, սակայն կառանձնացնեի Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանին։ Նա գոտեմարտում բավական բարդ ու անկանխատեսելի մարզիկ է, սակայն հաջողվեց հաղթել, ինչի համար շատ ուրախ եմ։ Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը»,-ասաց Կարեն Ասլանյանը։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գևորգ Թադևոսյանը նշեց, որ բավական լավ պատրաստվել էր այս Աշխարհի առաջնությանը ու ակնկալիքները մեծ էին։

«Առաջին գոտեմարտը ռուս ըմբիշի հետ էր, որը շատ ուժեղ մրցակից էր, սկզբում բավական դժվար ընթացք եղավ, բայց փառք Աստծո, կարողացա ճիշտ ժամանակին հավաքվել ու հետ բերել կորցրածս և հաղթել։ Դրանից հետո Ղազախստանը ներկայացնող մարզիկի հետ էր գոտեմարտը, ասեմ, որ լարվածություն չկար, և հաղթելու ցանկությունը շատ մեծ էր։ Հաջորդիվ Իրանը ներկայացող ըմբիշի հետ գոտեմարտը զիջեցի, իսկ արդեն բրոնզե մեդալի համար Ուկրաինայի ըմբիշի հետ պայքարում ամբողջ ուժերս ներդրեցի։ Ինձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր»,-ասաց Գևորգ Թադևոսյանը։
Խոսելով հավաքականի ներուժից ու այս Աշխարհի առաջնությունում ավելի շատ մեդալներ նվաճելու հնարավորությունից՝ Արմեն Բաբալարյանն առանձնացրեց 67 կգ քաշային կարգում հանդես եկող Սլավիկ Գալստյանին, ով համարվում էր ֆավորիտ։ Հավաքականի գլխավոր մարզիչը վստահ էր, որ նա մեդալով էր վերադառնալու, սակայն որոշ սխալներ են թույլ տրվել։ Երկու հաղթանակ տանելուց հետո Սլավիկը գոտեմարտեց Ուզբեկստանի ներկայացուցչի հետ, ում ամիսներ առաջ հաղթել էր միջազգային խոշոր մրցաշարերից մեկում։ Արմեն Բաբալարյանի խոսքով՝ մարզիկը մարզիչների ներկայացրած տակտիկական առաջադրանքը բավարար չափով չկատարեց:
Հաջորդ մարզիկը, որից մեծ ակնկալիքներ ունեին մարզիչները, 77 կգ քաշային կարգում հանդես եկող Մալխաս Ամոյանն է։ Նա առաջին հաղթանակը տարել էր Ռուսաստանի ներկայացուցչի հետ գոտեմարտում։ Հաջորդ գոտեմարտը Ղազախստանի մարզիկի հետ էր։ Գոտեմարտի ընթացքում եղավ իրավիճակ, երբ մարզիչները բողոքարկեցին, սակայն դա հօգուտ Մալխասի չեղավ։ Նա ամեն ինչ արեց, որ կորցրածը հետ բերեր, սակայն ապարդյուն։
