Տնտեսություն

Բելգիայի գործարարները հետաքրքրված են Հայաստանով, կյանքի են կոչվում կոնկրետ ծրագրեր

5 րոպեի ընթերցում

Բելգիայի գործարարները հետաքրքրված են Հայաստանով, կյանքի են կոչվում կոնկրետ ծրագրեր

Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախաձեռնությամբ ՀՀ-ում Բելգիայի դեսպանության աջակցությամբ Երևանում է գտնվում Բելգիայից ժամանած գործարարների խումբ։ Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ինչպես պետական կառույցների, այնպես էլ տարբեր ոլորտների բիզնես ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը տեղեկացրեց, որ մինչ Երևան ժամանումը Բելգիայում հանդիպումներ են եղել տեղի գործարարների հետ՝ ներկայացնելու Հայաստանի տնտեսական զարգացումները, առաջխաղացումը, ներդրումային հնարավորությունները։

«Հանդիպումներում մենք շեշտադրում ենք տնտեսական կայուն աճը, Եվրամիության հետ Հայաստանի աստիճանական մերձեցումը, ինչպես նաև Հայաստանի ու Բելգիայի  ամուր կապերը, ընդհանրությունները։ Այսօր 15 ձեռնարկությունների ղեկավարներ գտնվում են Հայաստանում։ Նրանց թվում կան գործարարներ, որոնք արդեն Հայաստանում եղել են, համագործակցության հնարավորություններն ուսումնասիրել են։ Նրանք ներկայացնում են առողջապահություն, լոգիստիկա, շինարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ ոլորտները»,-ասաց Վալերի Սաֆարյանը։

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. տնտեսական կապերի ընդլայնմանը նվիրված ասուլիս

ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքն ընդգծեց, որ Բելգիան կարևորում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը և այն ակտիվացնելու ուղղությամբ ամեն տարի գործարարների այց է կազմակերպում։

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. տնտեսական կապերի ընդլայնմանը նվիրված ասուլիս

«Ասեմ, որ տարեցտարի Հայաստանով հետաքրքրվողների շրջանակն ընդլայնվում է, ավելի շատ ընկերություններ են արձագանքում, ոլորտներն են բազմազան դառնում։ Ինչպես գիտենք, Հայաստանը մի շարք ուղղություններով ակտիվ առաջընթաց է գրանցում, ուշադրության կենտրոնում են ենթակառուցվածքները, բարեփոխումներ են ընթանում առողջապահության ոլորտում, ակտիվորեն զարգացում կա տեխնոլոգիական, արհեստական բանականության ոլորում»,-ասաց դեսպանը։

Հայաստան եկած գործարարների պատվիրակության կազմում է Բելգիայի Ecosteryl ընկերությունը, որ մասնագիտացած է հիվանդանոցային թափոնների մշակման և օգտահանման նորարարական տեխնոլոգիաների ոլորտում։ Ecosteryl ընկերության նախագահ Օլիվյե Դյուֆրեն նշեց, որ այս ոլորտում առաջատար ընկերություններից են և հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ։

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. տնտեսական կապերի ընդլայնմանը նվիրված ասուլիս

«Մեր առաջարկվող տեխնոլոգիական լուծումները հնարավորություն են տալիս էկոլոգիապես մաքուր ձևով վերամշակել այդ թափոնները և զերծ մնալ այրումից։ Մեր նպատակն է այդ գործով զբաղվող ընկերություններին ներկայացնել մեր փորձը, տեխնոլոգիաները, որոնք կիրառելով՝ աշխատանքը կլինի ավելի արդյունավետ ու քիչ ծախսատար։ Մյուս կողմից հիվանդանոցային ոլորտին առաջարկել այնպիսի սարքավորումներ ձեռք բերել, որ թափոնները վերամշակեն հիվանդանոցային շրջանակներում՝ առանց լոգիստիկ ծախսերի»,-Օլիվյե Դյուֆրեն։

Բելգիայի Սեն-Լյուկի համալսարանական կլինիկաների գործադիր տնօրեն Ֆիլիպ Լըռուան նշեց, որ իրենց կլինիկաները մասնագիտացած են գենետիկ հիվանդությունների, բարդ վիրահատությունների ու փոխպատվաստումների ուղղություններով։

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. տնտեսական կապերի ընդլայնմանը նվիրված ասուլիս

«Արդեն օրերս առիթ եմ ունեցել այցելել տեղի հիվանդանոցներ, այցելությունները շարունակվելու են։ Ասեմ, որ շատ տպավորված ենք Հայաստանի հիվանդանոցների ենթակառուցվածքներով, բժիշկների կրթության որակով։ Վստահ եմ, որ անպայման կկարողանանք համագործակցություն հաստատել՝ շեշտադրելով մասնագիտական վերապատրաստումները, հիվանդությունների բարդ դեպքերի քննարկումները»,-ասաց Ֆիլիպ Լըռուան։

Ի հավելումն  բանախոսների՝ Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը տեղեկացրեց, որ Հայաստանում նախատեսվում է առողջության գերազանցության կենտրոն ստեղծել։ Սա լինելու է ներդրում հիմնականում բելգիացի գործարարների կողմից, սակայն ներդրում կունենան նաև սփյուռքահայերը։ Առողջության կենտրոնը կառուցվելու է Արզնիում։ Այն առողջարանային ձևաչափով է աշխատելու, ցանկացողները կարող են գալ հանգստանալ, վերականգնողական բուժում ստանալ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում