Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը
4 րոպեի ընթերցում

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ, գործարար Վահե Բալուլյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-14-ը կանցկացվի «Հայկական գինու շաբաթ» արշավը, որի շրջանակում փորձ է արվելու ներգրավել ոլորտի հնարավորինս մեծ թվով մասնագետների, ինչպես նաև պարզապես գինու սիրահարների։
«Արշավին միացողները ձեռք են բերում երկու շիշ գինի, որից մեկը իրենք են վայելում, մյուսը նվիրում են իրենց որևէ օտարազգի ընկերոջը։ Այդ մասին տեսանյութը հրապարակում են իրենց սոցիալական ցանցի էջում՝ որպես մարտահրավեր նշելով իրենց ընկերներից մի քանիսին։ Մեր նպատակն է արշավի միջոցով հնարավորինս շատ օտարազգիների հայկական գինին փորձելու հնարավորություն ընձեռվի։ Չէ՞ որ հայկական գինին հազարամյակների պատմություն ունի և մեր արտադրանքի հանրահռչակման համար աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ցանկացած հայ կարող է իր փոքրիկ ներդրում ունենալ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Հայկական գինու շաբաթ» նախաձեռնության հեղինակ Վահե Բալուլյանն՝ ընդգծելով, որ արշավն ակտիվ իրականացնելու նպատակով միացել են Սփյուռքում գործող հայկական կազմակերպությունները։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նկատեց, որ հայկական գինեգործության, գինու հանրահռչակումն ամենօրյա ու հետևողական աշխատանք է։ Տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ ու նախաձեռնություններ են իրականացվում այդ ուղղությամբ՝ միջազգային ցուցահանդեսին մասնակցություն, գինու փառատոններ, Հայաստանում մեծամասշտաբ միջոցառումների անցկացում՝ ներգրավելով գինու ոլորտի մասնագետներին։ Եվ ահա այս «Հայկական գինու շաբաթ» արշավը իրականացվող միջոցառումներից մեկն է։
«Իրականացնում ենք լուրջ միջոցառումներ հայկական գինու առաջմղման, ճանաչելիության, դիրքավորման ուղղությամբ։ Մենք հիմնականում աշխատում ենք գնորդների, խոշոր ցանցերի, այսինքն՝ վաճառողների հետ։ Շատ գնորդներ հետաքրքրված են հայկական գինիներ վաճառելու հարցով, բայց այդ երկրներում հայկական գինու նկատմամբ պահանջարկը ձևավորված չէ։ Սովորական գինի սպառողների հետ հաճախ քիչ ենք առնչություն ունենում։ Ահա այս արշավը լավ հնարավորություն է այդ բացը լրացնելու համար»,-ասաց Զարուհի Մուրադյանը։

Հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով՝ համաշխարհային ցուցանիշները վկայում են, որ վերջին տարիներին գինու նկատմամբ պահանջարկը նվազում է։ Երիտասարդների նախասիրություններն այլ են, շատերը գինի չեն նախընտրում, փոխարենը խմում են գազավորված ըմպելիքներ։ Հայաստանում պատկերը մի փոքր այլ է։ Եթե 2016 թվականին մեկ շնչին բաժին էր ընկնում 1 լիտր գինի, ապա հիմա այդ ցուցանիշը 5 լիտր է։
«Ճիշտ է, ներքին սպառումն ավելացել է, սակայն դա նաև զբոսաշրջության ակտիվության շնորհիվ է։ Դրանից բացի, մենք նպատակ ունենք համաշխարհային շուկայում մեր սպառման ծավալներն ավելացնելու։ Այո, համաշխարհային միտումներն այնպիսին են, որ գինու ընդհանուր սպառման ծավալները կրճատվում են, սակայն նույնը չենք ասի պրեմիում դասի գինիների մասին։ Այս սեգմենտում համաշխարհային շուկայի գինու սպառման ծավալները շարունակում են պահպանվել։ Դա նշանակում է, որ մենք այս հատվածում պետք է մեր գինիներն առաջ տանենք»,-ասաց Զարուհի Մուրադյանը։
Դրա համար տեղում պետք է ավելացնել այնպիսի խաղողի արտադրանքի ծավալը, որը մեծ պահանջարկ ունենա։ Երբեմն լինում են խնդիրներ, պահանջված որակը չի լինում, դրա համար շատ գինեգործական ընկերություններ ներդրումներ են իրականացնում, հիմնում են իրենց սեփական այգիները, որ կարողանան ամբողջ ընթացքը կառավարել։
