Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կատարվել է 164 մլրդ դրամի փոխհատուցում
5 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարվա առաջին 9 ամսվա տվյալներով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված է ավելի քան 1,8 մլն քաղաքացի։ Նշված քաղաքացիների 60 տոկոսն ապահովագրության շրջանում արդեն օգտվել է տարբեր ծառայություններից։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանը նշեց, որ ամսական միջինում ապահովագրությունից օգտվում է 350 000-370 000 շահառու։ Ընդհանուր 9 ամսվա կտրվածքով 164 մլրդ դրամի փոխհատուցում է տրամադրվել։ Հատուցումների գործակիցը կազմում է 93 տոկոս։ Եղել են ծառայություններ ինչպես մի քանի հազար դրամի արժողությամբ, այնպես էլ մի քանի միլիոնի։
«Սա նշանակում է, որ հիմնադրամի միջոցները բավարար են եղել հատուցումները կատարելու համար։ Մինչև տարեվերջ այս նույն պատկերը կունենանք։ Այստեղ ուզում եմ ընդգծել, որ հիմնադրամն առանձին չի դիմել ՀՀ կառավարությանը ամսական ապահովագրավճարն ավելացնելու համար։ Եղած միջոցները բավարարել են, հոսքերը, դիմելիությունը կառավարելի են եղել»,-ասաց Հայկ Բաբայանը։

Ընթացիկ տարվա 9 ամսում ապահովագրության շրջանում առողջապահական ծառայություններից ավելի շատ օգտվել են կանայք, քան տղամարդիկ։ Թեպետ, ծախսատարության առումով պատկերն այլ է։
«Տղամարդկանց պարագայում բուժումն ավելի ծախսատար է, քանի որ նրանք բժշկին ուշ են դիմում, հիվանդանոցում հայտնվում են վերջին պահին՝ խիստ անհրաժեշտ վիրահատությունների սպասումով։ Սա կարևոր ուղերձ է պարունակում մեր տղամարդկանց համար, որ գանգատների դեպքում շուտ դիմեն բժշկին, չսպասեն վերջին պահին»,-նշեց Հայկ Բաբայանը։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարզային կտրվածքով ծառայություններից օգտվելու ցուցանիշով առաջին տեղում Երևանն է։ Գերակշիռ մասը 70 տոկոսի չափով բաժին է ընկնում մայրաքաղաքին։ Հայկ Բաբայանը նշեց, որ սա պայմանավորված է քաղաքացիների վարքագծով։ Մարզերի բնակիչներից շատերը խնդրի դեպքում անպայման նախընտրում են գալ Երևան, չնայած նրան, որ կառավարությունը վերջին տարիներին զգալի աշխատանք է կատարում մարզային բուժհաստատությունների պայմանների բարելավման ուղղությամբ։
Ինչ վերաբերում է 9 ամսվա կտրվածքով ծառայությունների ծախսերի ցուցանիշներին, ապա ամենամեծ ծախսը բաժին է ընկնում դեղորայքին, այնուհետև ախտորոշիչ հետազոտություններին, սիրտանոթային վիրաբուժությանը և այլն։
Հնարավոր չարաշահումները կանխելու կամ եղածները բացահայտելու ուղղությամբ հիմնադրամը ևս ծավալուն աշխատանք է կատարել։ Այս համատեքստում կարևորվում է շահառուների հետ կապը, որովհետև շատ դեպքերում հենց իրենք են բացահայտում խնդիրները, խաբեությունները։ Օրինակ, գրվում է, որ քաղաքացուն այս կամ այն ծառայությունն է տրամադրվել, սակայն գործնականում բուժառուն դա չի ստացել։ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ֆինանսական և ապահովագրական հատուցումների գծով տնօրենի պաշտոնակատար Տատյանա Մարկարյանը նշեց, որ այս խնդիրների ուղղությամբ կոնկրետ թիմեր են աշխատում։

«9 ամսվա կտրվածքով գործ ունենք 164 մլրդ դրամի հետ և այո, կարող են լինել ինչպես չարաշահումներ, այնպես էլ տեխնիկական սխալներ, խնդիրներ։ Մենք մի քանի ուղղություններով աշխատանք ենք անում, նախ մինչև հատուցման հաստատումը ստուգումներ են կատարվում, անհրաժեշտության դեպքում հավելյալ տեղեկություններ են պահանջվում։ Ունենք թիմ, որը հետվճարային շրջանում է աշխատում ու ռիսկերն է դուրս բերում»,-ասաց Տատյանա Մարկարյանը՝ հավելելով, որ խնդիրների բացահայտման դեպքում հաջորդում են իրավական գործընթացները։
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի իրավական ապահովման գծով տնօրեն Իզաբել Աբգարյանը տեղեկացրեց, որ կան իրավական կարգավորումներ այն դեպքերի հետ կապված, երբ ծառայությունն ապահովագրական փաթեթում առկա է, սակայն բուժառուից այդ ծառայության համար գումար են պահանջում։

«Այս դեպքում ոչ միայն պայմանագրային տուգանքների մասին է խոսքը, այլև հարցը դիտարկվում է տեսչական մարմնի լիազորությունների շրջանակում։ Այո, դեպքեր գրանցվել են, խնդիրներ եղել են, գումարը քաղաքացուն վերադարձվել է։ Այստեղ ուզում եմ ընդգծել, որ վերահսկողական համակարգն անընդհատ կատարելագործվում է, շուտով ԱԺ է ներկայացվելու օրենսդրական փոփոխությունների նախագիծ ու այդտեղ, ելնելով մեր իրավապրակտիկայից, ներկայացրել ենք լուծումներ առկա խնդիրների մասով»,-ասաց Իզաբել Աբգարյանը։
