Ուշ դիմելիություն, ինքնաբուժություն, հակաբիոտիկների չարաշահում. ինչ հարցեր են թոքաբորբի դեմ պայքարի քննարկումների առանցքում
5 րոպեի ընթերցում

Կլինիկական վարակաբանների միության և Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համատեղ ջանքերով նոյեմբերի 14-ին կանցկացվի «Ամեն ինչ թոքաբորբերի մասին» գիտաժողովը։ Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում մասնագիտական հանրույթը գիտաժողովի շրջանակում կանդրադառնա հիվանդացության միտումներին, բուժման առաջընթացին, առաջին օղակի բժիշկների մոտեցումներին, բուժառուների վարքագծին։
«Թոքաբորբը այն հիվանդություններից է, որից մահացության ցուցանիշը բավական բարձր է։ Աշխարհում այն տարեկան 2,5 մլն մարդու կյանք է խլում, որից 600 հազարը մինչև 5 տարեկան երեխաներն են։ Այդ վտանգավոր միտումները հաշվի անելով՝ կարևորվում է ինչպես մասնագիտական հանրույթի, այնպես էլ լայն հասարակության հետ իրազեկման, կրթական աշխատանքը։ Մասնագետները հանդես կգան զեկույցներով, կբարձրացնեն խնդիրներ, կփորձեն գտնել ավելի լավ լուծումներ, որ կարողանան ավելի շատ կյանքեր փրկել»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, ինֆեկցիոն հիվանդությունների գծով ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու Արմեն Օհանյանը։ Մասնագիտական քննարկումների առանցքում լինելու է առավել ճշգրիտ ախտորոշումը և հիվանդության ճիշտ վարումը։ Ըստ նրա՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր երկրում հակաբիոտիկների ավելի շատ օգտագործումը շարունակում է խնդիր մնալ։ Ցուցումը չկա, բայց նշանակում են հակաբիոտիկներ, օրինակ` շնչառական վարակների դեպքում։ Արմեն Օհանյանն ընդգծեց՝ սա խնդիր է, որի մասին պետք է բարձրաձայնել ու իրազեկել, իսկ առաջնային օղակի բժիշկների հետ աշխատանքը առաջնահերթություններից է։

Խոսելով հիվանդության կանխարգելիչ քայլերի մասին՝ Արմեն Օհանյանը նշեց, որ թոքաբորբի հիմնական հարուցիչներից է պնևմակոկը, որի դեմ առկա է պատվաստանյութ։ Գրիպի դեմ պատվաստումը ևս կարևոր դերակատարում ունի կանխարգելման գործում, հատկապես երեխաների շրջանում։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գործողությունների ստանդարտ ընթացակարգերի մասնագետ Քնարիկ Սարգսյանի խոսքով՝ շատ կարևոր է բնակչության իրազեկված լինելը, համապատասխան բավարար գիտելիքներ ունենալը, որի պարագայում կանխարգելումն ավելի արդյունավետ կլինի։

«Բուժառուների հետ շփումները ցույց են տալիս, որ դեռ գերխնդիր է մնում ուշ դիմելիությունը։ Մարդիկ սպասում են, թե ավելի ուշ փուլերում լավացում կլինի։ Դրանից բացի, մեր հասարակության շրջանում շարունակում է խնդիր մնալ ինքնաբուժումը թե ժողովրդական, թե դեղորայքային մեթոդներով։ Իհարկե, այս առումով որոշակի դրական միտում կա, սակայն դեռ իրազեկման ուղղությամբ մեծ անելիքներ ունենք»,-ասաց Քնարիկ Սարգսյանը։
Հիվանդության հիմնական թիրախային խմբերն են մինչև 5 տարեկան երեխաները, 65 և ավելի տարիքով մարդիկ, այն անձինք, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ՝ ոչ միայն թոքային պաթոլոգիաներ, այլև սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, ճարպակալում, իմունային համակարգին վերաբերող խնդիրներ և այլն։
«Այսօր մեր երկրում թոքաբորբի ախտորոշումը, բուժումը, դեղորայքի հասանելիությունը բավական բարձր մակարդակի վրա է։ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմամբ պայմանավորված տեսնում ենք, որ այս բոլոր ծառայություններն ավելի հասանելի են դարձել բուժառուներին։ Անհրաժեշտ դեղորայքը ևս ապահովագրության շրջանում հասանելի է։ Դա նշանակում է, որ բուժառուի ֆինանսական բեռը թեթևանում է, քաղաքացին արդեն ավելի շուտ կդիմի բժշկին, բարդություններն ավելի քիչ կլինեն, հոսպիտալացումները կկրճատվեն»,-ասաց բժիշկ-թոքաբան, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի դասախոս Էռնա Մելքոնյանը։

Մասնագետները խորհուրդ են տալիս ցուրտ եղանակին պահել հիգիենայի տարրական կանոնները՝ սենյակները պարբերաբար օդափոխել, միմյանց նկատմամբ պատասխանատվություն ու հարգանք ցուցաբերել, իսկ դա նշանակում է, որ վիրուսային վարակով հիվանդ լինելու ակտիվ փուլում միմյանց չայցելել, չհանդիպել, չգրկախառնվել։ Անհրաժեշտ է հիշել, որ 37,2 ջերմություն ունենալը դեռ չի նշանակում թոքաբորբ, այդ ժամանակ խուճապի մատնվելու կարիք չկա, հիվանդության դեպքում էլ պետք չէ կիրառել յոդով վանդակներ, մեջքին քսել կարագ, կրել քացախով գուլպա։
