Սպորտ

Հրաձգության գեղեցկությունը մրցակցությունն է ինքդ քեզ հետ. Հայկ Մինասյան

7 րոպեի ընթերցում

Հրաձգության գեղեցկությունը մրցակցությունն է ինքդ քեզ հետ. Հայկ Մինասյան

Հայաստանի հրաձգության հավաքականի ու թիմի որոշ անդամների համար ընթացիկ տարին հաջողակներից էր, եթե ոչ բացառիկներից: Այս տարի Երևանը դարձավ եվրոպական հրաձգության հիմնական կենտրոնը` մայրաքաղաքն ընդունեց Եվրոպայի առաջնությունը, որը բացառիկ էր իր տեսակով ու պատմական էր՝ որպես սպորտային իրադարձություն Հայաստանում:

Հայկական հրաձգության արմատները շատ խորն են: Դեռևս Խորհրդային Միության տարիներից սկսած հայ հրաձիգներն իրենց կայունությամբ ու մրցակցային ելույթներով եղել ու մնում էին հայկական սպորտի ամենատպավորիչ դեմքերից: Ներկայիս սերունդը վստահ քայլերով նորից ամրագրվում է համաշխարհային սպորտի քարտեզում`բարձրացնելով հայկական հրաձգությունն այլ մակարդակի: Հրաձիգ Հայկ Մինասյանն այս տարի դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն՝ թիմային ոսկե մեդալ նվաճելով նաև Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայկ Մինասյանը պատմեց հրաձգության ընտրության, անցած ճանապարհի, մարզաձևի ինքնատիպության մասին:

-Հայկ, նախ ընդունեք իմ շնորհավորանքներն աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ և շնորհակալություն հպարտության պահերի համար:

-Շնորհակալ եմ շնորհավորանքների համար:

-Եկեք սկսենք սկզբից` ինչպե՞ս եք սկսել հրաձգությունում Ձեր ճանապարհը:

-Հրաձգության մարզադպրոցը մեր տանը շատ մոտ է ու ստացվել է այնպես, որ ինքս եմ եկել այս դպրոց: Առաջին անգամ եկել եմ ընկերներիցս մեկի հետ: Նա գալիս էր մարզման, ու ես էլ, որպեսզի դրսում անիմաստ չշրջեի, հետը եկա: Առաջին անգամ երբ եկա,10 տարեկան էի, մինչդեռ ընդունելությունը միայն 11 տարեկանից է: Մի քանի ամիս անց, երբ լրացավ իմ 11-ամյակը, պաշտոնապես էլ սկսեցի մարզվել: Ու ինձ այստեղ ամենաշատը դուր եկավ բուն զենքը ու այն օպտիկան, որն ունենում ենք զենքի վրա:

-Ո՞րն է Ձեզ համար հրաձգության գեղեցկությունը, որը մեզ` սիրողական մակարդակի դիտողի համար երբեմն աննկատ է:

-Կարծում եմ այն գեղեցկությունը, որ հաջորդաբար կարողանում ես դիպուկ թիրախին կրակել, իրար հաջորդող 10 միավորների կրակել, ու երևի թե հրաձգության գեղեցկությունը մրցակցությունն է ինքդ քեզ հետ:

-Այս տարին պատմական էր հայկական հրաձգության համար, քանի որ առաջին անգամ Երևանում կայացավ գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Դուք այդ մրցաշարում թիմային հաջող ելույթ ունեցաք: Ինչպե՞ս եք հիմա հիշում երևանյան այդ առաջնությունը:

-Նախ ընդգծեմ, որ Հայաստանում կայացած այդ առաջնությունն իսկապես բարձր մակարդակի վրա էր կազմակերպչական առումով: Եվ դրական արձագանքներ ստացել եմ նաև օտարերկրյա իմ ընկերներից, ովքեր միայն դրական խոսքեր էին ասում: Իսկ ինչ վերաբերում է բուն մրցաշարին, ապա լարվածություն ունեի, որ մեր երկրում է, պատասխանատվությունը մեծ է, և որ տրիբունաններից ոգևորիչ խոսքերը լսում էինք հայերենով: Ինձ համար Երևանի Եվրոպայի առաջնությունն իսկապես հաջող էր, քանի որ այն ինչ ամիսներ ու տարիներ շարունակում սովորում ենք, փորձ ենք կուտակում, տվեց իր արդյունքը և թիմային հաշվարկում տղաների հետ դարձանք ոսկե մեդալակիր:

-Եվ աշխարհի առաջնությունում դուք դարձաք աշխարհի չեմպիոն, որը բացառիկ է այն առումով, որ մեծահասակների պայքարում Դուք առաջինն եք նվաճել այդ տիտղոսը: Ի՞նչն է բացառիկ Ձեզ համար այս տարվա մրցաշարում, ի՞նչն օգնեց հասնել չեմպիոնության:

-Իրականում շատ մեծ լարվածություն ունեի բուն մրցաշարի մեկնարկից առաջ, քանի որ գիտեի, որ այդ անգամ մրցակիցների շարքում լինելու են մարզիկներ, որոնց հետ դեռևս չեմ մրցել: Ու ձգտումս էլ առավել շատ էր դրական արդյունքի հասնելու համար, քանի որ Եվրոպայի առաջնությունում անհատական պայքարի ժամանակ որակազրկվել էի զենքի ծանրության պատճառով, կարծես ուզում էի ապացուցել, որ այդ ամենն ինչ-որ տեղ անարդար էր իմ նկատմամբ:

-Հայկ, այժմ, երբ արդեն աշխարհի չեմպիոն եք, Ձեզնից այսուհետ միշտ առավելագույնն են ակնկալելու: Եվ մեծանալու է պատասխանատվության զգացումը:

-Հրաշալի հասկանում եմ, որ հիմա ավելի շատ պիտի աշխատեմ, քանի որ շատ են ակնկալելու ինձնից: Հիմա մտքումս այն միտքն է, որ «չեմպիոն դառնալը հեշտ է, չեմպիոնությունը պահպանելն է դժվար»:

-Եկեք խոսենք Հայաստանի հրաձգության հավաքականի մասին, որը Դուք տեսնում եք ներսից և գիտեք, թե ինչպիսի թիմ է այն: Ինչպիսի՞ ինքնատիպություն ունի հավաքականը:

- Հավաքականը մեր փոքր ու մեծ ընտանիքն է: Իրար նկատմամբ հոգատար ենք, ջերմ ենք: Կիսում ենք թե հաղթական պահերը ու թե պարտության դժվարությունները:

- Հրաձգությունում կարևոր է տաղա՞նդը, աշխատասիրությո՞ւնը, թե՞ միայն երկուսի համադրությունը կբերի ցանկալի արդյունքի: Ձեզ տաղանդավո՞ր, թե՞ աշխատասեր մարզիկ եք համարում:

-Գուցե տաղանդը կա ինձ մոտ, բայց ոչինչի պետք չէ տաղանդը, եթե չլինի աշխատասիրությունը:

-Եվ փոխելով հարցերի ուղղվածությունը՝ ո՞ րն է մարդկային մեծագույն արժեքը, որը գնահատում եք դիմացինի մեջ:

-Բարությունը:

- Եթե հնարավորություն ունենայիք զրուցելու հայոց պատմության որևէ կերպարի հետ, ո՞վ կլիներ նա:

-Գարեգին Նժդեհը:

-Ո՞ւմ եք զանգում առաջինը լավ լուր ստանալիս:

-Մայրիկիս:

-Հայկ, Դուք հայտնվել եք անմարդաբնակ կղզում. ի՞նչ կվերցնեք ձեզ հետ:

-Երևի, դանակ (հեղ. ծիծաղում է):

-Եթե տեսնեիք Աստծուն, ի՞նչ կասեիք:

-Միայն շնորհակալություն կհայտնեի այն հաջողությունների համար, որ ունեցել եմ ու դժվարությունների համար էլ, որ ինձ այսպիսինն են դարձրել:

- Եկեք պատկերացնենք, Դուք բռնել եք «ոսկե ձկնիկ»-ին ու ունեք 3 ցանկության հնարավորություն: Որո՞նք են դրանք:

-Առաջինը, որ պատերազմներն ավարտվեին ու ոչ մի մայր իր զավակին չկորցներ: Երկրորդը, որ արդարություն լիներ ամեն գործում և երրորդը, որ մեր մարզաձևը վերադառնա Օլիմպիական խաղերի ծրագիր:

-Հայկ, շնորհակալ եմ զրույցի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում