Սպորտ

Աստանայում մեծ շուքով մեկնարկեցին «Ապագայի խաղեր»-ը

3 րոպեի ընթերցում

Աստանայում մեծ շուքով մեկնարկեցին «Ապագայի խաղեր»-ը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում պաշտոնական բացման արարողությամբ մեկնարկեց ավանդական սպորտն ու ժամանակակից թվային տեխնոլոգիաները  համադրող «Ապագայի խաղեր» (Games of the Future) միջազգային նորարարական բազմամարզական միջոցառումը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` բացման արարողությունը համախմբեց հազարավոր հանդիսականների, մարզիկների և պատվիրակությունների ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից։

Միջոցառման բացումը վերածվել էր տեխնոլոգիաների, արվեստի և սպորտի յուրօրինակ համադրության։ Ժամանակակից լուսային ու լազերային շոուները, երաժշտական կատարումները, պարային բեմադրություններն ու թվային էֆեկտները ներկայացնում էին մրցաշարի գլխավոր գաղափարը՝ միավորել ավանդական սպորտն ու նորարարական տեխնոլոգիաները մեկ հարթակում։

Բացման պաշտոնական արարողությանը ներկա Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, դիմելով ներկաներին, ասաց.

«Ապագայի խաղերը», որոնք միավորում են սպորտի էներգիան, մարդկային մտքի հզորությունն ու թվային դարաշրջանի անսահման հնարավորությունները, լիովին համահունչ են մեր զարգացման համատեղ ստեղծարար օրակարգին։ Այս մրցաշարը մեկ հարթակում համադրում է, առաջին հայացքից, անհամատեղելին՝ ստեղծելով ֆիզիկական և վիրտուալ աշխարհների միջև խելամիտ ու ներդաշնակ հավասարակշռություն։ «Ապագայի խաղերի» յուրաքանչյուր մասնակից անցել է լուրջ նախապատրաստություն և արժանիորեն ներկայացնում է իր թիմն ու երկիրը։ Ի վերջո, «Ապագայի խաղերի» գլխավոր առաքելությունը մարդկանց համախմբելն է, համագործակցության նոր կամուրջներ ստեղծելն ու նրանց նոր ձեռքբերումների և նվաճումների ներշնչելը։

Մեծ սպորտը բոլոր ժամանակներում եղել է տարբեր մշակույթների երկխոսության, ժողովուրդների ու պետությունների մերձեցման, փոխըմբռնման և բարեկամության կարևոր հենասյուներից մեկը:  

Համոզված եմ, որ «Ապագայի խաղերը» կդառնան մեր երկրների միջև միասնության, բարեկամության և համերաշխության ևս մեկ «ոսկե կամուրջ»՝ ամրապնդելով համագործակցությունն ու փոխվստահությունը»:

Բացման արարողությանը ներկա էին նաև Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Առաջիկա օրերին «Ապագայի խաղերի» շրջանակում կանցկացվեն մրցումներ ինչպես դասական մարզաձևերում, այնպես էլ ֆիջիթալ ձևաչափում, որտեղ իրական սպորտն ու թվային տեխնոլոգիաները միավորվում են մեկ մրցակցային հարթակում։  Աստանայում կմրցեն ավելի քան 800 մարզիկ և կիբերսպորտային ներկայացուցիչ՝ ավելի քան 30 երկրից։ 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում