Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները
2 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Ալիբեկ Կուանտիրովին, ով Հայաստանում է COP17-ի շրջանակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդերքօգտագործման, կանաչ տրանսպորտի, վերականգնվող էներգետիկայի, թափոնների կառավարման և միջտարածաշրջանային համագործակցության ուղղություններով։ Անդրադառնալով ընդերքօգտագործման ոլորտում համագործակցությանը՝ նախարարը կարևորել է 2025 թվականի նոյեմբերին ստորագրված՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև համագործակցության հուշագրի իրականացումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փաստաթուղթը միտված է ոլորտում համագործակցության զարգացմանը և Հայաստանում CRIRSCO միջազգային համակարգի տեղայնացմանն ու ներդրմանն աջակցելուն։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման, կանաչ տեխնոլոգիաների կիրառման և կլիմայական դիմակայուն ենթակառուցվածքների զարգացման հարցերը։ Դավիթ Խուդաթյանն ընդգծել է Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերության խորացման կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ։