Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է կարիերան ընտրանու կազմում:
«Հավաքականի մարզաշապիկը կրելն իմ կյանքի ամենամեծ պատիվներից է եղել։ Իռլանդիայի դեմ իմ առաջին պաշտոնական հանդիպումից մինչև հավաքականում անցկացրած վերջին խաղս՝ այս ճանապարհի յուրաքանչյուր պահն ինձ համար թանկ է և ընդմիշտ կմնա իմ հիշողության ու սրտի մեջ։ Մեր հաղթանակները, դժվարությունները, ձեր աջակցությունն ու միասին ապրած հույզերը միշտ ինձ հետ են լինելու։ Առանձնահատուկ շնորհակալություն Եղիշե Մելիքյանին՝ վստահության և ինձ կրկին հավաքականում տեսնելու ցանկության համար։ Միշտ հավատացել եմ, որ հավաքականին պետք է ներկայանալ լիարժեք առողջ ու լավագույն մարզավիճակում՝ պատրաստ տալու առավելագույնը։ Այսօր զգում եմ, որ չեմ կարող թիմին տալ այնքան, որքան ինքս եմ ինձնից պահանջում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սոցցանցերում գրել է Համբարձումյանը:
Հովհաննես Համբարձումյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում նորամուտը տոնել է 2010 թվականին: Ընդհանուր առմամբ մասնակցել է 53 խաղի ու դարձել է 4 գոլի հեղինակ: