«Tour of Armenia»-ն կարող է դառնալ Հայաստանի սպորտային այցեքարտերից մեկը. Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ
3 րոպեի ընթերցում

Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի կարծիքով` «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքը կարող է մեծ փոփոխություններ բերել հայկական հեծանվասպորտում:
««Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մրցաշարը հայկական հեծանվասպորտի համար աննախադեպ իրադարձություն կլինի: Մեզ համար սա հրաշալի մեկնարկ կլինի հետագա համագործակցությունների համար: «Tour of Armenia»-ն կարող է դառնալ Հայաստանի սպորտային այցեքարտերից մեկը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Սադոյանը:
RCS Sports and Events DMCC ընկերության գործադիր տնօրեն Միկելե Նապոլիի խոսքով՝ «Tour of Armenia»-ի համար տարված աշխատաքները, որոնք մեկնարկել են մոտ 2 տարի առաջ, հրաշալի կերպով մեկտեղում են սպորտի ու հայաստանյան բնության ու ներկայանալիության տեսլականը: «Տարբեր մեդիա հարթակներում հեռարձակումը հրաշալի հնարավորություն կլինի Հայաստանի համար»,-առանձնացրեց նա:
«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքին կմասնակցի 16 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ։ Մասնակիցների թվում կլինեն թիմեր և մարզիկներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ճապոնիայից, Իտալիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Թաիլանդից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից, Գերմանիայից և այլն: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի թիմը: Ընդհանուր առմամբ՝ Հայաստան կժամանի ավելի քան 300 պատվիրակ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ և մրցաշարի կազմակերպման ու անցկացման գործում ներգրավված այլ մասնագետներ:
Սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքն ընդգրկում է 4 մրցափուլ, 587 կմ ընդհանուր հեռավորություն և 5,300 մետր վերելք՝ անցնելով Հայաստանի չորս մարզերով (Գեղարքունիք, Տավուշ, Լոռի, Արագածոտն) և եզրափակվելով մայրաքաղաք Երևանում (սեպտեմբերի 10՝ Գավառ - Մեծ Մասրիկ, սեպտեմբերի 11՝ Կիրանց - Ստեփանավան, սեպտեմբերի 12՝ Մարտունի - Դիլիջան/Պարզ լիճ, սեպտեմբերի 13՝ Երևան)։