Հայաստանի համար ԵԱՀԿ-ի հետ կապված ընկալումները փոխվել են․ Միրզոյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանը փորձում է ԵԱՀԿ-ի հետ գործակցության նոր ուղղություններ մշակել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ համատեղ ասուլիսին։
«Հաշվի առնելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը՝ Հայաստանի համար փոխվել են ԵԱՀԿ-ի հետ կապված նախկին ընկալումները և այս կառույցից ակնկալիքները։ Մտածում ենք՝ ինչպես ԵԱՀԿ-ի հետ զարգացնել գործակցության նոր ուղղություններ։
Պարոն Կասիսին ներկայացրել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և երկրների միջև ձևավորվող գործակցության վերաբերյալ վերջին զարգացումները։ Մտքեր ենք փոխանակել նաև ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական չափման շրջանակում գործակցության ընդլայնման վերաբերյալ։ Հատկանշական է, որ այս հանդիպումը տեղի է ունենում COP17-ի պաշտոնական բացման նախօրեին»,-ասել է Արարատ Միրզոյանը։
Ինչ վերաբերում է երկկողմ գործակցության օրակարգին, Միրզոյանն ընդգծել է Շվեյցարիայի շարունակական աջակցությունը Հայաստանում անտառների վերականգնման և կլիմայի փոփոխության, ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխման գործընթացներում։