Թուրքիան նախարարական մակարդակով կմասնակցի Երևանում կայանալիք COP17-ին
2 րոպեի ընթերցում

Թուրքական պատվիրակությունը կմասնակցի Երևանում կայանալիք «ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես գիտեմ, որ Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է: Ադրբեջանի մասնակցության հաստատման վերաբերյալ այս պահի դրությամբ դեռևս ինձ տեղեկատվություն չի հասել»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիայից ու Ադրբեջանից պատվիրակություններ մասնակցելու են Երևանում անցկացվելիք COP17 համաժողովին:
Վարչապետն անդրադարձավ նաև համաժողովի վերաբերյալ ընդդիմադիր շրջանակների մտավախություններին, թե պետական միջոցների վատնում է տեղի ունենում:
«Որտեղ փող է ծախսվում, այնտեղ միշտ էլ կոռուպցիոն ռիսկ կա, և մեր խնդիրը կոռուպցիոն ռիսկերը կառավարելն է: Սա շատ կարևոր ներդրում է Հայաստանի զարգացման գործում»,- նշեց վարչապետը:
Հոկտեմբերի 19–30-ը Երևանը կհյուրընկալի COP17-ը՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և քննարկելու հետագա համատեղ գործողությունները։
Համաժողովի ընթացքում «Մերիդիան» էքսպո կենտրոնի Կապույտ գոտում կգործեն ՄԱԿ-ի համաժողովների կազմակերպման համար սահմանված համապատասխան ընթացակարգերն ու անվտանգության կանոնները։