Մշակույթ

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

2 րոպեի ընթերցում

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերարի միջև Կոտայքի մարզի Հավուց թառ վանական համալիրի պահպանման և վերականգնման վերաբերյալ ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հուշագիրը ստորագրել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Դավիթ Տոնոյանը:

Կարևորելով պատմամշակութային ժառանգության դերն ու այն սերունդներին անխաթար փոխանցելու անհրաժեշտությունը, ինչպես նաև շահագրգռված լինելով սատարելու հուշարձանների պահպանությանը, օգտագործմանն ու Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ կողմերը նախատեսում են միավորել ջանքերը «Հավուց Թառ վանական համալիր» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի պահպանման ու վերականգնման նպատակով՝ ՀՀ օրենսդրության շրջանակում։

«Սա պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ ու օրինակելի մոդել է։ Անչափ կարևորում եմ այս գործակցությունը, որը միտված է մեր մշակութային ժառանգության պահպանմանը»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին համատեղ ու պատասխանատու աշխատանքի համար:

Ըստ պայմանավորվածության՝ ԿԳՄՍ նախարարությունը սահմանված կարգով կքննարկի համալիրի գիտանախագծային փաստաթղթերը նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում և կտրամադրի համապատասխան եզրակացություն։ Նախարարությունը կհամաձայնեցնի ներկայացված աշխատանքային նախագծերը՝ ապահովելով ամրակայման, նորոգման ու վերականգնման աշխատանքների թույլտվություն, ինչպես նաև գործընթացի ողջ ընթացքում ցուցաբերով մասնագիտական ու իրավական խորհրդատվություն:

Բարերարն իր հերթին սեփական միջոցներով կապահովի հուշարձանի ուսումնասիրությունն ու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը՝ դրանք ներկայացնելով նախարարության համաձայնեցմանը: Նախարարությանը կտրամադրվեն նաև հեղինակային ու տեխնիկական հսկողության, ինչպես նաև կապալառու կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում