Կրթություն

ԵՊՀ-ում մեկնարկել է «Մեդիատեքստ, նշանագիտություն և արհեստական բանականություն. նոր իմաստների որոնում» գիտաժողովը

3 րոպեի ընթերցում

ԵՊՀ-ում մեկնարկել է «Մեդիատեքստ, նշանագիտություն և արհեստական բանականություն. նոր իմաստների որոնում» գիտաժողովը

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մեդիատեքստ, նշանագիտություն և արհեստական բանականություն. նոր իմաստների որոնում» խորագրով միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովը համախմբել է Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներին՝ քննարկելու մեդիային վերաբերող թեմաներն ու հանդես գալու համապատասխան զեկույցներով։ Գիտաժողովին մասնակցում են պատվիրակներ մասնավորապես Հունգարիայից, Ավստրիայից, Լեհաստանից և Ռումինիայից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն իր խոսքում ընդգծել է տեղեկատվության աճող ծավալի պայմաններում իմաստների վերհանման և մարդկային գործոնի պահպանման կարևորությունը։

«Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ տեղեկատվության ծավալն աճում է աննախադեպ արագությամբ, իսկ իմաստների որոնումը դառնում է ավելի բարդ։ Ավանդական մեդիատեքստը, նշանագիտության համակարգերն ու արհեստական բանականությունը հատվում են մի կետում, որտեղ վերասահմանվում են մարդկային մտքի և հաղորդակցության սահմանները»,- նշել է Մարտիրոսյանը։

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն անդրադարձել է գիտաժողովի թեմաների փոխկապակցվածությանը։

«Այս գիտաժողովը մեկտեղում է մարդ-արհեստական բանականություն համագործակցության, արհեստական մեդիայի, լեզվական լանդշաֆտի, թվային ազդանշանների, մշակութային հիշողության և ապագայի ներկայացման վերաբերյալ հարցերը։ Սրանք մեկուսացված թեմաներ չեն․ դրանք պետք է դիտարկել փոխկապակցվածության մեջ»,-նշել է Ասրիյանը։

Գիտաժողովի առաջին զեկուցող ռումինացի ակադեմիկոս և հետազոտող Նիկոլաե-Սորին Դրագանը կարևորել է գիտաժողովի՝ երկխոսության և մտավոր ավանդույթների փոխանակման հարթակ լինելու հանգամանքը։

«Բացի ակադեմիական միջոցառում լինելուց՝ գիտաժողովը երկխոսության նոր հարթակ է ստեղծում, իսկ թեմաները դժվար թե կարող էին ավելի արդիական լինել»,- ընդգծել է հետազոտողը։

Գիտաժողովում քննարկման առարկա են դարձել մեդիատեքստի, արհեստական բանականության, մշակութային հաղորդակցության և իմաստների ձևավորման հետ կապված հարցերը, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման հետ կապված մարտահրավերները։ Մասնավորապես հնչել է այն տեսակետը, որ մարդկանց հմտությունները տարբեր են, ուստի արհեստական բանականության կիրառմանն առնչվող ուսումնասիրություններում անհրաժեշտ է ցուցաբերել առանձնահատուկ ուշադրություն և քննադատական մոտեցում։

«Մեդիատեքստ, նշանագիտություն և արհեստական բանականություն․ նոր իմաստների որոնում» խորագրով միջազգային գիտաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 17-ը։

Ռիմա Հարությունյան

Լուսանկարները` հեղինակի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում