Քաղաքականություն

Փաշինյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրությունների կոնտեքստում ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին խոսակցություններին

4 րոպեի ընթերցում

Փաշինյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրությունների կոնտեքստում ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին խոսակցություններին

Հայաստանի վարչապետ  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել  է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ իշխող ուժի կողմից ճնշումների մասին քննարկումներին և խոսակցություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում Փաշինյանը հայտարարել է, որ պետք է թույլ չտալ, որ ժողովրդավարությունն օգտագործելու միջոցով Հայաստանում հաստատվի հակաժողովրդավարություն։

Փաշինյանն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով, որպեսզի ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուները կամ ընտրողները, որոնք ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ դիմեն ուղիղ իրան [email protected] էլ. փոստի հասցեով։

Փաշինյանը խոստացել էր ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային պատժել։

«Թեմայի առնչությամբ 3 նամակ եմ ստացել։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկն իր հրապարակային ելույթն էր ուղարկել, որում ինչ-որ ահազանգերի մասին էր բարձրաձայնել, մասնավորապես, մարդկանց քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատելու։ Տեսչական մարմնին հանձնարարել եմ շտապ կարգով ստուգել և տեղեկություն տրամադրել։ Մեկ տեսանյութ էլ եմ ստացել, որում մի երեխա քարոզչական ելույթ էր ունենում, այդ նյութն ուղարկել եմ Հակակոռուպցիոն կոմիտե։ Նաև ստացել եմ մեկ նամակ, որի միջոցով քաղաքացին հայտնել էր մեր վարած քաղաքականությանն աջակցելու մասին՝ հավելելով, որ քաղաքապետի վատ թեկնածու ենք առաջադրել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ընդգծել է՝ ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքները Հայաստանի իշխանության համար աներկբա կարևոր են։

«Հանձնառու ենք Հայաստանում խորացնել ժողովրդավարությունը և ժողովրդավարական բարեփոխումները։ Մարտահրավերը հետևյալն է՝ պետք է թույլ չտալ, որ ժողովրդավարությունն օգտագործելով՝ Հայաստանում հաստատվի հակաժողովրդավարություն։

Ինձ համար խնդիր է այն, որ որևէ մեկը կարող է ասել, թե Հայաստանում վախի մթնոլորտ է հաստատված։ Միաժամանակ, այն քաղաքացիները, որոնք ինչ-որ պատճառով վախի մեջ են, պետք է իրենց իրավունքները պաշտպանելու հետևողականություն ունենան։ Մենք այդ քաղաքացիների իրավունքները պաշտպանել ենք, պաշտպանում ենք և կշարունակենք պաշտպանել։ Եթե որևէ պաշտոնյա քաղաքացու նկատմամբ ճնշում գործադրի, ես այդ դեպքի մասին տեղեկանամ և այն փաստերով հիմնավորվի, կպարտավորվեմ հրապարակային պատժել այդ պաշտոնյային։ Կա ռիսկ, որ նման դեպքերը կարող են հիմնավորումներ չունենալ, բայց մենք չենք կարող բանավոր, մերկապարանոց հայտարարությունների հիման վրա պաշտոնյայի ազատել աշխատանքից՝ առանց ստուգված փաստերի առկայության»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև կոչ է արել բոլոր ընտրողներին առաջիկա ՏԻՄ ընտրություններում վարչական լծակներ, սպառնալիքներ,  ճնշումներ, աշխատանքից ազատելու սպառնալիքներ կամ աշխատանքի ընդունելու խոստումներ գործածող, ընտրակաշառքներ բաժանող և կամ խոստացող թեկնածուներին ու քաղաքական ուժերին ձայն չտալ։

«Եթե նման վարքագծով հանդես է գալիս որեւէ ՔՊ–ական թեկնածու, կոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ։

Զուգահեռ՝ նման բոլոր դեպքերի մասին դիմեք ինձ կամ իրավապահ մարմիններին»,- ասել է վարչապետը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Հրազդանում, Արտաշատում, Իջևանում, Գավառում, Մարտունիում, Գորիսում և մի շարք այլ համայնքներում։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում