Գեղարքունիքի մարզային գրադարանում կայացել է Թարգմանչաց տոնին և Հայ մամուլի օրվան նվիրված գրական հանդիպում
3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվել է գրական հանդիպում՝ նվիրված Թարգմանչաց տոնին և Հայ մամուլի օրվան։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպման հյուրերն էին բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Ներսես Աթաբեկյանը և գրականագետ, հրատարակիչ Վահագն Սարգսյանը։ Հանդիպումը նախաձեռնել էին ՀՀ Գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար Տիգրան Նիկողոսյանը և Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը։
Ներսես Աթաբեկյանի պոեզիայի ընթերցումները, երաժշտական կատարումն ու գրական զրույցը հանդիպումը վերածեցին ջերմ ու բովանդակալից երկխոսության՝ գրողի, ընթերցողի և գրականության սիրահարների միջև։
Գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը շնորհակալագրերով և հուշանվերներով խրախուսեց Գավառ համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանին, «Գեղամա աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Խոսրով Խլղաթյանին, «Քյավառ» հեռուստաընկերության լրագրողներ Արփիկ Կակոյանին և Անահիտ Կարեյանին՝ մարզի կենսագործունեությունը լուսաբանելու, մշակութային նախաձեռնություններին աջակցելու և արդյունավետ համագործակցության համար։ Հուշանվերներ հանձնվեցին նաև օրվա հյուրերին՝ ի նշան հարգանքի և երախտագիտության։
Գրադարանավարի օրվա առթիվ Գեղարքունիքի մարզային գրադարանում էին Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Ռուզան Տոնոյանը և փոխնախագահ, գրադարանագետ, մատենագետ Ռաֆիկ Ղազարյանը։
Գրադարանի ընթերցողները հյուրերին ողջունեցին Ռաֆիկ Ղազարյանի պոեզիայով, որից հետո Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից շնորհակալագրերով պարգևատրվեցին մարզային գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Ավետիսյանը, մանկական բաժնի վարիչ Ալինա Ավետիսյանը, մեթոդական բաժնի վարիչ Մարինե Մեհրաբյանը և մեթոդիստ Մարիկա Գեչի-Պարոնյանը, իսկ Գեղարքունիքի մարզային գրադարանը պարգևատրվեց պատվոգրով և «Զանգակ» հրատարակչության նվեր-քարտով։
«Այսօրվա հանդիպմանը մենք մեկտեղեցինք մեր ժողովրդի գրական ու մշակութային կյանքում հավերժական նշանակություն ձեռք բերած մի քանի տոն, որոնք միավորվում են գրավոր խոսքի, գրականության, թարգմանության, մշակույթի և ազգային արժեքների պահպանման ու տարածման գաղափարները։ Շատ ենք կարևորում կենդանի շփումները արվեստի ու գրականության, մամուլի նվիրյալների հետ, իսկ նրանց մեծարումն ու խրախուսումը համարում ենք մեր հոգու պարտքն ու պարտականությունը»,-նշեց Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը։