Վարդենիկ գյուղում հիմնանորոգվում է 7 փողոց
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են 7 փողոցի հիմնանորոգման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիկի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 167 միլիոն 179 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է Վարդենիկի 7 փողոցի ասֆալտապատում՝ 2568 գծամետր երկարությամբ և 12840 քմ մակերեսով։ Տեղադրվելու են ջրահեռացման առուներ, բակային հատվածներում նախատեսվում է սալիկապատ մայթերի կառուցում 160 քմ մակերեսով։
Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն, սկսվել են հոկտեմբերի երկրորդ կեսից, այս պահին ընթանում են հողային աշխատանքներ։