Հայաստան

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ի բարձր մակարդակի հանդիպումներին

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ի բարձր մակարդակի հանդիպումներին

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը 2026թ․ հոկտեմբերի 26-31-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) բարձր մակարդակի հատվածի հանդիպումներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԶԾ գրասենյակից հայտնում են, որ Ժիվկովիչը կգլխավորի ՄԱԶԾ պատվիրակությունը և կմասնակցի պաշտոնական միջոցառումների, բարձր մակարդակի քննարկումների և ռազմավարական երկխոսությունների, որոնք միտված են արագացնելու Կունմինգ-Մոնրեալի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումը, խթանելու կենսաբազմազանության ֆինանսավորումը և համաշխարհային հանձնառությունները վերածելու ազգային և տեղական մակարդակներում շոշափելի գործողությունների։

Այս քննարկումները կընդգծեն հանձնառություններից իրական արդյունքների անցնելու, կենսաբազմազանության համար պետական և մասնավոր ֆինանսավորման մոբիլիզացման, բնապահպանական առաջնահերթությունները տնտեսական և զարգացման պլաններում ներառելու, ինչպես նաև տեղայնացված և մարդակենտրոն իրականացում ապահովելու անհրաժեշտությունը։

Իվանա Ժիվկովիչի առաքելությունը նաև կհաստատի ՀՀ կառավարության, զարգացման գործընկերների և ՄԱԶԾ-ի միջև ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև հնարավորություն կտա ամփոփել Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից տեղում արձանագրված մի շարք արդյունքներ։

COP17-ի շրջանակում նախատեսված միջոցառումներից հետո Իվանա Ժիվկովիչը կայցելի Սյունիքի մարզ՝ ծանոթանալու ՄԱԶԾ-ի և գործընկերների աջակցությամբ իրականացվող մի շարք նախաձեռնությունների։ Այցերը կհավաստեն, թե ինչպես են գործընկերությունները զարգացման առաջնահերթությունները վերածում գործնական լուծումների տեղական մակարդակում՝ նպաստելով հանրային ենթակառուցվածքների բարելավմանը, ներառական համայնքային ծառայությունների ընդլայնմանը, սոցիալական պաշտպանության ամրապնդմանը և համայնքների կողմից առաջնորդվող տնտեսական վերափոխմանը։

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում