Սևան համայնքում «Մասնակցային բյուջետավորում-2026» ձևավորված ծրագրերն ավարտական փուլում են
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 4 բնակավայրում «Մասնակցային բյուջետավորում-2026» ձևավորված ծրագրերն ավարտական փուլում են։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, դրանք իրականացվում են Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն և Վարսեր գյուղերում։
Գեղամավան բնակավայրում «Առողջ և ակտիվ երիտասարդություն» ծրագրի շինարարական աշխատանքներն ավարտվել են: Գույքի զգալի մասն արդեն բնակավայրի երիտասարդական կենտրոնում է:
«Առողջ և ակտիվ երիտասարդություն» ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն կազմում է 13 միլիոն 121 հազար դրամ, որից 10 միլիոն 124,6 հազար դրամը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, 2 միլիոն 996․4 հազար դրամը՝ համայնքային բյուջեից:
«Երիտասարդության զբաղվածության կենտրոնի հիմնում Ծաղկունք բնակավայրում» ծրագրի շինաշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի բյուջեն 13 միլիոն 476 հազար դրամ է, որից 10 միլիոն 300 հազար դրամը հատկացվել ՀՀ պետական բյուջեից, 3 միլիոն 176 հազար դրամը՝ համայնքային բյուջեից:
«Դդմաշեն բնակավայրում տրանսպորտային կանգառների տաղավարների և նստարանների տեղադրում» ծրագրով իրականացվող աշխատանքները շուտով կավարտվեն, բնակավայրի փողոցներում արդեն տեղադրվել են նստարաններ, թափոնամաններ, որին հաջորդելու է կանգառասրահների տեղադրումը: Ծրագրի բյուջեն 12 միլիոն 34 հազար դրամ է, որից 9 միլիոն 189 հազար դրամը հատկացվել ՀՀ պետական բյուջեից, 2 միլիոն 845 հազար դրամը՝ համայնքային բյուջեից:
Վարսեր բնակավայրում իրականացվող «Առողջ միջավայր» բազմաֆունկցիոնալ մարզադաշտ» ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ են մարզադաշտի կառուցման աշխատանքները։ Ծրագրի բյուջեն 13 միլիոն 38․7 հազ դրամ է, որից 10 միլիոն 200 հազար դրամը հատկացվել ՀՀ պետական բյուջեից, 2 միլիոն 838․7 հազար դրամը՝ համայնքային բյուջեից:
Սևան համայնքի ավագանու 2026 թվականի հոկտեմբերի 22-ի նիստում համապատասխան որոշմամբ հաստատվել է Սևան համայնքում 2027 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի մեկնարկը։