Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության 5 տարին․ նոր մոտեցումներ, թվայնացում և արդյունավետության բարձրացում
16 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեի 5-ամյա հոբելյանի առթիվ, ինչպես նաև արդեն իսկ իրականացված և իրականացվելիք ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանի հետ։

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Մարգարյան, այս տարի Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է իր հիմնադրման 5–ամյա հոբելյանը․ ինչպիսի՞ նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։
-Օգտվելով առիթից՝ պետք է շնորհակալություն հայտնեմ այս հարցազրույցի համար, որը լավագույն հնարավորություն է ընձեռում մեկ անգամ ևս անդրադառնալու Հակակոռուպցիոն կոմիտեի 5-ամյա հոբելյանին, այդ ուղղությամբ նախատեսվող ձեռնարկումներին և վերջիններիս հիմնական շեշտադրումներին։
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով դեռևս տարեսկզբին ձևավորված հոբելյանական հանձնաժողովի կողմից մշակվել է կառույցի հիմնադրման 5–ամյա հոբելյանի շրջանակներում նախատեսվող միջոցառումների ծրագրի նախնական տարբերակը, որն այնուհետև համակողմանիորեն քննարկվել է Կոմիտեի համակարգում, լրամշակվել ամենատարբեր առաջարկությունների ու դիտարկումների ներառմամբ և հաստատվել է հոբելյանական հանձնաժողովի նիստում։

Ներկա պահին ընթանում է ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման փուլը, սահմանված է ժամանակացույց, և այդ ժամանակացույցի համաձայն՝ մինչև ընթացիկ տարեվերջ նախատեսվում են տարաբնույթ նախաձեռնություններ, որոնք շարունակաբար կլուսաբանվեն։
-Որո՞նք են լինելու հոբելյանական միջոցառումների հիմնական սկզբունքային շեշտադրումները, Հակակոռուպցիոն կոմիտեն տոնական միջոցառումների ծրագրի շրջանակներում ինչպիսի՞ ազդակներ է հղելու հանրությանը։
-Հոբելյանական միջոցառումների հիմնական շեշտադրումը լինելու է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ մեր երկրում իրականացվող պետական քաղաքականության տիրույթում առանցքային դերակատարում ունեցող կառույցի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հիմնական բաղադրիչներն ու կարևորությունները հանրությանը ներկայացնելը և կառույցի նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը։

Հիմնական այդ շեշտադրումներից և ընդհանրական գաղափարախոսությունից անցում կատարելով դեպի բուն միջոցառումներ՝ պետք է նշեմ, որ մինչ այս պահն արդեն իսկ իրագործվել են Հակակոռուպցիոն կոմիտեի հիմնադրման 5–ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ծրագրի մի շարք դրույթներ․ հաստատվել է հոբելյանական խորհրդանիշ–լոգոտիպը, կառույցի պաշտոնական կայքը որոշակիորեն վերաձևավորվել է՝ ներառելով հիշյալ խորհրդանիշի կիրառման և տոնական արարողություններին առանձին տեղեկատվական անդրադարձ կատարելու տեխնիկական հնարավորություններ։
Հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում հրատարակվել է ՀՀ հակակառուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի, Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանի, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր Վահե Ենգիբարյանի համահեղինակությամբ կազմված «Կոռուպցիոն հանցագործությունների քննության մեթոդիկա» գիտագործնական ձեռնարկը, կազմակերպվել է վերջինիս շնորհանդեսը։

Արդեն իսկ ավարտական փուլում են «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-ամյակ» հոբելյանական մեդալի ու կրծքանշանի և «Պատվավոր գործընկեր» մեդալի պատրաստման աշխատանքները, որոնցով պարգևատրվելու են կառույցի հնգամյա պատմության ընթացքում ակնառու դերակատարում ունեցած ծառայողները, գործընկեր պետական կառույցների ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ և այլք։
Հավելեմ նաև, որ հոբելյանական միջոցառումների շրջանակներում առանձահատուկ տեղ է հատկացվել ՀՀ հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների աշակերտների և ուսանողների մասնակցությամբ, «Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը սկսվում է յուրաքանչյուրից․ արժեքներ և վարքագիծ» խորագրի ներքո, Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող հանդիպումների շարքին։
Ներկայացվածին զուգահեռ պետք է նշեմ, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել Կոմիտեի աշխատակիցների երեխաների ստեղծագործական աշխատանքների ցուցադրություն–շնորհանդես, իսկ հաջորդիվ կազմակերպվելու է նաև «Հակակոռուպցիոն պայքարի արդի մարտահրավերները և միջազգային համագործակցությունը» խորագրով գիտաժողով։

Դեռևս տարեսկզբից մեկնարկել և ողջ տարվա ընթացքում շարունակվելու է Կոմիտեի գործունեության առանձնահատկությունների և հանրության հետ սերտ համագործակցության վերաբերյալ իրազեկող տեսահոլովակների, կարճ հոլովակների, տեղեկատվական գրքույկների, պաստառների և անիմացիոն հոլովակների թողարկման գործընթացը։
Հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում նախատեսվել է նաև ՀՀ իրավապահ և ուժային մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ շախմատի մրցաշարի կազմակերպում։
Տոնական գլխավոր միջոցառումը նախանշվում է կազմակերպել աշնանը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա շրջանակներում։

Տարեկան միջոցառումների ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությանը՝ հոբելյանական նախաձեռնությունների պատշաճ լուսաբանմանը, կառույցի գործունեության հիմնական ուղղությունների և զարգացման հեռանկարների մասին հանրությանն իրազեկելուն և լրագրողական համայնքի մեր գործընկերների հետ շփումների ու փոխգործակցության արդյունավետությանն ուղղված ձևաչափերի կիրառման տրամաբանությամբ։
-Արդեն մեկ տարի է զբաղեցնում եք Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչպիսի՞ աշխատանքներ եք հասցրել իրականացնել այս մեկ տարվա ընթացքում՝ կառույցի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
-Նախ հարկ եմ համարում ընդգծել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետությանն ուղղված քայլերը մաս են կազմում Կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ կառույցում մեկնարկած և ընթացող լայնածավալ բարեփոխումներին, որոնց նպատակը կառույցի գործունեությանը նոր լիցքեր ու դրական ազդակներ հաղորդելն է և այդ ճանապարհով վերջինիս աշխատանքի նկատելի արդյունավետության ապահովումը։

Նախորդ տարին ամփոփեցինք աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքների ճշգրիտ վերլուծությամբ, ինչպես նաև ընթացիկ տարվա համար նախատեսվող շոշափելի աշխատանքների՝ չափորոշչահեն ծրագրերի կազմումով։ Այդ ամենը քննարկել ենք Կոմիտեի համակարգում և տարբեր առաջարկությունների ներառմամբ նախանշել այս տարվա մեր հիմնական անելիքները։
Ավելին՝ մենք հասցրել ենք այս մեկ տարվա ընթացքում ձևավորել կառույցի աջակցող հատվածի հնարավոր արդիականացմանն ուղղված գործողություների հստակ մեթոդաբանություն, ձեռնարկել ենք հստակ քայլեր դրանցից շատերն իրագործելու ուղղությամբ և ուրախությամբ պետք է նշեմ, որ շատ ոլորտներում անգամ հասել ենք նկատելի արդյունքների։
Հանգամանալի վերլուծության են ենթարկվել նաև Կոմիտեի համակարգի տնտեսության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված առաջնահերթություններն ու պահանջները , և մշակվել ու իրագործվել են նկատելի քայլեր տնտեսությունն էականորեն բարելավելու ուղղությամբ։
Ամենայն հարգանքով և շնորհակալությամբ պետք է փաստենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի համար կենսական կարևորություն ունեցող շենքային պայմանների բարելավման հարցը գտնվում է ՀՀ կառավարության ընդգծված հոգածության ներքո․ համապատասխան որոշմամբ արդեն իսկ Կոմիտեին է հատկացվել ք․ Երևան, Այգեձոր 67 հասցեի վարչական շենքի 4-րդ հարկը ևս, որի միայն 2-րդ հարկում իրենց գործունեությունը ծավալող քննչական ստորաբաժանումներն առաջիկայում կունենան առավել հարմարավետ աշխատանքային պայմաններ, միաժամանակ այնտեղ իրենց աշխատանքը կկազմակերպեն կառույցի այլ ստորաբաժանումներ ևս, որի արդյունքում հնարավոր կդառնա մեղմել Կոմիտեի կենտրոնական վարչական շենքի աշխատանքային ծանրաբեռնվածությունը, մինչև կառույցը կունենա իր առանձին վարչական շենքը, որը ևս ներառված է ՀՀ կառավարության ծրագրային գերակայություններում։ Հավելեմ, որ Կառավարության կողմից նախորդ տարեվերջին Կոմիտեի օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումներին տրվեցին նոր ավտոմեքենաներ, և այդ գործընթացն այս տարի ունենալու է իր տրամաբանական շարունակությունը։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումների արդյունքում, նախորդ տարեվերջին ձևավորվեց սպառազինության և քաղաքացիական պաշտպանության բաժին, որի բավականաչափ նշանակալի աշխատանքը մեծապես նպաստելու է նախաքննական և օպերատիվ–հետախուզական գործառույթներ ու համապատասխան առանձնահատկություններ ունեցող կառույցի առավել համակողմանի գործունեությանը։
Կոմիտեի նախագահի անմիջական նախաձեռնությամբ բոլորովին նոր որակ հաղորդվեց կառույցում քաղաքացիների հետ շփման ուղղությամբ իրականացվող գործընթացներին. կատարված շինարարական աշխատանքների արդյունքում ամբողջովին վերափոխվեց Կոմիտեի կենտրոնական վարչական մասնաշենքի առաջին հարկի նախասրահի տրամաբանությունը, որն այսօր, գերժամանակակից կահավորմամբ ու տեխնիկական հագեցվածությամբ հանդերձ, վերածվել է արդիական չափանիշներին համապատասխանող հանրային ընդունարանի և ունի քաղաքացիների ընդունելության համար պատշաճ ենթակառուցվածքներ։ Այս գործընթացի շրջանակներում ամբողջապես վերափոխվել են Կոմիտեի վարչական շենքերի մուտքի ու ելքի, անցագրային ռեժիմի և նույն այդ շենքերի տեսահսկման համակարգերը՝ համապատասխանեցվելով ժամանակի պահանջներին ու չափանիշներին։
Այստեղ ցանկանում եմ հատկապես առանձնացնել անցագրային ռեժիմի ապահովման նոր էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը հնարավորություն է ընձեռում առավել սահուն կերպով ապահովել անձանց հաշվառումն ու անցագրերի տրամադրումը՝ բացառապես էլեկտրոնային գործիքակազմի կիրառմամբ։

Հավելեմ, որ բացի կենտրոնական վարչական շենքի առաջին հարկից, վերաձևավորումներ են կատարվել նաև մնացյալ հարկերում՝ վերջիններս դարձնելով առավել ներկայանալի։
Քայլեր են ձեռնարկվել Կոմիտեի արխիվի պահպանության միջավայրն առավել բարելավելու և նորովի կահավորելու ուղղությամբ։
Նախորդող մեկ տարվա ընթացքում արմատական փոփոխությունների է ենթարկվել Կոմիտեի անձնակազմի հետ տարվող աշխատանքների տրամաբանությունը՝ սկսած ծառայողների անձնական գործերի վարման ընթացակարգային հարցերի վերափոխումներից մինչև մարդկային ռեսուրսների կառավարման ամենատարբեր ասպեկտների շարունակական կատարելագործում, իսկ առաջիկայում նախատեսվում է նաև այս ասպարեզի հնարավոր թվայնացում և էլեկտրոնային գործիքակազմերի շարունակական հավելում։
-Որո՞նք են առաջիկայի Ձեր հիմնական ծրագրերը նորաստեղծ կառույցի աջակցող հատվածի գործունեությունն առավել կատարելագործելու ուղղությամբ։
-Նախորդ հարցին տրված պատասխանում իմ կողմից նշված վերլուծական գործողությունների արդյունքում մենք պետք է առաջիկայում բոլորովին նոր ոճ ու նոր որակ հաղորդենք Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների՝ անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչությունների, ինչպես նաև առաջին, արտաքին կապերի և արարողակարգի, գնումների, ներքին աուդիտի, նյութատեխնիկական ապահովման, շահագործման և արխիվի, սպառազինության ապահովման և քաղաքացիական պաշտպանության, վիճակագրության, քաղաքացիների ընդունելության, փաստաթղթաշրջանառության ապահովման, ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման բաժինների աշխատանքին։
Նշված ստորաբաժանումների աշխատանքները պետք է հնարավորին չափով դառնան թվային, ճկուն, կատարելագործված, որպեսզի վերջիններս կարողանան առավել արդյունավետությամբ աջակցել Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների բնականոն գործունեությանը։

-Ձեր կարծիքով ինչը՞ պետք է լինի ներկա ժամանակաշրջանում նախաքննական և օպերատիվ–հետախուզական՝ համատեղ գործառույթներ ունեցող կառույցի գլխավոր քարտուղարի և նրա կողմից ղեկավարվող ստորաբաժանումների հիմնական աշխատանքի առանցքը, որպեսզի հնարավոր դառնա լիարժեքորեն աջակցել նշյալ գործառույթների պատշաճ իրականացմանը։
-Գլխավոր քարտուղարի և նրա ենթակայությամբ գործող ստորաբաժանումների գործունեության առանցքը պետք է լինի նախաքննական և օպերատիվ–հետախուզական հատվածի՝ անընդհատ վերափոխվող ու տվյալ ժամանակաշրջանին համահունչ նոր պահանջների արագ ընկալումը, արագ արձագանքումն ու այդ պահանջների հրատապ ապահովումը․ այստեղ անհրաժեշտ է նաև ոչ ստանդարտ մտածողություն և խնդիրներն ու հիմնահարցերը գերարագ կանխորոշելու հմտություն։
-Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-ամյա հոբելյանն ինչպիսի՞ նորարարությունների սկիզբ կդնի կառույցի՝ Ձեր կողմից ղեկավարվող ստորաբաժանումների աշխատանքում։
-Յուրաքանչյուր ստորաբաժանման հանձնարարված է հստակ և արդյունքահեն կերպով վերլուծել իր անցած հնգամյա ուղին, վերագնահատել կատարածն ու նախանշել աշխատանքային նոր մոտեցումներ, իսկ հիմնական նորարարությունը լինելու է Կոմիտեի աջակցող ստորաբաժանումներում կառուցվածքային փոփոխությունների իրականացումը, որոնք նոր որակ կհաղորդեն իրականացվող մեծածավալ աշխատանքներին։
-Կո՞ղմ եք բարեփոխումներին և հաճա՞խ եք բարեփոխումներ իրականացնում Ձեր կողմից ղեկավարվող աշխատանքային միջավայրում։
-Յուրաքանչյուր աշխատանք, յուրաքանչյուր ոլորտ միշտ ու մշտապես պետք է ենթարկվի բարեփոխումների․ կարծում եմ, որ առանց բարեփոխումների չի կարող լինել առաջընթաց։ Երբեք պետք չէ սահմանափակվել կատարածով և առաջնորդվել ավանդույթի ուժով ու գործել մոտավոր ճշտությամբ, այլ պետք է լինել գերճշգրիտ ու գերհետևողական՝ ցանկալի արդյունքների հասնելու հիմնական նպատակադրմամբ։