Հայաստան

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

3 րոպեի ընթերցում

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Սյունիքի մարզի Սրաշեն գյուղը մեկն է սահմանամերձ այն բնակավայրերից, որն օգտվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) սոցիալ-տնտեսական ծրագրերից։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանից Սյունիքի մարզ ժամանած լրագրողների հետ զրույցում Սրաշենի գյուղապետ Անահիտ Բաղդասարյանը նշեց, որ ԿԽՄԿ-ի ծրագրերի շնորհիվ մարդիկ ոգևորված են, ավելի մեծ եռանդով են լծվում գյուղատնտեսական աշխատանքներին։ 

«Ցանկալի է, որ նման փոքր դրամաշնորհային ծրագրերը լինեն շարունակական, քանի որ լուծում են բազմաթիվ հարցեր, օգնում տնտեսություններին իրենց կենցաղավարության մեջ։ ԿԽՄԿ-ի ծրագրերը բարձրացնում են մարդկանց իրազեկվածության աստիճանը, հետևաբար, կարող են հնարավորություն ստեղծել այլ կազմակերպություններին նույնպես ներգրավելու համար, ինչը սահմանամերձ գյուղերի բնակիչների առօրյան կդարձնի ավելի բազմազան»,- ասաց նա։

Ծրագրի շահառուներից Փառանձեմ Բարսամյանը գյուղատնտեսությամբ զբաղվելուց զատ, տեղի փոստային բաժանմունքի ղեկավարն է։ 

«ԿԽՄԿ-ն մեզ տրամադրել է թռչուններ և թռչնակեր։ Հավերն արդեն ձու են ածում։ Պատվաստումները կատարում ենք ժամանակին։ Անասնաբույժը Ծավ գյուղից է, միաժամանակ սպասարկում է մոտակա բոլոր գյուղական բնակավայրերը։ Մեր ընտանիքը մոտ 30 տարի զբաղվում է նաև մեղվաբուծությամբ, ունենք յոթ փեթակ, և մինչև ձեր ժամանումը զբաղված էինք մեղրաքամով։ Գյուղում կան մի քանի ընտանիքներ, որոնք նույնպես զբաղվում են մեղվաբուծությամբ։  Մշակում ենք նաև մեր ընտանիքին հատկացված յոթ հեկտար հողատարածքը»,- ասաց Բարսամյանը։

Սրաշենի բնակիչ Արամայիս Ստեփանյանը նույնպես նշված ծրագրի շահառուներից է և կարծում է, որ ԿԽՄԿ-ի աջակցությունը գյուղացիների համար միանգամայն շահավետ է, որովհետև իսկապես մարդկանց ցուցաբերվում է զգալի օժանդակություն։

«Հատկացված օգնությունն էլ նպատակային է, առավել ևս, որ գյուղացուն աջակցության ձեռք են մեկնել։ Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա։ Մեր ընտանիքը հատկացված գումարով գնել է 60 հավ և անասնակեր։ Զբաղվում ենք նաև խոզաբուծությամբ»,- ասաց Ստեփանյանը։

Գյուղատնտեսությունից զատ, նա, որպես տեսուչ, աշխատում Էկոպարեկային ծառայությունում։ Բնապահպանության ոլորտում աշխատում է 26 տարի։

«Մեր հարուստ բնության պահպանությունը միշտ պետք է լինի առաջնահերթություն։ Պետք է խնամքով պահպանվի և փոխանցվի սերունդներին։

Ովքեր այսօր մեզ մոտ զբաղված են գյուղատնտեսությամբ, երկրից հեռանալու մասին չեն մտածում։ Դա էլ առիթ է եկամուտի որոշակի աղբյուր ունենալու համար»,- եզրափակեց Ստեփանյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում