Համայնքային խոշորացումից հետո Կապանի հարևան բնակավայրերում կյանքը զգալիորեն աշխուժացել է, իրականացվում են կարևոր ծրագրեր․ Գոռ Թադևոսյան
9 րոպեի ընթերցում

Համայնքային խոշորացումից հետո Կապանի հարևան բնակավայրերում կյանքը զգալիորեն աշխուժացել է։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Սյունիքի մարզ այցելած լրագրողների հետ զրույցի ընթացքում այդ մասին նշեց Կապան խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը։
Նա ընդգծեց՝ համայնքների խոշորացումից միանշանակ շահում են գյուղական փոքր բնակավայրերը, որովհետև նախկինում, երբ դրանք համարվում էին առանձին վարչական միավորներ՝ չունեին այնքան բյուջե, որպեսզի լուծեին ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մեծ խնդիրներ, իսկ այսօր իրավիճակը շահեկանորեն փոխվել է։

«Սյունիքի մարզն ու մասնավորապես Կապան քաղաքն այսօր արդեն դարձել են զբոսաշրջային հիմնական ուղղություններից մեկը, մենք զգում ու տեսնում ենք այդ շարժը։ Զբոսաշրջիկների մեծ հոսք է նկատվում հատկապես վերջին երեք-չորս տարիներին։ Ուրախալի է, որ ոչ միայն մեր հայրենակիցները, այլև օտարերկրացիները ժամանում են Կապան։ Խուստուփ լեռը դարձել է մեր քաղաքի այցեքարտերից մեկը։ Մեր քաղաքականության նպատակն է ավելի ճանաչելի դարձնել Սյունիքի գեղատեսիլ, պատմամշակութային վայրերը բոլոր այցելուների համար։ Վերջին շրջանում մեծ զարգացում է ապրում հյուրանոցային բիզնեսը, ինչը մենք խրախուսում ենք»,- ասաց Թադևոսյանը։
Անդրադառնալով ԿԽՄԿ-ի հետ համագործակցությանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ նախորդ 5–6 տարիներին Կապան խոշորացված համայնքը նշված կազմակերպության հետ իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում վերաբերում են բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրներին, գյուղատնտեսության զարգացմանը, բնակարանային պայմանների բարելավմանը։
Ըստ Թադևոսյանի՝ համայնքներում իրականացվող գյուղատնտեսական և առողջապահական ծրագրերը շատ կարևոր են նաև այն առումով, որ իրականացվել են հետպատերազմյան ժամանակաշրջանում Կապան համայնքի հատկապես սահմանամերձ գյուղական բնակավայրերում, ինչը միանգամայն տեղին էր։ Շուրջ 15 սահմանամերձ գյուղական բնակավայրերի և Կապան քաղաքի որոշ թաղամասերի բնակիչներն ընդգրկվել են այդ ծրագրերում, դարձել շահառուներ։
Սոցիալ-տնտեսական կենսապահովման ծրագրերի շրջանակում, օրինակ, աջակցություն է ցուցաբերվել սահմանամերձ բնակավայրերում ձմռանը նախապատրաստվելու և առկա խնդիրները լուծելու համար։ Այդ նպատակով տրամադրված դրամական միջոցներն, անշուշտ, օգնել են մարդկանց, որպեսզի նրանք հատկապես հետպատերազմյան շրջանում կարողանան դժվարությունները հաղթահարել։
«Կարևորում ենք նաև բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, որոնցից օգտվել են, օրինակ, Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի բնակիչները։ Գյուղատնտեսության ոլորտում նույնպես իրականացվել են կարևոր ծրագրեր, որոնք ավելի շատ հեռանկարային են ու երկարաժամկետ։ Խոսքը առաջին հերթին հողերի մելիորացիայի մասին է, որի արդյունքում դեգրադացված հողերը դարձել են մշակովի և այժմ կարող են տրամադրվել հողագործներին։ Գյուղական բնակավայրերի բնակիչներին հատկացվել են էլիտար սերմացուներ, որոնք ապահովել են բարձր արտադրողականություն և լավ բերքատվություն։ Անչափ գնահատելի էր հատկապես գյուղատնտեսական տեխնիկայի, մասնավորապես տրակտորների և կցորդիչ սարքավորումների տրամադրումը, ինչը հնարավորություն կտա աջակցել բոլոր գյուղերի տնտեսություններին՝ ապահովելով երկարաժամկետ արդյունքներ»,- ասաց Թադևոսյանը։
Նրա տեղեկացմամբ՝ Եղվարդ գյուղում ԿԽՄԿ-ն տեղի բնակչությանն աջակցել է խմելու ջրագծի սարքավորումներով և դիտահորերի տեղադրումով։ Մի շարք վայրերում կազմակերպվել են գյուղատնտեսական զարգացմանն ուղղված դասընթացներ՝ հնարավորություն տալով գյուղացիներին ապագայում զբաղվել արդյունավետ գյուղատնտեսությամբ։ Վերջին 5-6 տարիներին իրականացված մեծածավալ աշխատանքներն, ըստ Թադևոսյանի, կարևոր են հատկապես գյուղապահպանության տեսանկյունից, որպեսզի բնակիչները չլքեին սահմանամերձ բնակավայրերը։
«Կապան խոշորացված համայնքի վարած քաղաքականության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել այնպիսի պայմանների ապահովումը, որպեսզի սահմանամերձ գյուղերը չդատարկվեն։ Պատերազմից հետո կար մտավախություն, որ մարդիկ կլքեին իրեն բնօրրանները, սակայն նման բան, բարեբախտաբար, տեղի չունեցավ։ Կա մարդկանց բնականոն տեղաշարժ, սակայն մեծածավալ արտագաղթ չի գրանցվել։ Պատերազմից հետո, առհասարակ, շատ բան է փոխվել։ Կապան համայնքի Ներքին Հանդում և Դավիթ Բեկում կան ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված տարածքներ։ Հույս ունենք, որ սահմանազատման և սահմանագծման արդյունքում դրանք կվերադարձվեն հայկական կողմին»,- նշեց նա։

Նա մեծ ուշադրություն հատկացրեց գյուղական համայնքների ենթակառուցվածքային զարգացմանը։ Ըստ այդմ՝ վերջին տարիներին մեծ աշխատանքներ են կատարվել խմելու և ոռոգման ջրագծերի կառուցման, ճանապարհների ասֆալտապատման ուղղությամբ։ Կապան համյանքի և հարակից բնակավայրերի միջև գործում է անվճար տրանսպորտային հաղորդակցություն։ Դա նույնպես նպատակ ունի ակտիվ պահել գյուղերի և Կապանի միջև ամուր կապը։
Օդանավակայանի վերաբացումից հետո մարզկենտրոնի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծացել է և այժմ կարելի է մայրաքաղաքից Կապան հասնել 40-45 րոպեում։ Օդանավակայանի դրական ազդեցությունը փաստում է այն հանգամանքը, որ չվերթներն ու օդանավից օգտվողների թվաքանակն ավելացել են։ Կապանի համայնքային իշխանությունը կարևոր է համարում նաև միջազգային թռիչքների իրականացումը տեղի օդանավակայանում, առավել ևս, որ նման պոտենցիալ կա։ Իհարկե, հնարավոր է, կազմակերպել չվերթներ իրանական քաղաքներից դեպի Կապան, այնուհետև՝ դեպի Երևան, Վրաստան։ Թադևոսյանը կարծում է, որ այդ հարցն ապագայում կլուծվի։
Համայնքների խոշորացումից միանշանակ շահում են գյուղական փոքր բնակավայրերը, որովհետև նախկինում, երբ նրանք համարվում էին առանձին վարչական միավորներ, չունեին այնքան բյուջե, որպեսզի լուծեին ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մեծ խնդիրներ։ Օրինակ՝ Եղվարդ գյուղում տարիներ շարունակ կար խմելու ջրի խնդիր, սակայն համայնքների խոշորացման արդյունքում հնարավոր է դարձել համայնքային միջոցներով այդ հարցը լուծել։ Այժմ արդեն հնարավոր է փոքր գյուղական համայնքների խնդիրները կարգավորել, ինչը նախկինում թվում էր անիրագործելի։
Թեև համայնքների խոշորացման պարագայում կառավարման խնդիրներն ավելանում են, բայցևայնպես ճիշտ ու արդյունավետ կառավարման արդյունքում հնարավոր է լինում նշված բնակավայրերին աջակցել ցանկացած հարցում։ Մի քանի բնակավայրերում կառուցվել են նոր տիպի վարչական շենքեր, որոնք ներառում են և՛ վարչական աշխատողների գրասենյակներ, և՛ ակումբ-գրադարաններ, և՛ բուժկԵտ։ Դա հնարավոր է միայն խոշորացված համայնքի բյուջետային միջոցների շնորհիվ։
Տնտեսական ակտիվությունը շարունակվում է, ներդրումներ կան հատկապես տեղացի ներդրողների կողմից։ Ավելի շատ ակտիվություն է նկատվում շինարարության և զբոսաշրջության ոլորտներում։ Բացվել են նոր շինկազմակերպություններ, կառուցվել են նոր հյուրանոցներ և հյուրատներ։ Մարդիկ շարունակում են համայնքապետարան դիմել նման նախագծերով։ Այս ամենին գումարվում է նաև հանքարդյունաբերության զարգացումը։ Սյունիքն այդ առումով հայտնի է բոլորին։ Կապան քաղաքում կառուցվել է 3 նոր բազմաբնակարան շենք։ Այդտեղ նույնպես կա մեծ պահանջարկ, և համայնքը պատրաստ է աջակցել կառուցապատողներին։

«Սերտորեն համագործակցում ենք նաև Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության հետ, ինչի արդյունքում մի շարք ծրագրեր արդեն իրականացվել են, այդ թվում՝ իրանական արտադրության ապրանքների էքսպո-ցուցահանդեսներ։ Կապան համայնքի գործարարներն այցելել են Իրան՝ ծանոթանալու հարևան երկրի արտադրական ու տնտեսական հնարավորություններին։ Հյուպատոսության բացումից հետո հարաբերությունների ակտիվացումը նկատելի է առնվազն մեր խոշորացված համայնքի մակարդակով»,- եզրափակեց Կապան խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալը։
