Տնտեսություն

Հայաստան-Չինաստան տնտեսական հարաբերություններում կարող են բացվել մեծ հեռանկարով նոր հնարավորություններ․ անհրաժեշտ ենթակառուցվածքն արդեն իսկ առկա է

11 րոպեի ընթերցում

Հայաստան-Չինաստան տնտեսական հարաբերություններում կարող են բացվել մեծ հեռանկարով նոր հնարավորություններ․ անհրաժեշտ ենթակառուցվածքն արդեն իսկ առկա է

Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամը ստեղծում է հայկական արտադրության ապրանքների՝ դեպի Չինաստան արտահանման մշտական ​​ուղի՝ ձևավորելով կայուն համակարգ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի նախագահ Սերգեյ Ավանեսովը նշեց, որ անհրաժեշտ ենթակառուցվածքն արդեն իսկ առկա է։ 

Չինաստանում գործում է հիմնադրամին ամբողջությամբ պատկանող դուստր ձեռնարկություն՝ «Armenia China (Sichuan) Business Services Co., Ltd.» («Հայկական առևտրային տուն»)»։ Այն ունի ֆիզիկական ներկայացվածություն Ցինբայցզյանում (Չենդու), հայկական տաղավար և մաքսային պահեստներ, GACC-ի հավաստագրման, լոգիստիկայի և մաքսային ձևակերպման հաստատված ընթացակարգեր, 120 միլիոն դոլարի չափով կանոնադրական կապիտալ, գործնական լավ կապեր չինական բանկերի, ապահովագրական և լիզինգային ընկերությունների հետ։  

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ 2025 թվականի օգոստոսին կայացավ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը, որի ընթացքում ստորագրվեց ռազմավարական համագործակցության հուշագիրը։ Դրանում ընդգրկված են ընդհանուր դրույթներ, մինչդեռ «Հայկական առևտրային տուն»-ն առաջարկում է կոնկրետ լուծումներ։

«Երկու երկրների ղեկավարները ստեղծեցին հիմքը, իսկ մենք պետք է միս ու արյուն տանք այդ ամենին։ Դա չափազանց լուրջ փաստաթուղթ է, որի ներքո կարող են կիրառվել փոխգործակցության կոնկրետ մեխանիզմներ։ Չինաստանում հայկական ապրանքների շուկան ձևավորման փուլում է։ Ցանկացած կազմակերպություն, որն այժմ հիմնավոր դիրքեր կապահովի այնտեղ՝ լինի արտադրող, լոգիստիկ ծառայություններ մատուցող, թե բանկ, կստանա առավելություն գալիք տարիների համար։ Մենք չինական շուկա ենք մտնում ոչ թե պարզապես միանվագ խմբաքանակներ մատակարարելու, այլ արտահանման մշտական ​​միջանցք ստեղծելու նպատակով, ուստի ստեղծում ենք գործնական ենթակառուցվածք երկկողմ առևտրի համար, օգտագործում ենք ֆինանսական մեխանիզմներ՝ գործարքները հեշտացնելու նպատակով»,- ասաց Ավանեսովը։

Նրա խոսքով՝ այդ ամենը Հիմնադրամի համակարգված աշխատանքի մի մասն է՝ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության շրջանակում։ «Հայկական առևտրային տուն»-ը հաստատում է գործնական կապեր՝ մշակելով կոմերցիոն առաջարկներ՝ հիմնադրամի գործընկեր «Promexpo»-ի հետ համագործակցությամբ։ Դա նշանակում է, որ խոսքն այլևս ոչ թե պարզապես նախագծի, այլ իրական և գործող ուղու մասին է։

«Միաժամանակ մենք մեկնարկում ենք նաև փոխադարձ նախաձեռնություն՝ Հայաստանում հիմնելով «Չինական առևտրային տուն»։ Մինչ Ցինբայցզյանում գործող «Հայկական առևտրային տուն»-ը հայ արտադրողների համար ճանապարհ է հարթում դեպի Չինաստան, Երևանում «Չինական առևտրային տուն»-ը նախատեսված է ծառայելու որպես մուտքի հարթակ չինական ընկերությունների, ապրանքների, ներդրումների և տեխնոլոգիաների համար։ Սա երկկողմ գործընթաց է։ Ենթակառուցվածքն առկա է, իսկ արտադրողները՝ պատրաստ։ Այս պահին պակասող կարևորագույն օղակը հզոր ֆինանսական գործընկերն է։ Մենք հայկական բանկերին առաջարկում ենք բացառիկ կարգավիճակ՝ որպես ծրագրի շրջանակում իրականացվող բոլոր գործարքների ֆինանսական օպերատոր։ Սա դուրս է գալիս առանձին պայմանագրերի սպասարկման սահմաններից և իրական հնարավորություն է՝ ամրապնդելու բանկի դերն ու կարողությունները Չինաստանի ուղղությամբ՝ ձեռք բերելով ուղղակի հասանելիություն դեպի չինական բանկեր և հաստատվելով որպես հայկական արտահանումը դեպի Չինաստան սպասարկող բանկ»,- պարզաբանեց Ավանեսովը։

Նա տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա նոյեմբերին Չենդուում նախատեսվում է անցկացնել հայկական ապրանքների ցուցահանդես-տոնավաճառ, ինչը կդառնա հայկական արտադրանքը չինացի գնորդներին, դիստրիբյուտորներին և մանրածախ առևտրի ցանցերին ուղղակիորեն ներկայացնելու առաջին համակարգված միջոցառումը։

Զուգահեռաբար շարունակվում են Հայաստանում «Չինական առևտրային տան» գործարկմանն ուղղված աշխատանքները։ Ձևավորված արտահանման ուղին լիարժեքորեն ընդլայնելու համար անհրաժեշտ է ներգրավել համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին՝ առաջին հերթին Էկոնոմիկայի նախարարությանը, Արտաքին գործերի նախարարությանը և մաքսային մարմիններին։ Հատկապես կարևոր է պաշտոնական դիմում ներկայացնել չինական համապատասխան կառույցներին՝ ապրանքների սերտիֆիկացման և մաքսային ձևակերպման գործընթացների արագացման վերաբերյալ։

«Այժմ բանակցություններ ենք վարում մեր բոլոր պոտենցիալ արտահանողների հետ։ Դրանց թվում են, օրինակ, «Ջերմուկ Գրուպ»-ը, «Արտֆուդ»-ը, մոտ 60 ընկերություններ, որոնք ցանկանում են մուտք գործել չինական շուկա։ Չենդուում բացվում են նորանոր վրացական ռեստորաններ, մինչդեռ այնտեղ չկա գեթ մեկ հայկական ռեստորան։ Ցավոք, դեռ չեն իրականացվում հնարավորությունների լուրջ հետազոտություններ։ Չինաստանի հետ առևտրաշրջանառության համատքեստում արտահանումն այժմ կազմում է 2,1 միլիարդ դոլար, իսկ ներկրումը՝ 900 միլիոն դոլար։ Ացյալ տարի միայն էլեկտրական մեքենաների վաճառքը կազմել է 300 միլիոն դոլոր։ Այս տարի նախատեսում ենք Չինաստան ուղարկել հայկական արտադրության գյուղտեխնիկա։ Պետությունը մեզ ազատում է հարկերից։ Ցանկանում ենք Հայաստանում իրականացնել նաև չինական ընկերությունների ապրանքների լայն հավաքում։ ԱՄՆ-ն չինական ապրանքների համար սահմանել է 100 տոկոսի չափով մաքսատուրք, հետևաբար եթե այստեղ հավաքվի արտադրանքը, այն կդիտարկվի նաև որպես հայկական, և մեր առջև կբացվեն մեծ հնարավորություններ։ Հայաստանն, այդ առումով, կլինի լավ հարթակ ապրանքների ատրահանման համար»,- նշեց մեր զրուցակիցը։

Ավանեսովը շատ կարևորեց չինական կողմի ֆինանսավորման ներգրավումը տարբեր նախագծերի իրականացման գործում։ «Հայկական առևտրային տուն»-ն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել չինական առևտրային մեծ ցանցերի հետ, որոնք կգնեն ներկրվող ապրանքներն ու կզբաղվեն դրանց տարածմամբ ամբողջ երկրի տարածքով։

«Մեզ անհրաժեշտ է կայուն գործընկեր բանկ, ուստի բանակցություններ ենք վարում «Արդշինբանկ»-ի, «Ամիոբանկ»-ի և «Էվոկա բանկ»-ի հետ, որպեսզի բանկի աջակցությամբ ստեղծենք ապահովագրական և լիզինգային ընկերություններ։ Օրինակ՝ չինական լիզինգային ընկերություններից մեկը պատրաստ է մեզ այստեղ տրամադրել լիզինգ 5 տոկոսի չափով։ Այսօր լուծվում է գլոբալ խնդիր, որովհետև չինական կողմը ցանկանում է Հայաստանում հիմնել արտադրական ձեռնարկություններ։ Չինացիներն իրենց հերթին շահագրգռված են հայկական շուկա մուտք գործելու հեռանկարով՝ կազմակերպելով այնպիսի արտադրություններ, որոնք կլինեն փոխշահավետ»,- ասաց Ավանեսովը։

Նա հավաստիացրեց, որ իրենք հայկական շատ ընկերությունների համար պատրաստ են գտնել գործընկերներ Չինաստանում։ Իրենց արդեն իսկ դիմել են բազմաթիվ հյուրանոցներ, անշարժ գույքի գործակալություններ, հետևաբար Հիմնադրամն ու «Հայակական առևտրային տունը» դարձել են յուրատեսակ կամուրջ համագործակցության ճանապարհին։ «Չայնա Սաութերն» ավիաընկերությունն արդեն մտածում է Երևան-Ուրումչի ուղղությունից հետո նաև Երևան-Շանհայ ուղին գործարկելու մասին, ինչը մեծապես կխթանի երկկողմ հարաբերությունները։ Արդեն իսկ բազմապատկվել են դեպի Չինաստան կանոնավոր չվերթները՝ դառնալով շուրջօրյա։ Նախորդ տարի Հայաստան ժամանեցին 35 հազար չինացի զբոսաշրջիկներ, այս տարի նրանց քանակը, կանխատեսումների համաձայն, կհասնի 100 հազարի։ Չինաստանն այդ առումով Ռուսաստանից հետո կլինի երկրորդ երկիրը։

«Համագործակցում ենք նաև չինական մեծ լոգիստիկ ընկերությունների հետ, որոնք ներկայացուցչություններ ունեն ամբողջ աշխարհում։ Մենք կարող ենք հայկական ապրանքները մատչելի գներով երկու շաբաթում հասցնել Չինաստան։ Բացի օդային հաղորդակցությունից, կա նաև երկաթուղային կապի հնարավորություն, որովհետև Չենդուն ունի նաև լավ զարգացած երկաթգծերի միջազգային հանգույց։ Նրանք պատրաստ են ապրանքները տեղափոխել, դա նրանց խնդիրն է։ Մենք Չինաստանում ունենք պատրաստի հսկայածավալ բազա, որտեղ կարող ենք ապրանքները պահեստավորել ու տեղաբաշխել։ Մեզ պետք է պետության աջակցությունը։  Ապրանքների սերտիֆիկատացումը սովորաբար տևում է մոտ երեք ամիս։ Եթե մեր մաքսային ծառայությունը դիմի չինացի գործընկերներին, ապա պատրաստ ենք աջակցել և սերտիֆիկացման հարցերը լուծել մեկ շաբաթում։ Օրինակ՝ շատ դժվար է Չինաստան ներկրել ծխախոտ, մինչդեռ մենք պայմանավորվել ենք «Դյութի ֆրի» ցանցերի միջոցով այդ ապրանքատեսը տարածել»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա հավելեց, որ «Հայկական առևտրային տունը» մտածում է նաև հայկական ձկնամեթերքն արտահանելու և Չինաստանում պահածոյացնելու մասին, որովհետև այնտեղ այդ ոլորտը նույնպես շատ զարգացած է։  

«Ունենք նաև մեկ այլ բազա, որը տեղակայված է Հայնանում։ Այնտեղ կարող ենք մեծածախ ապրանքներ ուղարկել և տեղում փաթեթավորել։ Հայնանում շուտով բացելու ենք նաև պաղպաղակի արտադրության գործարան։ 15 միլիոն դոլար արժողությամբ սարքավորումների համար չինական կողմը մեզ տրամադրում է բավականին հարմարավետ վարկ՝ տարեկան մեկ տոկոս դրույքաչափով։ Մենք գիտենք խաղի կանոնները, հետևաբար կարող ենք գործընկերներին ամեն ինչ հստակ բացատրել և ուղղորդել։ Հայկական շատ բանկեր արտասահմանում մասնաճյուղեր չունեն, մինչդեռ վաղուց արդեն ժամանակն է դուրս գալ միջազգային ասպարեզ։ Այսօր կարիք ունենք այնպիսի գործընկեր բանկի, որին չինական բանկերը կտրամադրեն գումարներ՝ հայկական ապրանքների նպատակային գնումների համար։ Դա իդելական տարբերակ է, որովհետև կհաստատվի գործուն և ամբողջական շղթա»,- եզրափակեց Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի նախագահը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում