Հայաստան

Դիլիջանի Art Park նախագիծն ընդգրկվել է World Architecture Festival Awards 2026-ի եզրափակիչ փուլ

7 րոպեի ընթերցում

Դիլիջանի Art Park նախագիծն ընդգրկվել է World Architecture Festival Awards 2026-ի եզրափակիչ փուլ

Դիլիջանում Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրում ներառված Art Park նախագիծն ընդգրկվել է աշխարհի ամենահայտնի ճարտարապետական մրցույթներից մեկի՝ World Architecture Festival (WAF) Awards 2026-ի եզրափակիչ փուլում։ Նախագիծը ներկայացված է Future Projects -Leisure Led Development անվանակարգում, որը ներառում է ապագայի համար նախատեսված հանգստի, ժամանցի և հանրային տարածքների նախագծեր։

Art Park-ի գաղափարը մշակել է միջազգային Wowhaus ճարտարապետական ստուդիան։ Նախագիծը Դիլիջանում ստեղծելու է ժամանակակից հանրային տարածք, որտեղ կմիավորվեն արվեստը, մշակույթը, հանգիստը, սպորտը և համայնքային կյանքը։ Art Park-ը Դիլիջանում Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրի կարևոր հատվածներից մեկն է։ Համալիրում ներառված են նաև Հայաստանում առաջին Hyatt Regency Dilijan հյուրանոցը, համերգասրահը, PPLS Rooms քոլիվինգը, Villa 3 community hub-ը, Cabinet սրճարան-ռեստորանը և Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցը։

Art Park-ի մասին

Այգին նախատեսված է ոչ միայն զբոսանքի, այլև տարբեր միջոցառումների անցկացման ու առօրյա հանգստի համար։ Այգին կունենա կենտրոնական հրապարակ՝ համերգների, ցուցահանդեսների, փառատոնների, տոնավաճառների և այլ միջոցառումների համար, արտ-ռեզիդենցիա՝ արվեստագետների և երաժիշտների աշխատանքի, ստեղծագործական հանդիպումների ու վարպետության դասերի համար, բացօթյա ամֆիթատրոն՝ համերգասրահի հարևանությամբ, երեխաների համար հատուկ գոտի, որը նախագծվելու է որպես մեծածավալ արվեստի օբյեկտ, տարածքներ յոգայի, մեդիտացիայի և սպորտի համար, ինչպես նաև այգում տեղադրվելու են հայ և միջազգային արվեստագետների մշտական ու ժամանակավոր արվեստի գործեր և ինստալյացիաներ։

Art Park-ի տարածքը կկազմի 5,72 հա։ Այգու տարբեր հատվածները միմյանցեն կապվելու 3 հիմնական երթուղիներով՝ մշակութային և կրթական, էկոլոգիական և մարզական։ Նախատեսվում է կառուցել նաև հեծանվային արահետ։

Նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նոր տարածքը պետք է բնականորեն միաձուլվի Դիլիջանի լանդշաֆտին։ Դիտակետերը, հանգստի գոտիները, թեթև կամուրջներն ու արահետները նախագծվելու են՝ հնարավորինս պահպանելով տարածքի բնական միջավայրը։

Դիլիջանի պատմությունն ու բնությունը՝ նախագծի հիմքում

Art Park-ի գաղափարը կապված է Դիլիջանի պատմության հետ։ Տարիներ շարունակ քաղաքը գրավել է գրողների, նկարիչների, երաժիշտների և կոմպոզիտորների՝ ձևավորելով Դիլիջանի մշակութային առանձնահատուկ կերպարը։

Այս պատմությունն արտացոլվելու է նաև այգու ճարտարապետության մեջ։ Թեթև տաղավարների ձևավորումը հղում է կատարում Դիլիջանի ավանդական ճարտարապետությանը, մասնավորապես՝ քաղաքի հայտնի փայտե պատշգամբներին։ Նախագծում նախատեսվում է օգտագործել նաև փայտ և հայկական հրաբխային տուֆ, որպեսզի նոր կառույցները ներդաշնակ լինեն քաղաքի բնական և ճարտարապետական միջավայրին։

Մրցույթի մասին

World Architecture Festival-ը աշխարհի ամենահայտնի ճարտարապետական մրցույթներից մեկն է։ Մրցույթի առանձնահատկությունն այն  է, որ նախագծերի գնահատումն իրականացվում է բաց, առերես քննարկումների ձևաչափով։ Ամեն տարի փառատոնը մեկ հարթակում է հավաքում աշխարհի առաջատար ճարտարապետներին և դիզայներներին։

WAF 2026-ի ժյուրիի կազմում են Peter Cook Studio-ի հիմնադիր Փիթեր Քուքը, BIG - Bjarke Ingels Group-ի գործընկեր Կայ-Ուվե Բերգմանը, Herzog & de Meuron-ի ավագ գործընկեր Օլգա Բոլշանինան և չիլիացի ճարտարապետ Կասու Սեգերսը։

World Architecture Festival 2026-ը կանցկացվի նոյեմբերի 18-20-ը Ֆորտ Լոդերդեյլում, Ֆլորիդա, ԱՄՆ։ Տարբեր տարիներին փառատոնը հյուրընկալել են Մայամին, Սինգապուրը, Լիսաբոնը, Ամստերդամը, Բարսելոնան և Բեռլինը։

Green Rock-ի մասին

Green Rock-ը Դիլիջանում գործունեություն ծավալող դեվելոփերական ընկերություն է, որն իրականացնում է նախագծեր անշարժ գույքի, զբոսաշրջության, հյուրընկալության, մշակույթի, կրթության և հանրային ենթակառուցվածքների ոլորտներում։ Green Rock-ի ներդրումային պորտֆելը կազմում է 160 միլիոն ԱՄՆ դոլար, որից ավելի քան 30 միլիոն դոլարն արդեն ներդրվել է։ Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է չորս ռազմավարական ուղղություններով՝ Development, Operations, Investments և Foundation։

Ընկերության պորտֆելում ներառված են ավելի քան 15 բիզնես-նախագիծ և 10 սոցիալական նախաձեռնություն, որոնք ներառում են հայեցակարգերի մշակում, շինարարություն, օպերացիոն կառավարում, ներդրումային գործունեություն և տեղական համայնքների զարգացման ծրագրեր։

Նախագծերի իրականացման ընթացքում Green Rock-ը կիրառում է նախագծման և շինարարության ոլորտում միջազգային մոտեցումներ, այդ թվում՝ EDGE կայուն շինարարության ստանդարտը, FIDIC պայմանագրային կառավարման սկզբունքները և բրիտանական շինարարական ստանդարտները։

Wowhaus-ի մասին

Wowhaus ճարտարապետական բյուրոն 2008 թվականին Մոսկվայում հիմնադրել են Օլեգ Շապիրոյը և Դմիտրի Լիկինին

Բյուրոն մասնագիտացած է քաղաքային տարածքների վերափոխման և այնպիսի միջավայրերի ստեղծման մեջ, որտեղ ձևավորվում է ակտիվ հասարակական կյանքը։ Բյուրոյի մոտեցման հիմքում սցենարային մտածողությունն է․ ճարտարապետությունը դիտարկվում է որպես տարածքների, գործառույթների և քաղաքային իրադարձությունների համակարգ, որոնք գործում են փոխկապակցված։

Այսօր Wowhaus-ն աշխատում է տարբեր նախագծերի վրա՝ խոշոր քաղաքային և արդյունաբերական տարածքների գլխավոր հատակագծումից մինչև մշակութային և հանրային օբյեկտների ճարտարապետություն, բարեկարգում և քաղաքային ենթակառուցվածքների ստեղծում։

Բյուրոյի պորտֆելում ներառված է ավելի քան 500 նախագիծ՝ 8 երկրում, որոնցից ավելի քան 30%-ն արդեն իրականացվել է։ Wowhaus-ի գրասենյակները գործում են Մոսկվայում և Երևանում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում