Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում
1 րոպեի ընթերցում

Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Մարտին Բրիանսի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳՄԱ նախարարությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության խորացման հարցեր:
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ընդլայնված լիազորությունների համատեքստում կարևորվել է միջազգային առևտրի ոլորտում փորձի փոխանակումը, այդ թվում՝ արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և գործարար կապերի զարգացման ուղղություններով։
ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը կարևորել են դիվանագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցությունը՝ անդրադառնալով երկու երկրների դիվանագետների միջև փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։