Հայաստան

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

4 րոպեի ընթերցում

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարել է, որ լրատվամիջոցներում և տեղեկատվական տարբեր հարթակներում տարածվում են հաստատության գործունեության ու Պաշտպանին դիմելու ընթացակարգերի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կամ փաստական անճշտություններ պարունակող տեղեկություններ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրությունը, պարզաբանումներից մեկը վերաբերում է ազատությունից զրկված անձ Ա. Բ.-ի հարցով հաստատության անգործության մասին հրապարակումներին։

Աշխատակազմից հայտնել են, որ այս հարցով նախ դիմել է անձի փաստաբանը, ապա Պաշտպանի թեժ գծին ստացվել է հեռախոսազանգ՝ նրա հացադուլի վերաբերյալ։ Դիմումի հիման վրա ուսումնասիրվել են բարձրացված հարցերը, այդ թվում՝ առողջական վիճակին և անհրաժեշտ բժշկական օգնությանը վերաբերող հանգամանքները։

«ՄԻՊ մանդատի շրջանակներում իրականացվել և շարունակվում է իրականացվել ուսումնասիրություն, հարցը գտնվում է Պաշտպանի հաստատության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Հաշվի առնելով ստացված տեղեկատվության զգայունությունը, ինչպես նաև անձին առնչվող՝ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ պարունակելու հանգամանքը, ուսումնասիրության ընթացքն ու արդյունքները չեն ներկայացվում հրապարակային»,– նշված է հաղորդագրությունում։

Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ փաստաբանին ուղարկվել է միջանկյալ գրավոր պատասխան։

Աշխատակազմը նաև ընդգծել է, որ Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ կոնկրետ գործով դատավորների լիազորությունների իրականացմանը։

Հաղորդագրության մյուս պարզաբանումը վերաբերում է անհատական բողոքների ներկայացման պահանջներին։ Ըստ աշխատակազմի՝ հրապարակումներից մեկը կարող է տպավորություն ստեղծել, թե գրավոր բողոքը ստորագրելու պահանջը ձևական է և կարող է չպահպանվել։

«Գրավոր բողոքը պետք է լինի ստորագրված՝ ներառելով բողոք ներկայացնող անձի ազգանունը, անունը, բնակության վայրը (հասցեն) կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը և հետադարձ կապի վերաբերյալ տվյալներ։ Բողոքի համար որևէ այլ հատուկ ձև չի սահմանվում»,– աշխատակազմը հիշեցրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի պահանջը։

Բողոքը կարող է ներկայացվել գրավոր կամ բանավոր, դրա համար պետական տուրք չի գանձվում։ Այն ներկայացնելու ժամկետը մեկ տարի է այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին։

Առցանց բողոք կարելի է ուղարկել [email protected] պաշտոնական էլեկտրոնային հասցեին։ Այն նույնպես պետք է լինի ստորագրված և պարունակի դիմողի ու հետադարձ կապի անհրաժեշտ տվյալները։

Աշխատակազմի պարզաբանմամբ՝ այս պահանջը լրացուցիչ երաշխիք է նաև անձնական տվյալների պաշտպանության համար, քանի որ ներկայացված բողոքը հիմք է Պաշտպանի կողմից անհրաժեշտ անձնական տվյալներն օրենքով սահմանված կարգով ստանալու համար։

ՄԻՊ աշխատակազմը լրատվամիջոցներին և մյուս դերակատարներին հորդորել է հաստատության գործունեության վերաբերյալ հրապարակումներ պատրաստելիս առաջնորդվել փաստերի ճշգրտության ու հավաստիության սկզբունքներով և անհրաժեշտության դեպքում դիմել աշխատակազմ՝ տեղեկություն կամ պարզաբանում ստանալու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում