Միացյալ Նահանգներ

Չինաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան կազմակերպությունների դեմ

3 րոպեի ընթերցում

Չինաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան կազմակերպությունների դեմ

Չինաստանի կառավարությունը սահմանափակումներ է մտցրել ԱՄՆ վեց կազմակերպությունների նկատմամբ՝ ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների, որոնք ընդունվել են «հարկադիր աշխատանքի» մեղադրանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի առևտրի նախարարությանը։

Ինչպես նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ, հակազդեցության միջոցները վերաբերում են Applied DNA Sciences, Stratum Reservoir, Altana Technologies, Responsible Business Alliance, Verite Group ընկերություններին, ինչպես նաև Human Rights in China կազմակերպությանը։

«Վերջին ժամանակներս ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի ձեռնարկությունների նկատմամբ՝ այսպես կոչված հարկադիր աշխատանքի պատրվակով, ինչը միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերի կոպիտ խախտում է։ Դա նաև լուրջ ոտնձգություն է մեր երկրի ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերի դեմ», - ընդգծվում է հայտարարության մեջ։

Վերոնշյալ ամերիկյան կազմակերպությունները, ինչպես նշում է Առևտրի նախարարությունը, «օգնել և աջակցել են Միացյալ Նահանգների անօրինական պատժամիջոցներին Սինծիանի նկատմամբ», ինչը «չափազանց բացասական ազդեցություն» է ունեցել։

Չինաստանի իշխանություններն արգելում են գործարքներ կնքել այդ ընկերությունների հետ և իրականացնել որևիցե համագործակցություն։

Նախարարությունը նաև հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները կխստացնեն արտահանման վերահսկողության միջոցներն ԱՄՆ արտահանվող այն արտադրանքի նկատմամբ, որը կապված է անօդաչու թռչող սարքերի հետ։

Ինչպես պարզաբանվում է հայտարարության մեջ, որոշումը կայացվել է Չինաստանի արտահանման վերահսկողության և կրկնակի նշանակության ապրանքների մասին համապատասխան ազգային ակտերի հիման վրա:

Դա վերաբերում է ինչպես ԱՄՆ անօդաչու թռչող սարքերի, այնպես էլ դրանց հիմնական բաղադրիչների մատակարարումներին:

ԱՄՆ-ն հայտարարել է հուլիսի 31-ից Չինաստանի ևս 43 ընկերության (հանքարդյունահանման և ագրարային հատվածների ձեռնարկություններ, տրանսպորտի ոլորտի, մետալուրգիայի և ծովամթերքի վերամշակման բնագավառի  ձեռնարկություններ) արտադրանքի ներմուծման արգելքի մասին՝ Սինծիան-Ույղուրական ինքնավար շրջանում մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով։ Ընդհանուր առմամբ, սև ցուցակում ներառված է 187 չինական կազմակերպություն, որոնց, չնայած Պեկինի կողմից հերքումներին, Վաշինգտոնը մեղադրում է «մարդու իրավունքների լուրջ խախտումների և ցեղասպանության» մասնակից լինելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում