Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տևել է մեկուկես ժամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրեմլի տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը։
Հեռախոսազրույցը կայացել է հոկտեմբերի 9-ի երեկոյան՝ Պուտինի՝ Թուրքմենստանից վերադառնալուց հետո։
«Բավականին հագեցած, կասեի՝ բարեկամական զրույցը տևեց մեկուկես ժամ։ Ոչ ոք չէր ցանկանում առաջինը վայր դնել լսափողը»,– ասել է Ուշակովը։
Ուկրաինայի հարցով Ուշակովը հայտնել է, որ Պուտինը Թրամփին ասել է՝ Ռուսաստանը կդիտարկի, թե երբ հնարավոր կլինի վերսկսել Ռուսաստան–Ուկրաինա–ԱՄՆ եռակողմ բանակցությունները։ ՌԴ նախագահի օգնականի փոխանցմամբ՝ Պուտինը բանակցությունների անհապաղ վերսկսման խոչընդոտը կապել է Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ուկրաինական հարձակումների հետ։
Երկու երկրների առաջնորդները նաև քննարկել են տնտեսական խոշոր նախաձեռնությունների նախապատրաստումը, այդ թվում՝ ամերիկյան և համաշխարհային շուկաներ ռուսական նավթամթերքի հնարավոր մատակարարումները։
Անդրադառնալով Իրանին՝ Պուտինը ողջունել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև շարունակվող երկխոսությունը։ Ուշակովի խոսքով՝ Թրամփն իր հերթին ողջունել է Իրանի շուրջ իրավիճակի կարգավորման գործում Մոսկվայի ներգրավվածությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ ևս անդրադարձել էր իր և ՌԴ նախագահի հեռախոսազրույցին՝ այն բնութագրելով «չափազանց հաջող քննարկում»։ Truth Social սոցիալական ցանցի իր էջում նա գրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկման արդյունքում պայմանավորվել են ռուսական դիզելային վառելիք մատակարարել ամերիկյան և համաշխարհային շուկաներ։