Ռուսաստան

ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ

Նոյեմբերի 24-ի գիշերվա ընթացքում Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 699 անօդաչու թռչող սարք Ռուսաստանի վեց շրջաններում, Ղրիմում և Սև ծովի երկնքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ նոյեմբերի 23-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 24-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 355 անօդաչու թռչող սարք։ Ըստ պաշտոնյայի՝ Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է 63 ԱԹՍ։

Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 24-ի առավոտյան հայտարարել են, որ Ռուսաստանը գիշերը երկրի ուղղությամբ արձակել է 96 անօդաչու թռչող սարք. ժամը 08:00-ի դրությամբ դրանցից 73-ը խոցվել կամ ճնշվել է, այդ թվում՝ 45 ռեակտիվ ԱԹՍ։ Հայտարարության համաձայն՝ հարվածներ են գրանցվել 13 վայրերում։

BBC-ի ռուսական ծառայությունն էլ, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ Զապորոժիեում գիշերը ռուսական ուժերը հարվածներ են հասցրել հինգհարկանի բնակելի շենքի և մասնավոր տան. հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 40-ը։

Նաև ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ժիտոմիրի մարզի «Կորոստեն» կայարանին, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երկուսը վիրավորվել է։ Հարվածի պահին կայարանի մոտակայքում գտնվել է էլեկտրագնացք։ Իրականացվել է տարհանում, մարդիկ դուրս են բերվել կայարանի շենքից և ուղարկվել ապաստարան։

Հաղորդվում է նաև, որ Կիևի մարզի Դիմեր բնակավայրին նոյեմբերի 22-ին հասցված ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում