Էստոնացի դիվանագետը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Տալլինի կողմից սահմանային անցակետերը փակելու որոշման պատճառով
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարեկ Յուհտեգին նոյեմբերի 23-ին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Նոյեմբերի 23-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանում Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ կապված Ռուսաստանի հետ սահմանի անցակետերը փակելու մասին Էստոնիայի իշխանությունների որոշման հետ», - ասվում է հաղորդագրության մեջ։
«ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը հայտնել է, որ պաշտոնյան 30 րոպե անց հեռացել է գերատեսչությունից: Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
Էստոնիայի կառավարությունը նոյեմբերի 20-ին կայացած նիստում որոշում է ընդունել դեկտեմբերի 1-ից փակել էստոնա-ռուսական ավտոմոբիլային սահմանային անցակետերը։ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի խոսքով՝ որոշման ընդունման համար հիմք են դարձել «Ռուսաստանի թշնամական գործողությունները, այդ թվում՝ պաշտպանական ձեռնարկությունների վրա իրականացված գրոհները»։