Աշխարհ

Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցությունը համարում է ավելի հուսալի անվտանգության մեխանիզմ, քան դաշինքի 5-րդ հոդվածի օրինակով երաշխիքները

3 րոպեի ընթերցում

Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցությունը համարում է ավելի հուսալի անվտանգության մեխանիզմ, քան դաշինքի 5-րդ հոդվածի օրինակով երաշխիքները

Ուկրաինայի լիիրավ անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է լինել ավելի արդյունավետ և հուսալի անվտանգության մեխանիզմ, քան այն երաշխիքները, որոնք ապահովում է դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածը (խմբ.՝ հավաքական անվտանգության սկզբունքը)։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, այս մասին նոյեմբերի 23-ին Գերմանիայի խորհրդարանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 72-րդ տարեկան նստաշրջանի իր ելույթում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Եթե արդեն լիովին նորմալ է հնչում, որ այս պատերազմից հետո խաղաղ կյանքի հիմնական պայմաններից մեկն Ուկրաինայի համար ամուր անվտանգության երաշխիքներն են, որոնք ոմանք այժմ անվանում են 5-րդ հոդվածին նման երաշխիքներ, ապա ինչո՞ւ բարձրաձայն չասել այն, ինչ այդքան շատ մարդիկ մտածում են։ Ավելի արդյունավետ չէ՞ր լինի պարզապես ընդունել Ուկրաինային ՆԱՏՕ։ Դա ավելի լավ չէ՞ր լինի մեզ բոլորիս համար, ավելի էժան կլիներ իրականացնել և ավելի հուսալի կլիներ իրական անվտանգության պաշտպանության հարցում», - ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Ուկրաինան արդեն իսկ կիսում է նույն արժեքներն Արևմուտքի հետ և համագործակցում է իր գործընկերների հետ պաշտպանության ոլորտում, մասնավորապես՝ օգտագործում է համատեղ պաշտպանական կարողությունները։ Զելենսկին հավելել է, որ ուկրաինական բանակի փորձը կարող է դաշինքն ավելի ուժեղ դարձնել։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ Կիևը ստանա հստակ պատասխաններ այն մասին, թե որ երկրները կաջակցեն իրեն Ռուսաստանի նոր հարձակման դեպքում և ինչ կոնկրետ գործողություններ կձեռնարկեն գործընկերները։ Նա հավելել է, որ երաշխիքների համակարգը պետք է ապահովի երկարատև խաղաղություն և կանխի Ռուսաստանի նոր հարձակումը։

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը և ապագա անվտանգության համակարգի պարամետրերը Ռուսաստանի կողմից Ուկրաինայում մղվող պատերազմի ավարտի հիմնական հարցերից մեկն են։ Կրեմլը կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները X սոցիալական ցանցում հայտարարել էր, Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատման համար կարևոր է ունենալ անվտանգության այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք ապահովում է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը։ Քուշները նշել էր, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել նման երաշխիքները, ինչը կարող է վկայել խաղաղության հասնելու Կրեմլի լուրջ մտադրությունների մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում