Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվել
2 րոպեի ընթերցում

Ամերիկայի երկրներում կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է հաստատվել 2026 թվականի սկզբից ի վեր, ինչը մի քանի անգամ անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահության համաամերիկյան կազմակերպությունը, որը կատարում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային բյուրոյի գործառույթները։
Ինչպես նշել է կազմակերպությունը, «տարվա առաջինից մինչև 45-րդ համաճարակաբանական շաբաթվա ընթացքում, որն ավարտվել է նոյեմբերի 14-ին, կարմրուկի 58 795 հաստատված դեպք է արձանագրվել Ամերիկյան տարածաշրջանի 17 երկրում և տարածքում, ինչը 4,7 անգամ գերազանցում է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը»։
Գվատեմալային (34 860 հիվանդացած), Մեքսիկային (14 087), ԱՄՆ-ին (5412), Պերուին (2985) և Կանադային (1128) բաժին է ընկնում հիվանդության հաստատված դեպքերի ճնշող մեծամասնությունը (99,5%)։
Տարեսկզբից ի վեր տարածաշրջանում կարմրուկից մահացել է 84 մարդ. Գվատեմալայում գրանցվել է 53 մահվան դեպք, Մեքսիկայում՝ 23, ԱՄՆ-ում՝ 6, իսկ Պերուում և Բոլիվիայում՝ 2-ական։
Ավելի վաղ Առողջապահության համաամերիկյան կազմակերպությունը տեղեկացրել էր, որ Բոլիվիան, Մեքսիկան և ԱՄՆ-ն կորցրել են իրենց կարգավիճակը որպես երկրներ, որտեղ կարմրուկը վերացված է։ Այդ որոշումը կայացվել է անկախ հանձնաժողովի աշխատանքի արդյունքներով, որը նոյեմբերի 10-13-ն անցկացրել է Ամերիկյան տարածաշրջանում հիվանդության իրավիճակի գնահատում:
Կարմրուկն ամենավարակիչ վիրուսային հիվանդություններից մեկն է։ Այն համարվում է մանկական հիվանդություն, սակայն դրանով հիվանդանում են նաև մեծահասակները։ Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Կարմրուկը վտանգավոր է այնպիսի բարդություններով, ինչպիսիք են ականջաբորբը, մենինգիտը և էնցեֆալիտը: